HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վարդան Համբարձումյան. «Ունենք մոտ 40-ից ավելի սպանդանոցներ, բայց 23-ն են, որոնք խոշոր եղջերավոր անասունների համար կարող են ծառայել»

«Սպանդանոցային ստանդարտների անցնելու առումով դեռևս 2006 թվականից, Կառավարության որոշմամբ, ունենք սպանդանոցների կարգի, աշխատանքի ձևի վերաբերյալ համապատասխան պահանջներ։ Վերջին օրերին երկուստեք մեղադրանքներ են հնչում, ցավոք, դրանք շատ սուբյեկտիվ են։ Մի կողմը մեղադրում է, որ Կառավարությունը պատրաստ չի նմանատիպ օրենք իրագործելու, մյուս կողմը օբյեկտիվ պահանջներ է դնում, որ ինքը հնարավորություններ չունի անասունին սպանդանոց հասցնելու»,- այսօր մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողներին հայտնեց Հանրային խորհրդի գյուղատնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ, Գյուղատնտեսական ասոցիացիաների ֆեդերացիայի նախագահ Վարդան Համբարձումյանը։

Նրա խոսքով՝ Հանրային խորհրդի նախագահ Ստեփան Սաֆարյանի հետ փորձել են հայտարարությամբ հանդես գալ, որ իրենք պատրաստ են քննարկումներին մասնակցել, հասկանալու, թե իրականում ինչ է անհրաժեշտ, որ պարտադիր մորթը լինի կիրառելի։

«Ունենք մոտ 40-ից ավելի սպանդանոցներ, բայց 23-ն են, որոնք խոշոր եղջերավոր անասունների համար կարող են ծառայել։ Խոշոր եղջերավորների դեպքում առանձին պահանջներ են՝ ունենալ ավելի բարձր սպանդանոց, համապատասխան կռունկներ ու քարշակներ»,- նշեց Վարդան Համբարձումյանը։

Հունվարի 15-ից մորթը պետք է լիներ սպանդանոցներում, նույնիսկ այն տարածքներում, որտեղ հնարավոր է սպանդանոցում իրականացնել մորթը, սպանդանոցների քիչ քանակության պատճառով առաջանում են կուտակումներ։

Ֆերմերների բարձրացած խնդիրը հետևյալն է՝ հեռավորություն, որը լրացուցիչ ծախսեր է պահանջում գյուղացիական տնտեսություններից։

Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունն ունի համապատասխան հուշագիր սպանդանոցների հետ, ըստ որի՝ մինչև 30 կմ տեղափոխումը պետք է լինի անվճար, բայց 30 կմ-ից հետո լրացուցիչ ծախսեր են պահանջվում։

Վարդան Համբարձումյանը հեռավորությունը պատկերացնելու համար բերեց 2 մարզի օրինակ՝ Շիրակի մարզում խոշոր եղջերավորների համար մեկ սպանդանոց կա՝ Արդենիս համայնքում։ Արագածոտնի մարզում Հարթավանն է, բայց Թալինի շրջանից անասնագլխաքանակի տեղափոխումը Հարթավան, բավականին հեռու է։ Տավուշում միայն Նոյեմբերյանն է։

«Ո՞նց եք պատկերացնում Մովսես գյուղից կամ Ներքին Կարմիրաղբյուրից ինչպես կարող է գյուղացին հասնել, բնականաբար լրացուցիչ ծախսեր են լինելու»։

Գյուղացիական տնտտեսությունների համար խնդիրը նաև բարձումն ու բեռնաթափումն է։ Եթե մեքենաները հարմարեցված չեն տվյալ գործունեության համար, լուրջ ջանքեր են պահանջվում անասնագլխաքանակը բարձելու և իջեցնելու համար։ Ըստ կանոնակարգի, երբ այդ գործընթացը պետք է իրականացվեր սպանդանոցների կողմից, գյուղացիական տնտեսություններին տեղեկացրել են, որ լավագույն դեպքում տրամադրում են միայն մեքենան․

«Մեքենան մեկ վարորդով գալիս է, մնացած գործը պետք է կազմակերպվի ֆերմերների կողմից»։

Մենք բավարար քանակի սպանդանոցներ դեռ չունենք, պետք է ստեղծել հնարավորություններ՝ սպանդանոցները գյուղացիական տնտեսություններին մոտեցնելու համար։

«ՄԱԿ-ի ուսումնասիրություններով այն մսամթերքը, որը ենթադրվում է՝ պետք է սպանդանոցային մորթի ենթարկվի, մեր ունեցած մսամթերքի 65-70 %-ն է կազմելու, մնացածը սեփական կարիքների օգտագործման համար ֆերեմերները սպանդանոց չեն հասցնի։ Եթե սկզբնական շրջանում այն ծախսերը, որոնք ենթադրվում է, որ պետք է գյուղացին իրականացնի, սուբսիդավորվի, ապա համոզված եմ, որ անգամ սեփական կարիքների համար օգտագործվող միսը նույնպես սպանդանոցում կմորթեն»,- ասաց Գյուղատնտեսական ասոցիացիաների ֆեդերացիայի նախագահը։

Անդրադառնալով այն հարցին, որ որոշ սպանդանոցներ աշխատում են իրանցիների հետ, և դա է պատճառը, որ խոզի մորթ չեն իրականացնում՝ նա նշեց, որ դրանք հալալ մորթ կազմակերպող սպանդանոցներ են, և, որպես անկախ տնտեսվարող սուբյեկտներ, որևէ մեկը չի կարող պարտադրել, որ նրանք խոզի մորթ կազմակերպեն։

Լուսանկարում՝ Վարդան Համբարձումյանը

Մեկնաբանություններ (1)

Ռոման
Բարև ձեզ, եթե մենք ունենք ֆերմա ու ցանկանում ենք ունենալ մեր սպանդանոցը?

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter