
Փոխակերպվող աշխարհը եւ Հայաստանը
Ալեք Ենիգոմշյան
Ա. -Ներկա հասարակարգի կանոնների հնարավորինս սպասարկեցում ընդհանուրի շահերին - ընդգծված սոցիալ-դեմոկրատական քաղաքականություն
Հայաստանն անմիջականորեն պետք է լուծի երեք խնդիր. ապահովել երկրի ու ժողովրդի անվտանգությունը և պաշտպանունակությունը, բնակչության համար ներկան դարձնել տանելի, նույնիսկ հուսադրող, և նախապատրաստվել համաշխարհային փոխակերպումների հետեւանքներին:
Այս անմիջական խնդիրների լուծման անհրաժեշտ նյութական և բարոյահոգեբանական հիմքի ստեղծման համար պետք է`
- վերատիրանալ օտարված ենթակառուցվածքներին ու ռազմավարական ճյուղերին,
- ձեւավորել երկրի կարիքները հնարավորինս բավարարելու ունակ տնտեսական առողջ կառուցվածք,
- ձեւավորել սեփականության, հարստության վերաբաշխման ու հասարակական հարաբերությունների արդար համակարգ,
- ապահովել կրթական ու մասնագիտական համապատասխան մակարդակ:
Օտարված կառույցների նկատմամբ ազգային սեփականություն և վերահսկողություն հաստատելու հարցը պետք է լուծվի Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման շրջանակներում:
Մյուս խնդիրների լուծումը պահանջում է ընդգծված սոցիալ-դեմոկրատական քաղաքականության կիրառում:
Ինչո՞ւ սոցիալ-տեմոկրատական և ինչո՞ւ ընդգծված:
Նախ երկու խոսք կապիտալիստական հարաբերությունների պայմաններում սոցիալական քաղաքականության հնարավորությունների մասին:
Կապիտալիզմի գոյության իմաստը շահույթի ձեռքբերումն է, որի աղբյուրը վարձու աշխատանքի հենքի վրա ձեւավորվող հավելյալ արժեքն է: Շատ մեծ ծավալների հավելյալ արժեքի առկայությունը հնարավորություն է տալիս, բացի մեծ կապիտալիստներին գերշահույթներով ու առանձնաշնորհումներով ապահովելուց, բնակչության զգալի մասի համար ապահովել քիչ թե շատ ընդունելի կենսամակարդակ: Դա բխում է մեծ կապիտալի շահերից, որովհետեւ ապահովում է սոցիալական ու քաղաքական կայունությունը և երաշխավորում համակարգի անցնցում վերարտադրությունը: Դա ենթադրում է սոցիալ-ազատական և կամ սոցիալ-դեմոկրատական քաղաքականության կիրառում: Այդ քաղաքականությունը կիրառվել էր Բ. Համաշխարհային պատերազմը հաջորդած 2,5-3 տասնամյակներում կապիտալիստական համակարգի կենտրոնի հարուստ երկրներում (ԱՄՆ, Կանատա, արեւմտյան Եվրոպա, Ջապոնիա):
Վերոնշյալ «և-և»-ի, այսինքն միաժամանակ մեծ կապիտալիստների դիրքերն անսասան պահելու և բնակչության զգալի մասին ընդունելի կենսամակարդակ ապահովելու քաղաքականությունը չեր կարող ունիվերսալ կիրառում ունենալ, որովհետեւ հնարավոր չէ աշխարհում ամենուր այդքան մեծ ծավալների հավելյալ արժեք ձեւավորել: Ավելին. համակարգի կենտրոնում այդ ծավալի առկայությունն առնվազն մասամբ պայմանավորված է եղել համակարգի ծայրամասերում դրա բացակայությամբ:
Եթե ձեւավորվում է 100 միավոր հարստություն, որից 50-ը բավարար է ջնջին փոքրամասնության համար ապահովելու գերհհարուստի կարգավիճակ և առանձնաշնորհումներ, իշխանության լծակները տիրապետող այդ ջնջին փոքրամասնության շահերից է բխում, այդ կարգավիճակի շարունակականությունն ապահովելու համար, մնացած 50-ը բաշխել բնակչության, (ընդ որում ոչ հավասար հիմունքներով): Բայց եթե ձեւավորվում է ոչ մեծ ծավալների հավելյալ արժեք, ընդամենը 50 կամ պակաս միավոր հարստություն, հնարավոր է բավարարել կա'մ մեծ կապիտալի շահերը, ի հաշիվ բնակչության մեծամասնության բարօրության, կա'մ ամբողջ բնակչության արժանապատիվ կենսամակարդակը, բացառելով մեծ կապիտալի գոյությունն ու շահերը: Առաջինը ենթադրում է ավտորիտար կամ բռնատիրական համակարգ, որովհետեւ կեղեքված բնակչությունը տրամաբանականորեն իրեն կեղեքողների վերարտադրությունն իր ազատ կամքով ընտրությունների միջոցով չի երաշխավորի: Երկրորդը ենթադրում է ոչ թե սոցիալ-ազատական կամ մեղմ սոցիալ-դեմոկրատական քաղաքականության, որն այնուամենայնիվ երաշխավորում է մեծ կապիտալի շահերը, այլ այդ շահերը անհրաժեշտաբար բացառող ընդգծված սոցիալ-դեմոկրատական քաղաքականության կիրառում: Այս վերջինը, ապահովելով սոցիալական արդարություն, միաժամանակ երաշխավորում է ժողովրդավարությունը:
Կապիտալիզմի ճգնաժամը, այսինքն հավելյալ արժեքի, ուստի շահույթի ծավալների նվազումն ընդհանրապես վերացրել է «և-և»-ի հնարավորությունը: Այդ պատճառով դեռ 1970թթ.-ից կապիտալը հրաժարվել է մեղմ սոցիալ դեմոկրատիայից և նույնիսկ սոցիալ-ազատականությունից և որդեգրել ու աշխարհին պարտադրել նորազատականությունը: Հետեւանքները հայտնի են:
Հայաստանն ընդգծված սոցիալ-դեմոկրատիայից այլընտրանք չունի: Դա նշանակում է հավելյալ արժեքի ծառայեցում ընդհանուրի բարօրության նպատակին, թույլ չտալով, որ դա նախկինի նման յուրացվի փոքրաթիվ օլիգարխների կողմից:
Այդ քաղաքականությունը ենթադրում է հավելյալ արժեքի մեծ մասի կենտրոնացում հանրային սեկտորում և դրա օգտագործում վերոնշյալ խնդիրների լուծման համար: Դա չի նշանակում մասնավոր սեփականության և մասնավոր շահույթի արգելք, այլ դրանց սահմանափակման մեխանիզմների ներդրնում, մասնավոր հատվածում մեծ կապիտալի կենտրոնացման արգելակում:
Ներկա ժամանակները պահանջում են ժուժկալություն, ի հակադրություն զեխության և ցուցադրական սպառողականության: Քչացող հավելյալ արժեքը և բոլոր ռեսուրսները պետք է օպտիմալ կերպով օգտագործել դրված խնդիրների լուծման համար, այլ ոչ երբեք, ի հաշիվ ընդհանուրի բարօրության, երկրի անվտանգության ու ապագային` անհատների հարստացման ու զեխ կյանքի համար:
Չորս տասնամյակներ առաջ նորազատականությունը պետությունն ու հանրային հատվածը հռչակեց վատ տնտեսվարներ: Դա գաղափարախոսական կատարյալ ձեռնածություն էր: Հանրային/մասնավոր Խառը տնտեսությունը ետ-Բ Համաշխարհային պատերազմյան 3 տասնամյակներում արեւմուտքում տվել էր հրաշալի արդյունքներ: Սկանդինավյան երկրները դարձել են` այն ինչ են, խառը տնտեսության և սոցիալ-դեմոկրատիայի շնորհիվ: Հանրային հատվածը վատ տնտեսվար չէ: Դա չի նշանակում, ի հարկե, որ այն չի կարող վատ տնտեսվարվել: Կարող է, ինչպես կարող է վատ տնտեսվարվել մասնավոր սեփականությունը: Դրանից խուսափելու համար անհրաժեշտ է տեւապես թարմացնել ու կատարելագործել կոռուբցիայի բացառման և որակի ապահովման մեխանիզմները:
Հայաստանում ներկայում ներկայացուցչական ժողովրդավարություն է: Բայց այս իրավիճակը խախուտ է` այնքան ժամանակ, որ այն հենված չէ սոցիալապես քիչ թե շատ համասեռ հասարակության վրա: Ժողովրդավարության ամրագրման համար սահմանադրական և օրենսդրական փոփոխությունները խիստ անհրաժեշտ են, բայց դրանք կմնան թղթի կտորներ, եթե դրանց հենքը չդառնա սոցիալապես չբեւեռացված կամ առնվազն քիչ բեւեռացված հասարակությունը:
Այսպես, ինչպիսի՞ տնտեսություն և սոցիալական հարաբերություններ պետք է լինեն Հայաստանում:
ա. Տնտեսության կառուցվածք
- Գյուղատնտեսություն
- Հասնել երկրագործական բոլոր, ներառյալ ներկայում անմշակ թողնված հողերի օպտիմալ օգտագործման, կատարել մելյորացման աշխատանքներ:
- Պարենային անվտանգությունը հնարավորինս ապահովել տեղական միջոցներով:
- Հանքարդյունահանում և հանքարդյունաբերություն
- Հրաժարվել նոր մետաղահանքերի շահագործումից: Գործող մետաղահանքերին պարտադրել բնապահպանական խիստ նորմեր:
- Ոչ մետաղային հանքարդյունաբերությունն ու վերամշակումը զարգացնել` պահպանելով բնապահպանական նորմերը:
- Արդյունաբերություն
- Սեփական կարիքները (լայն և ոչ լայն սպառման) հնարավորինս արտադրել տեղում: Առաջնորդվել ոչ թե անհրաժեշտաբար շահույթի շարժառիթով, այլ որակի ապահովման և ինքնարժեքի վերադարձելիության չափանիշներով:
- Թվային տեխնոլոգիաներ (տեսնել ստորեւ)
- Ֆինանսական համակարգ և բանկեր
- Հնարավորինս ցածր տոկոսադրույքներով, արտադրության խթանման ուղղվածությամբ բանկային համակարգ, փոխօգնության և ինքնաֆինանսավորման համակարգ:
- Որակյալ ենթակառուցվածքներ:
- վերարտադրվող էներգոարտադրություն:
- Լայյնատարած ծառատնկում, անտառապատում:
բ. Սեփականության և աշխատանքային հարաբերություններ
- Օտար սեփականության ենթակա ռազմավարական ձեռնարկությունների և ենթակառուցվածքների ազգայնացում:
- Մասնավոր մենաշնորհների և կվազիմենաշնորհների օրինական և գործնական արգելանք:
- Տեղական մեծ և ռազմավարական ձեռնարկություններում հանրային զգալի սեփականության մասնաբաժնի հաստատում:
- Մասնավոր հատվածում գերշահույթի և կապիտալի կենտրոնացման ու գերկուտակման սահմանափակում:
- Արտադրական և սպառողական կոոպերատիվներ:
- Հանրային որակյալ և անվճառ կրթության և առողջապահության ապահովում:
- Երկրագործական լատիֆունդիաների վերացում, ընտանեկան ֆերմերության և կոոպերատիվների խթանում, անհրաժեշտության պարագայում (անմշակ հողերը բացառելու նպատակով) հանրային հիմունքներով գյուղատնտեսական ծրագրերի իրականացում:
- Դրամաւարկային, մաքսային և հարկային համապատասխան քաղաքականություն, պրոգռեսիվ շահութահարկ և եկամտահարկ:
- Արժանապատիվ աշխատանքային պայմաններ:
- Բոլոր հնարավոր ոլորտներում (արդյունաբերություն, ծառայություններ, պետական ծրագրով երկրագործություն եւայլն) վարձու աշխատողների սեփականության և որոշումների մասնակցության արդյունավետ մեխանիզմների մշակում և ներդնում:
- Հորիզոնական հարաբերությունների խթանում:
գ. Միջոցներ
- Թալանված հարստության հետբերում:
- Երկրում ստեղծված և հանրային վերահսկողության ներքո կենտրոնացված հավելյալ արժեք:
- Հանրային սեփականությունից եկամուտներ:
- Բանկային և փոխօգնության ֆինանսական համակարգի կողմից վարկավորում:
- Տեղական և արտասահմանյան մասնավոր ներդրումներ:
- Հարկեր, մաքսային մուտքեր:
- Համահայկական միջոցներ:
- Միջազգային օժանդակություն:
դ. Կրթություն
- Կրթվածության և գիտելիքների տեւական ապահովում, սովորելու մշակույթի ձեւավորում և արմատավորում:
- Տնտեսական վերոնշյալ գործունեության անհրաժեշտ մարդուժի պատրաստություն, ինժիներների, վարպետների և որակյալ բանվորների պատրաստություն:
- Հոգեմտավոր հորիզոնի ընդլայնում, մարդու և ազգի ինքնաիրացման արժեքների սերմանում:
Վերոնշյալ միջոցառումները պետք է ծառայեն ե'վ ներկան բարելավելու, ե'վ վաղվա ավտոմատացված աշխարհը հնարավորինս նպաստավոր դիրքերից դիմավորելու:
Մեկնաբանել