HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տաթև Խաչատրյան

Կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 56-ի․ ԱՆ-ից հայտնում են՝ Հայաստանը կկարողանա «դիմակայման աշխատանքներ կազմակերպել»

Դեռևս նախորդ տարվա դեկտեմբերին Չինաստանի Ուհան քաղաքում բռնկված կորոնավիրուսից (2019-nCoV) մահացածների թիվն այսօր արդեն հասել է 56-ի, վարակված են 2029, բուժված՝ 49 մարդ (թվերը մշտապես թարմացվում են)։ Մահվան դեպքերից մեկը գրանցվել է Ռուսաստանի սահմանամերձ Հեյլունցզյան գավառում, որը գտնվում է Ուհանից ավելի քան 2000 կմ հեռավորության վրա։

Չինաստանից դուրս վիրուսի մասին դեպքերը հաստատվել են ԱՄՆ-ում, Ճապոնիայում, Թայվանում, Թաիլանդում, Հարավային Կորեայում, Սինգապուրում և Վիետնամում։

Ֆրանսիայի առողջապահության նախարարությունը հայտնել է իրենց մոտ վարակի երկու դեպքի արձնագրման մասին։ Երեք դեպք գրացվել է Մալազիայում, մեկը՝ Ավստրալիայում, կորոնավիրուսի կասկածով հոսպիտալացվել են Հնդկաստանի 11 բնակիչ։

Մինչև վերջերս չէր նշվում նոր կորոնավիրուսի՝ մարդուց մարդուն փոխանցվելու դեպքերի մասին, սակայն հունվարի 20-ին Չինաստանը հաստատեց՝ Գուանդուն գավառում մարդուց մարդուն վարակի փոխանցման դեպք է արձանագրվել։

Ներկայումս վիրուսի բուժման համար որևէ հստակ մեթոդաբանություններ մշակված չեն։

Հայաստանի ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են՝ հետևում են Առողջապահության համաշխարհային կազմակերպության թարմացումներին, ըստ որոնց, «պետական սահմանի անցման կետում սահմանափակող միջոցառումներ պետք չեն», իսկ անհրաժեշտության դեպքում, համագործակցելով միջազգային կառույցների հետ, ի զորու կլինեն դիմակայման աշխատանքներն ապահովել։

 

Ի՞նչ է հայտնի նոր կորոնավիրուսի մասին․ վարակի քարտեզը

2019թ․ դեկտեմբերին Չինաստանի Հուբեյ նահանգի Ուհան քաղաքում թոքաբորբով հիվանդի մոտ հայտնաբերվել է նախկինում չհանդիպած կորոնավիրուսի նոր տեսակ։ Վերջինով պայմանավորված՝ գրանցվել է վիրուսային համաճարակի բռնկում, որով վարակվածներրի թիվն այսօր հազարից անցել է։ Հիվանդության բռնկման առաջին դեպքերը մասնագետները կապում են հենց Ուհան քաղաքի ծովամթերքի մեծածախ շուկայի հետ։ Որոշ ԶԼՄ-ներով տեղեկություններ էին տարածվել, որ այդ շուկայում, բացի ծովամթերքից, մինչև հունվարի 1-ը վաճառվել են նաև չղջիկներ, հավեր, նապաստակներ ու օձեր, և հավանաբար նրանցից մեկն է դարձել վարակի աղբյուրը։

Դեռ երեկ խոսվում էր մահվան 42 դեպքի մասին, այժմ նրանց թիվը հասել է 56-ի։ Մահացածներից 45-ը հենց Ուհանից են, 7-ը՝ նույն Հուբեյ նահանգից, մեկական դեպքեր կան Շանհայում և Չինաստանի Հենան, Հեբեյ, Հեյլունցզյան նահագներում։

Ինչպես տեղեկացնում է Չինաստանի առողջապահության պետական կոմիտեն, մահացածներից ամենաերիտասարդը եղել է է 48 տարեկան։

 2019-nCoV-ը կորոնավիրուսի նոր տեսակ է, որն ախտահարում է թոքերը՝ նպաստելով թոքաբորբի առաջացմանը։ Կորոնավիրուսը նախկինում հայտնի վիրուս է, բայց մինչ այժմ դրա միայն 6 տեսակն է է հայտնի եղել ու վարակել են մարդուն։

Նշվում է, որ վարակի առաջնային աղբյուրը հիվանդ կենդնաիներն են, բայց հայտնում են նաև մարդուց մարդուն փոխանցման հնարավոր դեպքերի մասին։ Վարակման ախտանշանները նման են գրիպի ախտանշաններին՝ ջերմություն, հազ, շնչառական խնդիրներ, դժվարություններ և թուլություն։

ԱՀԿ-ն մարդկանց խորհուրդ է տալիս խուսափել կենդանիների հետ շփումից, մանրակրկտորեն եփել ծովամթերքը, միսն ու ձուն։

Ուհանում կարանտին է հայտարարված․ չեն աշխատում քաղաքային ավտոբուսները, լաստանավերը, մետրոն, չեղարկվել են քաղաքից մեկնող բոլորը թռիչքները, փակ են ռեստորանները, սրճարանները և կինոթատրոնները։ Արդեն արտակարգ ռեժիմով սկսվել են ժամանակավոր մեծ հիվանդնանոցի կառուցումը, որում կտեղավորեն ավելի քան 1000 մարդ։ Չինական մամուլի փոխանցմամբ՝ այն պատրաստ կլինի արդեն փետրվարի 3-ին։

Ուհանի բնակիչները սոցիալական ցանցերում  հեշթեգով տեղադրում են լուսանկարներ, տեսագրություններ, որտեղ երևում են հիվանդնաոցներում գոյացած կուտակումները, բուժանձնակազմը, հոսպիտալացման դեպքեր, նոր հիվանդնոցի կառուցման գործընթացը և այլն։

Հիվանդության 2 դեպք գրանցվել է Պեկինում, և մեկական դեպք Շենժենում և Շանհայում։ Այդ բոլոր վարակվածները նախկինում գտնվել են Ուհանում։ Այժմ կարանտինի մեջ են արդեն չինական 13 քաղաք։

Փակ է Շահնհայի Դիսնեյլենդը, Չինական Պատի որոշ հատվածներ։ Հոնկոնգում չեղարկվել են Պրեմիեր լիգայի մրցաշարը և ամենամյա կառնավալը: Բացի այդ հունվարի 23-ին Չինաստանի կառավարությունը որոշել է չեղարկել Լուսնային օրացույցով Նոր Տարվա տոնին նվիրված զանգվածային միջոցառուները։

Հունվարի 17-ից ԱՄՆ-ն մտցրել է սանիտարական վերահսկողություn օդանավակայանում Ուհանից ժամանած ուղևորների համար։ Նպանատիպ հսկողություն է իրականավում նաև Թաիլանդում, որտեղ վարակվածների թիվը Չինաստանից հետո ամենաբարձրն է։

Չնայած ստեղծված իրավիճակին՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը չի հայտարարել կորոնավիրուսով պայմանավորված միջազգային արտակարգ իրավիճակ՝ հաշվի առնելով, որ Չինաստանից դուրս գրանցված դեպքերը շատ չեն։ Թեև ԱՀԿ-ից չեն բացառում, որ իրավիճակն առաջիկաում կարող է դառնալ արտակարգ։

 

ԱՆ․ սահմանային հսկողության և խուճապի մատնվելու կարիք այժմ չկա

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի հատուկ վտանգավոր և օդակաթիլային վարակների բաժնի պետ Լիանա Թորոսյանը «Հետք»-ի հետ զրույցում նշեց, որ իրենք աընդհատ հետևում են կորոնավիրուսի վերաբերյալ ԱՀԿ հրապարակված թարմացումներին, և վիրուսի պատճառները դեռևս վերջնական բացահայատված ու ուսումնասիրված չեն։

«Կորոնավիրուսները վաղուց են հայտնի մեզ՝ բժիշկներիս, և եկեք չմոռանանք, որ մենք վաղ անցյալում գործ ունեինք ատիպիկ թոքաբորբի՝ Սարսի հետ, դեռևս 2003-2004 թվականներն էր, որից հետո եկավ արդեն Մերձավոր Արևելքի՝ նորից կորոնավիրուսով պայմանավորված այդ հիվանդությունը՝ «մերձ կորոնավիրուս», այդպես էին կոչում, հիմա արդեն՝ սա։ Այսինքն՝ մենք բոլորս աշխատանքի բերումով տեղեկացված ենք եղել, որպես էդպիսին, մեր երկիրը միջազգային կառույցների հետ համագործակցության փորձառություն ունի»,-պատմեց Լ․ Թորոսյանը՝ հավելելով, որ հետամուտ կլինեն դեպքերի զարգացմանն ու անհրաժեշտության դեպքում տեղեկություն կտրամադրեն հանրությանը։

Ինչ վերաբերում է պետական սահմանի հսկողությանը, Լ․ Թորոսյանը նշեց, որ թեև այդ հսկողությունն առողջապահության նախարարության անմիջական լիազորության տակ չէ, այլ միայն ընդհանուր քաղաքականության շրջանակներում է, բայց ամեն դեպքում, սահմանափակող միջոցառումների անհրաժեշտության կարիք այս պահին չկա․

«Հիմք են ընդունվել ԱՀԿ-ի խորհուրդները և հայտարարությունները, որ պետական սահմանի անցման կետում սահմանափակող միջոցառումներ պետք չեն, որովհետև դուք չեք կարող վերահսկել, -ասաց Լ․ Թորոսյանը։- Միգուցե, մարդ է, եկել է,հիվանդ է, գաղտնի շրջան է, հիմա չունի ջերմություն և այլն։ Այս դեպքում ԱՀԿ-ն առաջարկում է երկրի ներսի կարողությունները հզորացնել, որպեսզի կարողանալ վաղաժամ և արագ հայտնաբերել ու ապահովել արագ արձագանքումը»։

Ըստ Լ․ Թորոսյանի՝ այն հսկողությունը, որն այսօր Հայաստանն իրականացնում է գրիպի և շնչառական վարակների մասով, բավականին կիրառելի է նոր կորոնավիրուսի դեպքում, և Հայաստանի լաբորատոր կարողությունները, ինչպես նաև՝ միջազգային առողջապահական կառույցների օգնությունը թույլ կտան «իրավիճակին լուծում տալ»։

«Խուճապի մատնվելու անհրաժեշտություն այս պահին չեմ տեսնում՝ հիմք ընունելով որոշ առանձնահատկություններ, բայց պետք է որ բոլորս զգոն և սթափ լինենք, այն կարողությունները, որոնք արդեն իսկ ունենք, կատարելագործենք, արդյունքում նաև՝ արագ հայտնաբերումն ու արագ արձագանքումը ապահովենք,- նշեց Լ․ Թորոսյանը։- Հույս ունեմ, որ մեզ չի հասնի այս հիվանդությունը, բայց ռիսկերի կամ վտանգի առկայության դեպքում, կարծում եմ ի զորու կլինեք դիմակայման աշխատանքներն ապահովելու»,- եզրափակեց նա՝ խորհուրդ տալով ճափորդության ժամանակ կամ հետո ի հայտ եկած գրիպին բնորոշ ախտանշանների դեպքում դիմել բժշկի՝ նշելով նաև շրջագայության երկրի մասին։

Նշենք, որ այսօր Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը հայտարարություն է տարածել, որ կորոնավիրուսի պատճառով արգելվել է Չինաստանից, ինչպես նաև չինական ծագման հումքով այլ երկրներում արտադրված կենդանական ծագման մթերքի և հումքի ներմուծումը Հայաստան։

գլխավոր լուսանկարը՝ Agence France-Presse

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter