HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ժամանակակից Ադրբեջան». տեղեկագիրք՝ նվիրված Հայաստանի սահմանները պաշտպանողներին

Թուրքագետ Վարուժան Գեղամյանն ու քաղաքագետ Էդգար Էլբակյանը տեղեկագիրք են հրապարակել, որը կոչվում է «Ժամանակակից Ադրբեջան»: Համահեղինակներն այն նվիրել են Հայաստանի սահմանները պաշտպանողներին:

Նրանք նշում են, որ առհասարակ տեղեկագրքի ձեւաչափը տարածված չէ մեզանում: Այդպիսի հայերեն տեղեկագիրք կա Թուրքիայի մասին, որը, սակայն, ռուսերենից թարգմանություն է եւ լույս է տեսել խորհրդային տարիներին: Հեղինակների խոսքով, բնականաբար, անցնող տարիներին եղել են աշխատանքներ Ադրբեջանի ներքին, արտաքին քաղաքականության վերաբերյալ, բայց այս տեղեկագիրքն իր ձեւաչափով առաջին փորձն է Ադրբեջանի մասին համապարփակ, ընդգրկուն տեղեկատվության, որը ստեղծվել է վերլուծական եւ հետազոտական աշխատանքի հիման վրա:

«Գիրքը նախատեսված է առաջին հերթին այն մարդկանց համար, ովքեր ի պաշտոնե, գործի բերմամբ առնչվում են Ադրբեջանի թեմային: Նախատեսել ենք, որ դա պետք է լինի ձեռքի գիրք, երբ անհրաժեշտ լինի ճշտել այս կամ այն տեղեկությունը, վերցնեն ոչ օտար աղբյուրներից, այլ բացեն այս տեղեկագիրքը եւ հիմնական տեղեկությունը գտնեն»,- նկատում է Վարուժան Գեղամյանը:

Շուրջ 100 էջից բաղկացած տեղեկագրքում ասելիքը բավական խիտ է, թեմաները՝ ընդգրկուն: Այն վերլուծական, հետազոտական բաղադրիչով աշխատանքի արդյունք է: Ադրբեջանի բնակլիմայական պայմաններից, Ադրբեջան պետության ձեւավորումից, ադրբեջաներեն լեզվից, գրականությունից, կրթությունից, տնտեսությունից, ներքին եւ արտաքին քաղաքականութունից մինչեւ ալիեւեյան կառավարման համակարգում փոփոխությունների մասին կարելի է ստույգ տեղեկատվություն ստանալ՝ այլեւս չհիմնվելով օտար աղբյուրների երբեմն կասկածելի տվյալների վրա: Տեղեկագիրքը նախատեսված է ոչ միայն քաղաքագետների, պատմաբանների, դիվանագետների, քաղաքական եւ ռազմական գործիչների, այլեւ առհասարակ տարածաշրջանով հետաքրքրվողների համար:

Հատվածներ գրքից կամ «մի փոքր հիշեցում»

«Ադրբեջանի Ժողովրդական Հանրապետությունը հռչակվել է 1918 թ. մայիսի 27/28-ին: Այն ստեղծվեց դրան նախորդող տասնամյակներում արեւելյան Անդրկովկասում ձեւավորված թյուրքախոս թաթարական ինտելեկտուալ, սոցիալական եւ քաղաքական հիմքերի վրա»:

«Եթե 1926 թ. մարդահամարում երկրի բնակչության մեծամասնությունն անվանվում էր «թուրք», ապա 1939 թ. մարդահամարում ստեղծվում է նոր միասնական էթնոհորոնիմ՝ «ադրբեջանցի»: Լեզուն նույնպես սկսում է կոչվել «ադրբեջաներեն», ավելին՝ նախկին արաբատառ եւ թուրքական ձեւի լատինատառ գրերից անցում է կատարվում կյուրեղագրի (ընդհուպ մինչեւ 1992 թ.): Սրանով խորհրդային իշխանությունները փորձում էին ապաթյուրքականացնել ազգաստեղծման պրոցեսն Անդրկովկասում՝ տեղի մուսուլմանությանը կտրելով նաեւ համաիրանական ժառանգությունից»:

«Տարածաշրջանի խորհրդայնացումից հետո «ազգային սահմանների» հստակեցման ժամանակ Ադրբեջանի սահմաններում Խորհրդային Ռուսաստանի ղեկավարության ուղղակի որոշմամբ ընդգրկվեցին հայկական Նախիջեւանը եւ Ղարաբաղը՝ ստանալով ինքնավարության ձեւական կարգավիճակներ (Հայաստանի խորհրդայնացումից հետո Ադրբեջանի կազմում ձեւավորվեցին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզը (ԼՂԻՄ) եւ Նախիջեւանի Ինքնավար Հանրապետությունը): Բոլշեւիկյան ղեկավարության այս որոշումներն ընդունվեցին բարդ համատեքստում (մասնավորապես՝ թուրք-բոլշեւիկյան համագործակցության պայմաններում), ինչպես նաեւ պայմանավորված էին բոլշեւիկյան ղեկավարության ներքին վախերով եւ «հեղափոխության արտահանման» այն ժամանակվա տեսլականով»:

Գրքի պատրաստման դժվարությունների մասին

Էդգար Էլբակյանն ասում է, որ դժվարությունները կապված են եղել Ադրբեջանը հետազոտելու այն օբյեկտիվ խնդիրների հետ, որոնց գրեթե բոլորն են հանդիպում, սակայն այն ավելի սուր է արտահայտվում հայերի պարագայում:

«Ադրբեջանի մասին ստույգ տվյալների պաշար հավաքելն իրականում բավականին բարդ է: Ամենապարզ օրինակը կարող եմ բերել բնակչության թվի մասին. եթե հենվելու լինենք պետական ցուցանիշների վրա, ապա այն 10 միլիոն է, իսկ մեզ մոտ այդ ցուցանիշը տրվում է 6,5 միլիոն, որը բազմաթիվ անուղղակի կամ, տնտեսական լեզվով ասած, պրոքսի ցուցանիշների միջոցով է դուրս բերվել: Ստիպված էինք հաշվի առնել հացի կամ ալյուրի սպառման ծավալները, որպեսզի կարողանանք հասկանալ իրական բնակչության թիվը»,- նշում է Էլբակյանը:

Ըստ նրա՝ պատրաստի տվյալներ կամ աղբյուրներ չեն եղել, միեւնույն ժամանակ ամբողջ մեկ օրվա աշխատանք չի եղել հետազոտական մասը, որը կազմվել է ինչպես հեղինակների, այնպես էլ հայկական կառույցների հետազոտությունների շնորհիվ:

Վարուժան Գեղամյանն էլ ասում է, որ աշխատանքը պատրաստելիս իրենք շատ կարեւոր եզրակացություններ են արել այն ոլորտների մասին, որոնք ավելի պակաս են ուսումնասիրվել:  

Ստեղծվելու է Ադրբեջանի քաղաքական պատմության բուհական դասագիրք

Տեղեկագիրքը ստեղծվել է ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետի եւ Հայ բարեգործական ընդհանուր միության կրթական ծրագրի շրջանակներում՝ համագործակցելով նաեւ ՀՀ պաշտպանության նախարարության հետ: Սա, ըստ Վ. Գեղամյանի, երկարատեւ, բազմաբաղադրիչ ծրագրի մի դրվագն է:

Գրքի պատրաստման հիմնական խնդիրներից մեկը փոքր ծավալն է, քանզի նպատակն էր ստեղծել ձեռքի գիրք, ինչը ենթադրում է սեղմ ծավալ: «Մենք նախատեսում ենք, որ այս գիրքը կունենա ոչ միայն վերահրատարակում, այլեւ լրամշակում եւ ծավալով գոնե մի քիչ կմեծանա: Գումարած դրան՝ արեւելագիտության ֆակուլտետը նախատեսում է նմանատիպ այլ աշխատանքների ստեղծում մոտակա ժամանակներս, մասնավորապես՝ Ադրբեջանի քաղաքական պատմության բուհական դասագիրք, որը բացառիկ բան է, երբեւէ չի եղել»,- նկատում է Վարուժան Գեղամյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter