HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Փոխակերպվող աշխարհը եւ Հայաստանը

Ալեք Ենիգոմշյան
սկիզբը

 Բ. Բարձր տեխնոլոգիական առաջընթացի ապահովում, հանրային վերահսկողության և մասնակցության ձեռքբերում, գիտելիքների հանրայնացում

  • Նորագույն տեխնոլոգիաների զարգացման գործընթացի հետ քայլ պահելն ու դրանում ներգրավված լինելը Հայաստանի համար ունեն անգնահատելի նշանակություն և կարեւորություն:

Փոխակերպվող ներկա աշխարհում պետությունների և ազգերի կողմից նորագույն տեխնոլոգիաներով օժտվածությունն ու նրանց տիրապետումը լինելու են կենսունակության և գերիշխանության գլխավոր երաշխիքներ: Հայաստանը, չնայած բազմաթիվ այլ առումներով իր աննախանձելի վիճակին, թվային տեխնոլոգիաներում մտավոր հմտությունների և ներուժի առումով գտնվում է նպաստավոր դիրքերում: Խելամիտ կերպով օգտագործվելու պարագայում այս առավելությունը կարող է դառնալ կենսունակության և գերիշխանության նվաճման ու պահպանման կարեւորագույն կռվան:

  • Տեխնոլոգիաները հասարակական կոնկրետ հարաբերություններից անջատ, նրանցից վերացած երեւույթներ չեն: Դրանք հարաբերությունների կոնկրետ պայմաններում կոնկրետ խնդիրներ լուծելու գործիքներ են:

Թեեւ թվային տեխնոլոգիաները, առավել եւս նրանց երկրորդ սերունդը (արհեստական բանականություն եւայլն) հեղաշրջում են աշխարհը,, մարդկանց կենցաղն ու կացութաձեւը, սեփականության և սոցիալական ներկա հարաբերությունների պայմաններում նրանց առաջընթացից ֆինանսապես օգտվում են միայն համապատասխան ձեռնարկությունների աննշան թվով սեփականատերերն ու փոքր շերտ կազմող մասնագետները: Ավելին. տնտեսության ավանդական ոլորտներում նրանք աշխատատեսակներ ու աշխատատեղեր են վերացնում և գործազրկության կտրուկ աճի պատճառ դառնում:

Հետեւաբար նորագույն տեխնոլոգիաները, ներկա հարաբերությունների պայմաններում, ունակ չեն ամբողջ հասարակության բարօրության ու պետության հզորացման լծակ հանդիսանալ:

  • Գալիք աշխարհի ինչպիսին լինելը կախված է լինելու այն բանից, թե ո՞վ է վերահսկելու տեխնոլոգիաները:

Աշխարհը, ավտոմատացման և կապիտալիզմի կառուցվածքային ճգնաժամի պատճառով, հայտնվել է եթե ոչ լիարժեք համակարգափոխության, առնվազն նոր միջավայրի ձեւավորման շեմին: Բայց նոր հասարակարգի կամ միջավայրի բնույթն ու որակն այսօրվանից կանխատեսելի չեն:  Դրանք կարող են լինել ներկայինից լավը, կամ վատը, կախված ներկայում ընթացող և առաջիկա տարիներին ու 1-2 տասնամյակներում ընթանալիք պայքարի հանգուցալուծումից: Սակայն անկախ դրանից, թե ո՞ր տարբերակը հաղթական դուրս կգա այդ պայքարից, մի բան պարզ է. նոր հասարակարգում կամ միջավայրում նոր տեխնոլոգիաներին վերապահված է լինելու առանցքային դերակատարություն և նշանակություն: Հօգուտ ժողովուրդների հանգուցալուծման պարագայում ավտոմատացումըմարդկանց շնորհելու է ազատ ժամանակ, ինչը մարդու ֆիզիքական և հոգեմտավոր ազատ գործունեության, ազատ ստեղծագործականության իրացման նախապայմանն է: Իսկ հօգուտ առանձնաշնորհյալ փոքրամասնության հանգուցալուծման պարագայում տեխնոլոգիաները վերջինների ձեռքում լինելու են մեծամասնության ճնշման և հպատակեցման գործիքներ:

  • Երկու հետեւություն.

- Նորագույն տեխնոլոգիաներն ունակ չեն առանձինն, առանց վերոնշյալ ընդգծված սոցիալ-դեմոկրատական քաղաքականության, ամբողջ Հայաստանը XX-րդ դարից, որոշ դեպքերում XIX դարից տեղափոխել XXI դարի երկրոդ քառորդ կամ կես:

- Նորագույն տեխնոլոգիաներն ու ավտոմատացումը մարդկության, աշխարհին ու Հայաստանին անհրաժեշտ են բացառապես որպես ազատության ձեռքբերման գործիք, իսկ դրանք կարող են լինել այդպիսին` միայն եթե հաստատապես գտնվեն հանրային, այլ ոչ  փոքրաթիվ վերնախավերի վերահսկողության ներքո: Հայաստանի համար այդ վերահսկողության կայացումն այլընտրանք չունի:

  • Աշխարհում ձեւավորվելիք նոր միջավայրի կամ հասարակարգի հնարավոր երկու տարբերակներից ներկայինից լավը պայմանականորեն անվանենք համերաշխ աշխարհ, իսկ ավելի վատը` էլիտիստ աշխարհ: Այս երկու տարբերակներում Հայաստանը տեսականորեն կարող է հայտնվել հետեւյալ չորս վիճակներից մեկում:

- Համերաշխ աշխարհ/տեխնոլոգիական Հայաստան

- Համերաշխ աշխարհ/ոչ տեխնոլոգիական Հայաստան

- Էլիտիստ աշխարհ/տեխնոլոգիական Հայաստան

- Էլիտիստ աշխարհ/ոչ տեխնոլոգիական Հայաստան

Հայաստանի համար լավագույն տարբերակն ի հարկե առաջինն է, վատագույնը` չորրորդը: Հայաստանն իր ամեն հնարավորը պետք է անի դառնալու համերաշխ տեխնոլոգիական երկիր և նպաստելու համերաշխ աշխարհի ձեւավորմանը:

  • Բարձր տեխնոլոգիաների առաջընթացի հարցում ռազմական ոլորտն ունի առանցքային նշանակություն: Բացի անվտանգային խնդիրների լուծման ծառայելուց, ռազմական ոլորտում տեխնոլոգիական հետազոտությունները հանդիսանում են քաղաքացիական ոլորտի նորարարությունների հիմքը: Թե' պաշտպանական և անվտանգային կարեւորագույն մարտահրավերների լուծման և թե' տեխնոլոգիական ընդհանուր մրցավազքում հաջողությունների հասնելու համար Հայաստանում, ավելորդ է ասել, առաջնահերթություն պետք է համարվի ռազմական ոլորտի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ամբողջական շղթայի ռազմավարության մշակումն ու իրականացումը, գիտահետազոտական աշխատանքներից և նմույշների արտադրությունից մինչեւ պետական պատվեր և մասսայական արտադրություն:
  • Վաղվա ավտոմատացված աշխարհի երկու` թե' համերաշխ և թե' էլիտիստ տարբերակներին պատրաստ գտնվելու համար Հայաստանում առաջնային պետք է համարվի ավտոմատացման գործընթացների հանրային վերահսկողության ապահովումը : Դա ենթադրում է մի կողմից այդ գործընթացներում սեփականության հանրային մասնակցության ապահովում ու մյուս կողմից թվային  գիտելիքների և կրթության (ներառյալ արհեստական բանականություն ռոպոտաշինություն) հանրայնացում: Գիտելիքների հնարավորինս տիրապետումը և գործընթացների հանրային վերահսկողությունը համերաշ հասարակարգի նախապայմանն իսկ է: Իսկ էլիտիստ աշխարհի ձեւավորման պարագայում այդ գիտելիքներն ու վերահսկողությունը լինելու են դրանից երկրի ու ժողովրդի պաշտպանվածության էական կռվան:
  • Առաջնահերթությունն այս երկու ուղղություններին տալով հանդերձ, թվային տեխնոլոգիական միջավայրի աշխուժացման նպատակով` պետությունը պետք է նաեւ նպաստի մասնավոր շահ հետապնդող ստարտապերի և այլ մասնավոր նախաձեռնությունների զարգացման պայմանների ապահովմանը: Տեխնոլոգիական համաշխարհային գործընթացներին հետ քայլ պահելու և դրանցում ներգրավվելու նպատակով Հայաստանը պարտավոր է մասամբ համակերպվել այդ ոլորտում տիրող խաղի կանոններին: Ոլորտում գործընթացները պետք է լինեն վերահսկված և ուղղորդված` ըստ երկրի առաջնահերթություններին, բայց միաժամանակ լինեն արտոնյալ ու ընթանան հանգիստ մթնոլորտում, առանց անտեղի միջամտությունների:

Գ. Նոր որակի, հնարավորինս ազատ ու արդար հասարակարգի տրամաբանության սերմանում և մոդելների ներդնում

Կապիտալիզմի ճգնաժամը և հավանական վախճանը, կապիտալիզմի և ժողովրդավարության գնալով ավելի անհամատեղելիությունը, այս համակարգի պայմաններում ավտոմատացման ստեղծած և ստեղծելիք անլուծելի խնդիրները, ապագայի առումով նույն ավտոմատացման ընձեռած երկու` լավ և վատ հնարավորությունները մարդկության, ուստի և Հայաստանին առարկայականորեն կանգնեցրել են կարեւոր ընտրության հրամայականի առջեւ:

Դա առաջին հերթին աշխարհընկալման, կենսափիլիսոփայության, քաղաքակրթական մոդելի հարցերում ընտրություն կատարելու հրամայական է:

Հարստանալու և ապա նորից հարստանալու` մարդկանց մեծամասնության համար անհասանելի ձգտումը աշխարհը (Հայաստանը) հասցրել է աղետալի հետեւանքների շեմին:

Հին պարադիգմները սպառվել են: Նորերը լինելու են կամ ավելի լավի առաջնորդող, կամ ավելի վատի: Չկա այլ տարբերակ: Միամտորեն հին կարծրատիպերից կառչումը ծառայելու է վատի հաղթանակին:

Առողջ , լիարժեք, արժանապատիվ և ազատության իրացման պայմաններում, ներհասարակական, մարդ/բնություն և մարդ/հասարակություն/պետություն ներդաշնակ ու համերաշխ հարաբերություններում ապրելու ձգտումը դարձել է առարկայականորեն ավելի հասանելի: Հասանելի բայց ոչ կանխորոշված:

Մարդկությունը, եթե ուզում է ապրել մարդավայել, և Հայաստանը, եթե ուզում է գոյատեւել և դառնալ կենսունակ երկիր, չունեն այլընտրանք` քան անխտիր բոլորի արժանապատիվ գոյություն և համերաշխ հարաբերություններ ապահովող հասարակարգի ձեւավորումը: Սա արդեն ոչ թե կամ ոչ միայն բարոյականության խնդիր է, այլ ժամանակների թելադրանքը, պահանջը, պարտադրանքը:

Միտված լինելով վերացնելու աշխատանքի անհրաժեշտությունը, ամբողջական ավտոմատացման գործընթացը հղի է բովանդակ պատմության ընթացքում առաջին անգամ մարդ էակին լիարժեք ազատություն շնորհելու ներուժով: Ազատված լինելով իր ֆիզիքական գոյությունն ու վերարտադրությունն ապահովելու համար աշխատելու հարկադրանքից, մարդը հնարավորություն է ունենալու իր ազատ ժամանակը հատկացնել ֆիզիքական և հոգեմտավոր ազատ գործունեության, իրացնել իր էությունը, դառնալ ազատ ստեղծագործող:

Կարողանալո՞ւ է մարդը նվաճել լիարժեք ազատություն թե ընդհակառակը, կորցնելու է իր սահմանափակ ազատությունը կախված է այն բանից, թե ունենալո՞ւ է բավարար վճռակամություն որդեգրելու մարդու էության ավելի հարիր կենսափիլիսոփայություն, ձեւավորելու նոր որակի հասարակական հարաբերություններ, կրելո՞ւ է իր մեջ այդ հասարակության արժեքները, ձեռք բերելու՞ է առաջին հերթին ներքին ազատություն, թե ոչ:

Ընդգծված սոցիալ-դեմոկրատական քաղաքականությունն այս ուղղությամբ կատարվելիք առաջին քայլ է: Այն դեռեւս մասամբ տնտեսական կատեգորիաներով առաջնորդվող տիրույթ է: Հաջորդ քայլը պետք է լինի քաղաքական և տնտեսական ոլորտների ամբողջական վերամիավորումը:  Այս դեպքում է միայն, որ ժողովրդավարությունը կդառնա իրականություն, որովհետեւ ժողովրդավարությունը ավելի շատ ձեւ է, քան բովանդակություն, երբ առկա է միայն քաղաքական ոլորտում (այն էլ բացառապես ներկայացուցչական տեսքով), բայց ոչ կամ մասամբ միայն` տնտեսական ոլորտում:

Այսօրվանից պետք է սկսել մշակել ու կիրառել թե' ներանձնային և թե' միջանձնային ու հասարակական ներդաշնակ և համերաշխ նոր կենսակերպ: 

Ի տարբերություն և հակադրություն շահույթի և տնտեսական աճի ձգտման, պետք է այսօրվանից սկսել ձգտել ապաապրանքայնացման, նյութական առողջ կարիքների և հոգեմտավոր պահանջների բավարարման):

Պետք է այսօրվանից բոլոր հարթություններում սկսել ձեւավորել համագործակցային, մասնակցային, համերաշխային բնույթի ինքնակազմակերպման հարթակներ, թե ներկա խնդիրները լուծելու, թե ապագա աշխարհը նախապատրաստելու համար:

Պետք է սկսել նպատակադրված կերպով մշակել հանրային, հավաքական, համագործակցային սեփականության մտայնությունն ու կիրառման ձեւերը:

Պետք է այսօրվանից սերմանել ինքնակառավարման, հորիզոնական հարաբերությունների, մասնակցային և ուղիղ ժողովրդավարության գաղափարներն ու տրամաբանությունը և փորձարկել համապատասխան մոդելներ:

Հանգամանքների բերումով հայու և Հայաստանցու ձեռք բերած բնավորության վատ գծերի դեմ պետք է մղել պայքար, քաջալերել և խթանել լավ գծերը:

Պետք է տեւապես խթանել մարդկայնական սկզբունքներով (ներառյալ և անհրաժեշտաբար առողջ հայրենասիրությամբ) առաջնորդվող, համերաշխ և համագործակցող հայ մարդու տեսակը:

Սրանք են այն անելիքները, որոնք ունակ են լուծելու մարդկային և ազգային արժանապատիվ կյանքի ապահովման և ընդհանրապես գոյութենական խնդիրները:

Վերջնական ամփոփում

Արտաքին և անվտանգային քաղաքականության ուղենշերը:

  • Առավելագույն հնարավոր ինքնիշխանության ձեռքբերում, այսինքն` բոլոր երկրների,  առաջին հերթին Ռուսաստանի հետ արժանապատիվ հարաբերությունների հաստատում:
  • Բոլոր (առաջին հերթին պաշտպանական) առումներով հզորության անհապաղ ձեռքբերում:
  • Տարածաշրջանում աշխարհքաղաքական հնարավոր դատարկության Թուրքիայի կողմից կլանումը կանխելու նպատակով` մինչեւ սեփական հզորության ձեռքբերում Ռուսաստանի ռազմավարական առումով ներկայության պահպանում:
  • Տարածաշրջանային անվտանգության ապահովման և հավանական դատարկության այլ ուժերի կողմից շահագործումը կանխելու նպատակով սեփական ուժերով և տարածաշրջանային ու դրանից դուրս շահագրգիռ ուժերի հետ համատեղ անվտանգային դասավորության ձեւավորում:

Ներհասարակական հարաբերությունների և սոցիալ տնտեսական քաղաքականության ուղենշերը:

  • Նախ անհապաղ հասնել արժանապատիվ կենսամակարդակի և հոգեմտավոր մակարդակի նվազագույն շեմի, ապա նվաճել ավելի բարձր մակարդակներ: Այդ նպատակով` կիրառել ընդգծված սոցիալ-դեմոկրատական քաղաքականություն:
  • Պատրաստվել կենսունակ պայմաններում դիմավորելու վաղվա ավտոմատացված աշխարհի պայմանները: Դա ենթադրում է բարձր տեխնոլոգիական առաջընթացի ապահովում, դրա նկատմամբ հանրային վերահսկողության և մասնակցության ձեռքբերում, տեխնոլոգիական գիտելիքների հանրայնացում:
  • Մասնակցել նոր որակի, ավելի ազատ, արդար և հավասար,  մարդու նյութական և հոգեմտավոր ինքնաիրացմանն ավելի հարիր միջավայրի և կամ հասարակարգի ձեւավորման համաշխարհային պայքարին, աշխատանքներ տանել երկրի ներսում դրա նախադրյալների ստեղծման ուղղությամբ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter