HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ստեղծվել է Բալթյան երկրների հայոց թեմ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը տեղեկացնում է, որ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի՝ հունվարի 24-ի Հայրապետական սրբատառ կոնդակով Լատվիայի, Լիտվայի և Էստոնիայի Հանրապետությունների հայկական եկեղեցական համայնքների՝ Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմից առանձնացումով ստեղծվեց Բալթյան երկրների հայոց թեմը: Նորաստեղծ թեմի առաջնորդ նշանակվեց Գերաշնորհ Տ. Վարդան եպիսկոպոս Նավասարդյանը:

Հայրապետական կոնդակում մասնավորապես ասված է.                        

«Գոհութիւն ենք յայտնում Ամենակալն Աստծուն, որ մեր Սուրբ Եկեղեցին իր դարաւոր առաքելութեան արդիւնաւորմամբ այսօր նոր ձեռքբերումներով է զարդարում իր սպասաւորութիւնը հաւատաւոր մեր ժողովրդին ի հայրենիս և ի սփիւռս՝ առաջնորդելով իր զաւակներին փրկութեան Տէրունաշնորհ ճանապարհով:

Ուրախութիւն է Հայրապետիս համար, որ աշխարհի տարբեր երկրներում հաստատուած մեր համայնքներում հիմնադրուում են նաև նոր ծուխեր, որոնք նպաստում են հոգևոր-եկեղեցական կեանքի զօրացմանն ու առաջընթացին: Գոհունակութեամբ ենք անդրադառնում, որ Բալթեան երկրների հայկական ծուխերն ու համայնքները տարիներ շարունակ եղել են Ռուսաստանի և Նոր Նախիջևանի Հայոց թեմի հոգևոր խնամքի ու հոգածութեան ներքոյ, և շնորհիւ թեմակալ առաջնորդ Գերաշնորհ Տ․ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսեանի ներդրած գովելի ջանքերի՝ բարեզարդուել է տեղի հայութեան հոգևոր-եկեղեցական կեանքը։ Հայրապետական այսու Կոնդակով գոհունակ սրտով Լատուիայի, Լիտուայի և Էստոնիայի Հանրապետութեանց հայկական եկեղեցական համայնքների միաւորումով հաստատում ենք Բալթեան երկրների հայոց թեմը՝ առաջնորդանիստ կենտրոն ունենալով Ռիգա քաղաքը: Բալթեան երկրների հայոց թեմի առաջնորդի պաշտօնում ծառայութեան ենք կոչում Գերաշնորհ Տ․ Վարդան եպիսկոպոս Նաւասարդեանին։ Հայրաբար յորդորում ենք Տիրախնամ թեմի հաւատաւոր Մեր զաւակներին, որ ըստ ամենայնի սիրով աջակից լինեն Թեմակալ Առաջնորդին` ի շինութիւն և ի պայծառութիւն նորաստեղծ թեմի: Վստահ ենք, որ միասնական իրագործումներով, նոր յաջողութիւններով,  եկեղեցականաց և նրանց լծակից Մեր եկեղեցանուէր հայորդեաց եռանդուն գործունէութեամբ պիտի բարգաւաճի նորահաստատ թեմը, զօրանա հոգևոր խնամքը Մեր սիրելի զաւակների և պայծառանայ նրանց ազգային ու եկեղեցական կեանքը: 

Թեմի հաստատման այս ուրախ առիթով շնորհաւորում և Հայրապետական Մեր օրհնութիւնն ենք բերում թեմի հոգևոր դասին, եկեղեցական վարչութեանց բարեջան անդամներին և բարեպաշտ հ աւատացեալներին:

Աղoթում ենք առ Ամենակալն Աստուած, որ միշտ շէն ու բարօր պահի Բալթեան երկրների Հայոց թեմը և յաւէտ պայծառ ու անսասան՝ Հայաստանեայց Առաքելական մեր Սուրբ Եկեղեցին:

«Շնո՛րհք Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի եւ սէրն Աստուծոյ ընդ ձեզ ամենեսին»:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter