HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Եզդիաբնակ Թլիկում ջրի խնդիրը չի լուծվում

Թուրքիայի սահմանից 200 մ հեռավորության վրա գտնվող Թլիկի ջրի հարցը 2019-ին էլ չլուծվեց։ Բնակիչների մեծ հույսերը նորից չարդարացան, 2020-ը դիմավորեցին առանց ջրի։

Ջրի խնդիրը մամուլում շատ է լուսաբանվել, Թլիկը «Հետքի» ուշադրության ներքո է արդեն 5 տարի։ Թլիկցիները շատ խոստումներ են լսել տարբեր մարդկանցից ու պետական մարմիններից, խնդիրը լուծելու շատ տեսլականներ ու պլաներ են տեսել, բայց սառույցը տեղից չի շարժվում։

Կարծես, այս հարցը լուսաբանելը դարձել է անօգուտ զբաղմունք՝ դեռ քա՞նի հոդված է պետք գրել, քա՞նի անգամ է պետք ահազանգել, որ այստեղ ապրող մարդկանց ջրի, սանիտարական պայմանների և հիգիենայի հասանելիության իրավունքը այլեւս չանտեսվի։

Շուրջ 27 տարի մշտական ոռոգման եւ խմելու ջուր չունենալը տեղացիների համբերության բաժակն արդեն վաղուց լցրել է։

Գյուղի մեծ մասը արտագաղթել է, մնացողներն էլ ասում են, որ ապրում են անապատում։ Թլիկում ծառերը կարելի է հաշվել մատների վրա։ Այստեղ կա շուրջ 2600 մանր եղջերավոր և 350-400 խոշոր եղջերավոր անասուն, բայց բնակիչներն անասունների քանակը ստիպված չեն ավելացնում, որովհետեւ ձեռք չի տալիս ու կենդանիները մեղք են առանց ջրի։

Անցած կիրակի օրը՝ հունվարի 19-ին, Թլիկում նորից ընտրում էին համայնքի ղեկավարի։

Նոր ընտրություններ էին նշանակվել, քանի որ դեկտեմբերի 8-ի հերթական ընտրությունների ժամանակ միակ թեկնածու, համայնքի գործող ղեկավար Սլավիկ Սալոյանը պարտվել էր 9 կողմ և 13 դեմ ձայնով: Այս անգամ կար երկու թեկնածու՝ գործող համայնքապետն ու Թլիկի դպրոցի եզդիերենի ուսուցիչ Ալիկ Մստոյանը։

Ամբողջ օրն անցկացրեցի Թլիկում՝ գնացել էի ընտրությունները լուսաբանելու։

Ընտրություններն անցնում էին շատ հանգիստ, այլ կերպ հնարավոր էլ չէր՝ Թլիկի բնակչության թիվը հազիվ 100 հոգի լինի, մեծ մասն էլ գյուղի գրանցում չունեն։ Չնայած ընտրողների ցուցակում ներառված էր ընտրելու իրավունք ունեցող 114 հոգի։ 

Կեսօրն անց ընտրատեղամասում ինձ մոտեցավ Մրազն ու խնդրեց գնալ իրենց տուն՝ ջրատար մեքենան ոռոգման ջուր էր բերել ու իր եղբայրը՝ Մամեն, խնդրում էր նկարել։

Հինգ րոպեից տեղում էի, ինձ դիմավորեցին Մամեն ու Յուրիկը, ծանոթացանք։ «Արի, եղբայր, նկարի թող տեսնեն ոնց ենք ապրում»,- ասաց Մամեն։ Մինչ նրա երեք որդիները ջրատար մեքենայի վրա էին խաղում, Մամեն սկսեց պատմել։

Գյուղում տեղադրված կանաչ ցիստեռնը, որում պոմպի միջոցով Ախուրյանից ջուր են հավաքում, արդեն երկու ամիս է չի աշխատում։ Դրա համար ստիպված խնդրում են, որ ոռոգման եւ անասունների համար ջուրը կողքի գյուղից բերեն։

Ջրի մի «ռեյսը» արժե 7000 դրամ, 5-7 օրը մեկ ջուրը վերջանում է։ «Առաջ գոնե ձյունը շատ էր գալիս, հալեցնում էինք ու տալիս անասուններին, բայց երկու տարի է նորմալ ձյուն նույնիսկ չկա»,-շարունակեց Մամեն, ավելացնելով, որ խմելու ջուրը գնում են Թալինից եկող մեքենայից՝ 40 լիտրը 350 դրամ է։

 Թլիկում մաշկի վրա հնարավոր է զգալ այն պնդումը, որ անապատացման տեսանկյունից Հայաստանը շատ խոցելի երկիր է։

Ըստ որոշ տվյալների, Հայաստանի 40-60%-ը անապատացման եզրին է։ Անապատացման պատճառները կապված են եւ՛ երկրի աշխարհագրական դիրքին, եւ՛ գլոբալ տաքացմանը, եւ՛ արտեզյան ջրերի անխնա եւ անհեռատեսական օգտագործմանը։

Մամեն առաջարկեց ցույց տալ նաեւ խոհանոցը։ Փոքր շինությունը ծառայում է եւ՛ որպես բաղնիք, եւ՛ որպես խոհանոց։ Լողանում են այստեղ, դույլերով ջուրը տաքացնում են փայտից վառարանով, քանի որ գյուղում գազ չկա։ Ջրի եւ այլ ծախսերը եկամուտներից շատ են։

Վերջում Մամեն անդրադարձավ ընտրություններին, նշեց, որ անձերն իրենց համար կարեւոր չեն, կարեւորը ջրի հարցը լուծվի, բայց «գործող գյուղապետը չկարողացավ չորս տարում այս խնդիրը լուծել, դրա համար էլ բնակիչների մեծ մասը նախորդ ընտրություններին նրան դեմ քվեարկեց»։

Այդ օրն ընտրություններին մասնակցեց 33 ընտրող։ Ընտրատեղամասի փակվելուց կես ժամ անց հաշվարկն արդեն ավարտվել էր։ Հաղթեց գործող գյուղապետ Սլավիկ Սալոյանը՝ 17 ձայնով։

Սալոյանի օգտին քվեարկելու համար եկել էին իր բարեկամները արտերկրից, որոնք արդեն վաղուց Թլիկում չեն բնակվում։ Բնակիչները ասում էին, որ դա արդար չէ։

Ինձ հետ զրույցում Սալոյանն ասաց, որ որեւէ օրենք նրանք չեն խախտել։ Իսկ ոռոգման ջրի խնդրի մասով նշեց, որ այս տարի հաստատ այն կլուծվի. ամեն ինչ անելու են, ընթացքում է, մնում է որոշ թղթային հարցեր պարզաբանել։

Խմելու ջրի խնդիրը ավելի բարդ է, կապված է մեծ գումարներին։ Ըստ էության, այն դեռ շարունակելու է մնալ օդից կախված։

Պարզ չէ, թե դեռ որքան են Թլիկում ապրելու առանց ջրի։

Մեկնաբանություններ (1)

ani
hello HETQ- team ! As a friend of Armenia since 1994 ( ! ) I like to read you very much . For water problems, there is a society in Switzerland, that helps poor villages to get drinking water.. Go to www.helvetas.org -->english --> what we do --> water As ofenglish speaking people, you may connect / translate the contact between that org. and the village authorities. I hope and pray it will be fruitfull and the villagers will get water ; that's double important for villages near boarders !! If they have no water, they will leave, and THE ENNEMY will take their lands ..

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter