HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

Նիկոլ Փաշինյան-Հրայր Թովմասյան հեռակա բանավեճ․ ելքն առայժմ անորոշ է

«2018 թվականի մայիսից սկսած՝ սկզբից ամենաօրյա ռեժիմով, հետո ամենշաբաթյա ռեժիմով, հետո ամենամսյա ռեժիմով Հրայր Թովմասյանն իր ծառայություններն է առաջարկել ինձ․․ նա այդ առաջարկությունների ֆոնին ուղարկվել է համապատասխան տեղը»,- այս մասին այսօր Կապանում կայացած մամուլի ասուլիսին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Կառավարության ղեկավարը նշել է, որ ինքը կոռումպացված ռեժիմի ներկայացուցիչների հետ համագործակցելու ցանկություն չունի և չի էլ ունենա։ Փաշինյանի կարծիքով՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ նախատեսված Սահմանադրական դատարան այսօր գոյություն չունի։

«Պաշտոնական կեղծիքի արդյունքում Սահմանադրական դատարանը օկուպացվել է մի անձի և մի խմբի կողմից, և այդ խումբը Հայաստանի նախկին կոռումպացված իշխանությունն է»,- նշել է վարչապետ Փաշինյանը։

Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի պատասխանը երկար սպասել չտվեց։ Արձագանքելով իր հասցեին հնչած հայտարարություններին՝ ՍԴ նախագահն ասել է, որ ինքը Նիկոլ Փաշինյանի՝ վարչապետ ընտրվելուց հետո ընդամենը երկու անգամ է հեռախոսազրույց ունեցել նրա հետ։

«Մեկ անգամ նա ինձ խնդրել է Սահմանադրական դատարանի քննության առարկա միջազգային պայմանագրով քննությունն իրականացնել հնարավորինս սեղմ ժամկետում, քանի որ դա անհրաժեշտ է ՀՀ միջազգային պարտավորությունների կատարման համար։

Երկրորդ անգամ հեռախոսազանգը եղել է իմ նախաձեռնությամբ՝ Գերմանիայի Սահմանադրական դատարանի նախագահ պարոն Անդրեաս Ֆոսկեուլեի ՀՀ այցելության շրջանակներում իր հետ հանդիպում կազմակերպելու առնչությամբ»,- նշել է Հրյար Թովմասյանը:


Հրայր Թովմասյանի հայտարարությունը հրապարակել է նրա փաստաբան Ամրամ Մակինյանը

ՍԴ նախագահը պնդել է, որ երբեք առերես հանդիպում չի ունեցել Նիկոլ Փաշինյանի հետ, որը եղել է տեսախցիկների տեսադաշտից դուրս, ինչպես նաև իր պաշտոնավարման ընթացքում որևէ առաջարկություն չի ներկայացրել Փաշինյանին կամ իշխանության որևէ այլ ներկայացուցչի։

Հրայր Թովմասյանը վարչապետին 20 օր ժամանակ է տվել, որպեսզի նա հրապարակի իր հայտարարությունները հիմնավորող որևէ օբյեկտիվ փաստ, վստահելի ապացույց, հակառակ դեպքում ՍԴ նախագահը Փաշինյանի զրպարտության վերաբերյալ հայց կներկայացնի դատարան։

Շարունակելով հեռակա բանավեճը՝ վարչապետը իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ Երևան հասնելուն պես կհրապարակի Հրայր Թովմասյանի ակնկալած արժանահավատ փաստը, և խնդրեց իրեն չմեղադրել անհամաչափ ուժեղ հակահարված տալու մեջ։

Եվ մինչ բոլորը հարմար տեղավորվել էին բազկաթոռներին և սպասում էին, որ կառավարության ղեկավարը այսօր հրապարակելու է խոստացած փաստերը, Նիկոլ Փաշինյանը հայտեց, որ այսօր Կապանում է մնալու։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter