HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Էսքիզներ դիմանկարի համար. Մովսէս Պճաքչեան

Բարեհոգի ու բարյացակամ մարդոց հանդիպելիս՝ ինձ դույզն ինչ մտավորական եմ երևակայում, որովհետև նրանք նույնքան և նույնպես մտավորական զարմից են սերված․ և սա առաջին իսկ պահից զգալի է, երբ հանդիպում և չես հասցնում նույնիսկ մի քանի բառ փոխանակել։

Այս զգացողությունը ապրել եմ ամեն անգամ Մովսէս Պճաքչեանին հանդիպելիս․ նույնիսկ առաջին անգամ, երևանյան մի սրճարանում, երբ անծանոթ էի իրեն, բայց գիտեի, որ բանաստեղծ է, վիպագիր, դրամատուրգ, սփյուռքյան և հատկապես ֆրանսահայ շրջանակներում քաջածանոթ մտավորական՝ այս բառի մտքի երազայնության  առումով, կենցաղից այնքան հեռու, որքան երևակայության մեջ խուսափուկ ապրելուց՝ իր իրականությունը ստեղծելու համար։

․․․Եւ առաջին հանդիպումը․ դեմքը ինձ ծանոթ թվաց, մտովի ճիգ, ջանք գործադրելով փորձեցի հիշել, բայց որ կեցվածքը «Սփյուռքեն կու գար» համոզված էի․ հիշողողությունս չդավաճանեց․ վստահ էի՝ Մովսէս Պճաքչեանն էր, զննողական հայացքով ինձ էր նայում։ Մոտեցա և միանգամից ասացի․ « Բարև, Հայաստան» (իր ժողովածուներից մեկի խորագիրը)։ Հասկացավ, ժպտադեմ ասաց․ «Ո՞վ եք, հրամեցեք»՝ ցույց տալով իր կողքի դատարկ աթոռը։ Ոգևորված իմ «բարեհաջող» հումորային ծանոթությունից, շարունակեցի․ «Լուսավոր աչքերով օտարական մը» (իր վեպերից մեկի խորագիրը) տակավին չեք ճանչնար»։ Սևեռուն հայացքը առավել լայնաժպիտ դարձավ․ «Վստահ եմ հայաստանցի չեք, և ինծի ալ կարդացած եք ու կճանչնաք»։ «Ոչ, հայաստանցի եմ, և բարեբախտություն է Ձեզի այս պայմաններու մեջ հանդիպիլը»․ սկսվեց մեր զրույցը իր գրականության, Սփյուռքի գրողների շուրջ՝ անվերջանալի, անհոգնեցուցիչ թվացող։

Շուրջ երեսուն տարի, երբ Մովսես Պճաքչեանը Երևան էր գալիս՝ ամիսներով մնում, շարունակում էր իր «անկատար վերծանումները»՝ Հայի և Հայության ինքնօրինակ տեսակին անդրադառնալով։ Մի առիթով Արփիկ Միսաքեանը չափազանց ճշգրիտ է բնութագրել․ «Մովսեսը Սփյուռքի հայն է, ինք չի կրնար ըլլալ ուրիշ մեկ մը․ Սփյուռքը կ՛ապրի որպես իր հայրենիքը»։

Ծնունդով Հալեպից՝  70-ական թվականներին է հաստատվել Փարիզում՝ շարունակ ապրելով ստեղծագործական բեղուն և  արտասովոր կյանք։ Մեր ամենատարբեր հանդիպումներին, հատկապես գրողների համահայկական համաժողովների ժամանակ չեմ հիշում մի դեպք, որ անդրադառնար իր ժողովածուներին, վեպերին, թատերգություններին, միշտ «ինքն իրենից հեռու էր», իր արածի պատասխանատվության զգացումն ուներ՝ դրանով էր ապրում, մտքում միշտ փայփայելով «թող գործը խոսի» դասական իմաստասիրությունը, որ մտավորականին ավելի քան ճշգրիտ է բնորոշում։ Երբեմն ասում էր․ «Կը գրեմ միշտ այն ատեն, երբ ինքզինքս այնքան լեցված կզգամ»։ Ու ես չվարանելով ասում էի․ «Կը խորհիմ, որ հատկապես թատերգություններ գրելեն առաջ»։ Ժպտալով համաձայնում էր․ «Ճիշտ այդպես»։

Ամեն մի գրողի համար ենթագիտակցության հզոր գործոն՝ «Կյանքն ինչպես որ է» բնութագրման շրջադարձներին Մովսէս Պճաքչեանը իր «ներաշխարհի հետ մտերմացած» այդ ընկալումը յուրովի է կենսակերպում, իրականություն դարձնում, քանի որ ի վերջո ինքն է իր «տեսիլքների քայքայման» ականատեսը․

Պիտի ուզեի ըլլալ տեղյակ թե ո՞վ կար տարիներ առաջ

երևակայության դռան սեմին․․․

«Անկարելին  կարելի» թատերախաղը կարդացել էի, բայց ներկայացումը չէի դիտել․ բեմադրվել էր Սփյուռքի տարբեր գաղթօջախներում։ Կյանքի անմոռանալի տարիները անցել էին Հալեպում․ հիշում էր Կրթասիրած վարժարանը, երկրորդական ուսման տարիները Քարեն Եփփե ճեմարանում, կրթական փորձառությունը՝ Դամասկոսի պետական համալսարանում՝ անգլերեն լեզվի և գրականության մասնագիտացումով նաև հետագա շուրջ տասը տարվա ուսուցչությունը նույն ճեմարանում, և այսպես շարունակ՝ անցյալից ներկա վերհուշներով էր «լռելյայն» տոգորուն։

 Վերջին տարիներին ավելի հաճախ էր Երևան գալիս, գրեթե տարին երկու անգամ․ մի տեսակ շտապողականություն էր նկատվում վարքագծում։ Աչալրջությամբ նախապատրաստում էր «Երկերի լիակատար ժողովածուն», որն հրատարակվեց գրականագետ Վահագն Սարգսյանի սիրալիր աջակցությամբ՝ ստեղծագործական  ողջ ժառանգությունը ի մի էր բերված, անցած ճանապարհի ողջ համապատկերը։ Չորրորդ հատորում զետեղված «Վարագույրը իջնելեն առաջ» /2009/ ուշագրավ օրագրությունը ավելին է, քան «մի ստեղծագործ կյանքի պատմությունը»՝ ուսանելի պատմություն, մանավանդ իր երկրային կյանքի «վարագույրը իջնելեն» հետո։ Իսկ իմ և շատերի հիշողության մեջ Մովսես Պճաքչեանը կմնա իբրև լուսավոր աչքերով Հայ, որ երազեց և ապրեց միշտ «պատանիի մը պես իր առաջին լուրջ սերեն» զատ նաև հայությամբ՝ «Բարև Հայաստան» խոսքը շուրթերեն․․․

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter