
Ինքնակամ կառուցված ձկնաբուծարանների մասով ստուգումներ են սկսվել
Կառավարությանը ենթակա քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը երեկ տեղեկացրեց, որ ստուգումներ է իրականացրել Արարատի մարզի Հովտաշատ, Նորամարգ և Զորակ համայնքներում՝ ինքնակամ կառուցված ձկնաբուծական լճերի մասով։ Տեսչական մարմնի գեոդեզիայի և հողօգտագործման վերահսկողության վարչությունը պարզել է, որ քաղաքացիներն առանց օրինական հիմքերի, առանց հողամասերի նպատակային նշանակությունը փոփոխելու, իրենց սեփական գյուղատնտեսական նշանակության հողամասերում ձկնաբուծական լճեր են կառուցել։
Տեսչական մարմինը ստուգումներն իրականացրել է «Հետք»-ի հետաքննությունը հրապարակվելուց հետո։ Տեսչությունը Արարատի մարզի Հովտաշատ համայնքում արձանագրել է 16,947 հա ինքնակամ կառուցված ձկնաբուծական լճակներ։ Այն շատ ավելին է, քան մեր հրապարակման մեջ նշված թիվը։ Նորամարգ համայնքում հաշվառվել է 13,3 հա ինքնակամ կառուցված լճակներ,իսկ Զորակ համայնքում 17,38 հա ինքնակամ ձկնաբուծական լճակներ։
Տեսչությունը տեղեկացնում է, որ Հովտաշատ և Նորամարգ համայնքներում ինքնակամ կառուցված ձկնաբուծական լճեր առկա են նաև համայնքների սեփականությունը հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողամասերում։ Պարզել են նաեւ, որ որոշ դեպքերում, համայնքների ղեկավարների որոշումներով փոխվել են հողամասերի նպատակային նշանակությունները՝ որպես ջրային և գյուղարտադրական հողերի և տրվել են շին թույլտվություններ, սակայն ձկնաբուծական լճերը կառուցված են եղել ավելի վաղ՝ դեռևս տարիներ առաջ (այդ մասին նշված է նաև մեր հրապարակման մեջ-Ս․Պ․)։ Տեղեկացնաք, որ այս հիմքով Զորակ համայնքի ղեկավարը տուգանվել է 300 000 դրամով։
«Երեք համայնքներում վերը նշվածի արդյունքում խախտվել են հողերի օգտագործման նպատակային նշանակությունները, ինքնակամ կառույցները հաշվի չառնելու պատճառով համայնքների բյուջե չեն մուտքագրվել և չեն մուտքագրվում զգալի չափով գումարներ»,- տեղեկացնում է տեսչության հաղորդագրությունը:
Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը՝ խախտումներին իրավական գնահատական տալու և պատասխանատու պաշտոնատար անձանց պատասխանատվության ենթարկելու համար դիմել է գլխավոր դատախազություն։
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել