
Փոխակերպվող աշխարհը եւ Հայաստանը
Ալեք Ենիգոմշյան
2․Ներքին - տնտեսություն և հասարակարգ
Արտաքին խնդիրների լուծումն անհրաժեշտ է, որպեսզի անհատը, հասարակությունն ու ազգը կարողանան ինքնիշխան և անվտանգ պայմաններում իրականացնել իրենց նյութական ու հոգեմտավոր կենսագործունեությունը, իրացնել իրենց էությունը:
Հայաստանի քաղաքացիների և բնակիչների, հայ ժողովրդի և պետության ներկա ժամանակների գլխավոր խնդիրն է, արտաքին մարտահրավերների լուծման լավագույն հնարավոր պայմանների ձեւավորման զուգահեռ, ձեւավորել անհատի և հավաքականության արժանապատիվ կենսագործունեության ու ինքնաիրացմանն առավելագույնս նպաստող առարկայական և ներհասարակական հարաբերությունների պայմանները:
i. Իրավիճակը
Հայաստանը շատ հեռու է իր բնակչության և ընդհանրապես հայ ժողովրդին նյութական և հոգեմտավոր կենսագործունեության արժանապատիվ պայմաններ ապահոված լինելուց: Անցնող 2,5-3 տասնամյակներում տեղի է ունեցել հակառակը, իր աղետալի հետեւանքներով:
Հայաստանում տիրող ներքին պայմանների վրա անկասկած իրենց կարեւոր ազդեցությունն ունեցել են արտաքին գործոնները` Ադրբեջանի հետ պատերազմական վիճակը և կիսատ ինքնիշխանությունը, Ռուսաստանի գերազդեցությունը: Բայց գլխավոր պատճառները եղել են ներքին սոցիալ-տնտեսական և դրան ածանցված մյուս հարաբերությունները: Ավելին. Ռուսաստանի ազդեցությունը, որքան Մոսկվայի կայսերական քաղաքականության, նույնքան և ավելի` իշխանությունն ու իրենց առանձնաշնորհյալ դիրքերը պահպանելու նպատակով քաղաքատնտեսական վերնախավի կողմից կատարված զիջումների հետեւանք է:
Իրավիճակն էապես չի փոխվել 2018թ. համաժողովրդական ընդվզումից և իշխանափոխությունից հետո:
Ա. Սոցիալ-տնտեսական
ա. Տնտեսական և սոցիալական ներկա վիճակը
- Տնտեսության կառուցվածք
- հանքահումքի արդյունահանում և արտահանում,
- թերօգտագործված գյուղատնտեսություն, գյուղմթերքի արտահանում,
- արդյունաբերական նախկին հզորության փոշիացում, ներկայում` ոչ հզոր, գլխավորաբար գյուղմթերքի պահածոների արտադրության թեթեւ արդյունաբերություն,
- բավական կենսունակ ՏՏ ոլորտ, հիմնականում արտասահմանյան ձեռնարկությունների աուտսորսինգ,
- բացի ՏՏ ոլորտից` գիտական և գիտատեխնիկական մտավոր երբեմնի հզոր ռեսուրսի մեծավ մասամբ փոշիացում, արդյունաբերական և արհեստագործական վարպետների և որակյալ բանվորների պակասորդ,
- մարդուժի արտահանում, այդ միջոցով եկամուտի և արտարժույթի ապահովում,
- տուրիզմ,
- բարձր տոկոսադրույքներով, շատ ավելի սպառողական քան արտադրական վարկատու բանկային համակարգ,
- լայնածավալ ներմուծում (ներառյալ լայն սպառման ապրանքների):
- Սեփականություն, սոցիալ-տնտեսական հարաբերություններ:
- ենթակառուցվածքների և ռազմավարական նշանակության ձեռնարկությունների ռուսական սեփականություն և կամ կարավարում,
- կվազիմոնոպոլիզացված տնտեսություն (նախկինում կվոտաներով, 2018թ.-ից` զբաղեցրած դիրքով և հնարավորություններով),
- գյուղատնտեսական հողերի հետզհետե լատիֆունդիացում (հողերի կենտրոնացում, արտադրության` գործարանային տրամաբանությամբ, ցածր աշխատավարձերով կազմակերպում),
- ՏՏ ոլորտում և ֆինանսական հատվածում աշխատավարձերի համեմատաբար արժանապատիվ, մյուս ոլորտներում մեծավ մասամբ ցածր և շատ ցածր վարձատրություն,
- աշխատանքային ոչ արժանապատիվ պայմաններ,
- սոցիալական խոր բեւեռացվածություն, աղքատության բարձր մակարդակ, միաժամանակ գործազրկության բարձր մակարդակ և արտասահմանյան գերէժան աշխատուժի ներմուծում,
- մինչեւ 2018թ.` սեփականության և սոցիալական այս հարաբերությունների պահպանման ծառայող մաքսային, հարկային և դրամավարկային պաշտոնական և թաքուն քաղաքականություն, 2018թ.-ից` սահմանափակ փոփոխություններ:
բ. Տնտեսական և սոցիալական վիճակի պատճառները
- Սկզբնական պայմաններ. երկրաշարժ, շրջափակվածություն, ԽՍՀՄ փլուզում և տնտեսական հին կապերի վերացում, պատերազմ: Այդ պայմաններում, մինչեւ 1998թ.`
- նորազատական կապիտալիստական քաղաքականություն, ներքին գիշատչություն, գոյություն ունեցածի թալան (ոչ արտադրություն): Ապա`
- այդ իրավիճակի արմատավորում, իշխող կլանի փոփոխություն և իրավիճակի խորացում, Ռուսաստանի վերադարձ և ենթակառուցվածքների վրա վերահսկողության հաստատում, նաեւ արեւմտյան գիշատչական կապիտալի ներգրավվածություն:
Բ. Ներքին - այլ
- Բնապահպանական: Վարվող քաղաքականության պայմաններում` բնապահպանական աղետալի վիճակի առաջացում` թունավոր հանքարդյունաբերություն, անտառահատում (գլխավորաբար գիշատչական-շահադիտական բնույթի, բայց նաեւ աղքատությունից մղված) և անապատացում, սպառնալիք Սևանի (այսինքն Հայաստանի) գլխին:
- Ազատություններ, իրավունք, ժողովրդավարություն, պետական կառավարում. վերոնշյալ պայմաններում ձևավորված առանձնաշնորհյալների շահերի ու դիրքերի պահպանման նպատակով`, մինչեւ 2018թ.` ավտորիտարիզմ և բռնատիրություն, 2018թ.-ից ներկայացուցչական ժողովրդավարություն բայց իրավական համակարգում փոփոխության բացակայություն:
- Կրթություն և մշակույթ. վերոնշյալ պայմաններում` մակարդակի անխուսափելի անկում, մարդկանց վերահսկելի պահելու միտումով նախկին վարչախմբի կողմից այդ մակարդակի քաջալերում և օգտագործում «(ռաբիզ», սերիալներ ևայլն):
Գ. Հայաստանի և հայության որոշ յուրահատկություններ
- Մեծաթիվ սպյուռք. միաժամանակ ներուժ և ուծացման սպառնալիք:
- Պատմական պատճառներով հոգեբանական և մտածելակերպի բավական տարածում գտած յուրահատուկ գծեր. պետականության հակադրվածություն, սեփական հայրենիքի ու պետության նկատմամբ հավատի պակաս/բացակայություն և արտագաղթելու հակում, գաղութացված հոգեբանություն, փրկչի սպասում, անհատական և ընտանեատոհմային մտածողության գերակշռում, ոչ արյունակցական հավաքական մտածողության բացակայություն, փակվածություն և աշխարհում տեղի ունեցող գործընթացներին ոչ բավարար առնչվածություն (որի հետեւանքով` ոչ աննշան գավառականություն, նեղմիտ ազգայնականություն, սեքսիզմ եւայլն), կաշառակերության և կաշառատվության, կոռուպցիայի մշակույթի առկայություն, ցուցադրական սպառողականության հակվածություն եւայլն:
Դ. Հետեւանքը` ժողովրդագրական համաղետ
Վերոնշյալ առարկայական և ենթակայական պայմանների հետեւանքով Հայաստանն ու հայ ժողովուրդը հայտնվել են ներկա ժամանակների իրենց ամենաոխերիմ թշնամու` ժողովրդագրական ճիվաղի ճիրաններում: Արտագաղթը, չափազանց ցածր ու արդեն բացասական դարձող բնական աճը և ուծացումը հայերին ԱՆԽՆԱ հնձում են աշխարհի երեսից, իրենց հայրենիքում և արտերկրում:
ii. Լուծման ուղիները
Հայաստանում առկա են կամ մերթ ընդ մերթ շրջանառության մեջ են դրվում «փոսից դուրս գալու» առանձին կամ փոխկապակցված մոտեցումներ, առաջարկներ կամ պնդումներ. ազատ մրցակցային շուկայական հարաբերությունների հաստատում և ապաօլիգարխիացում, քաղաքականություն և տնտեսություն ոլորտների իրական և իրավական տարանջատում, արտահանման ուղվածությամբ արդյունաբերականացում, հաջողակ «վագրերի» օրինակների վրա մոդելավորում, «ստարտափերի» զարգացման ուղու որդեգրում, 4-րդ արդյունաբերական հեղափոխության գործընթացներին մասնակցություն, «մտքի աղքատության» թոթափում եւայլն:
Հայաստանն իր խնդիրները պետք է լուծի ե'ւ մեկնելով իր ներկա վիճակից ու գիտակցելով դրանց պատճառները, ե'ւ գիտակցելով աշխարհում տիրող պայմաններն ու գործընթացները և վերջիններից անելով համապատասխան հետեւություններ:
Ամփոփ վերհիշենք համաշխարհային իրադրությունն ու միտումները:
- Իրական տնտեսությունում շահույթի ձեւավորման և կապիտալի կուտակման հնարավորությունների շարունակական նվազում և խցանում, այդ պատճառով կապիտալիզմի կառուցվածքային ճգնաժամ:
- Տնտեսական աճի տեմպերի հետեւողական անկում:
- Կապիտալի և տնտեսության սպեկուլատիվ բնույթի ֆինանսականացում, պարտքային տնտեսության ձեւավորում:
- Թվային և ընդհանրապես նոր տեխնոլոգիական ոլորտների դեռեւս շարունակվող աճ, բայց
- Թվային և նոր տեղնոլոգիաների աճի բացասական ներգործություն զբաղվածության ընդհանուր մակարդակի և լայն բնակչության կենսամակարդակի վրա:
- Միջազգային առեւտրի ծավալների հետեւողական անկում:
- Սպասվող ֆինանսատնտեսական փլուզում:
- Սոցիալական բեւեռացվածության համընդհանուր խորացման և հարուստ երկրներում միջին դասի էռոզիայի պատճառով ազատական- ժողովրդավարական համակարգի ճգնաժամ:
- Ավտոմատացման գործընթացների տեւական առաջընթացի պատճառով աշխատանքի անհրաժեշտության ավարտի և աշխարհի` ավտոմատացված/ոչ ավտոմատացված երկրների միջեւ խզումի առաջացման միտում:
- Նշված երեւույթների և գործընթացների պատճառով համընդհանուր սոցիո-մշակութային և քաղաքակրթական ճգնաժամ:
- Ավելի արդար նոր հասարակարգի ձեւավորման հրամայական, որը, ի շարս այլ պայմանների, պահանջում է
- Ավտոմատացման գործընթացների նկատմամբ հանրային վերահսկողության հաստատում:
Իսկ Հայաստանում տիրում են հետեւյալ պայմանները:
- Ձեւախեղված և սեփական նյութական կարիքները բավարարելու քիչ ունակ տնտեսական կառուցվածք:
- Ենթակառուցվածքների և տնտեսության ռազմավարական ճյուղերի օտար սեփականություն և վերահսկողություն:
- Սեփականության և ռեսուրսների կենտրոնացվածություն:
- Սոցիալական խիստ բեւեռացվածություն և մեծամասնության ցածր կենսամակարդակ:
- Այս պայմանների պատճառով բարոյահոգեբանական ոչ դրական միջավայր:
Բայց նաեւ,
- Թվային տնտեսության ոլորտում կենսունակություն և ներուժ:
- Արտերկրահայության ներուժ:
Տեղական և համաշխարհային վերոնշյալ իրադրության և հատկապես միտումների պայմաններում` Հայաստանը պետք է կարողանա
- Համաշխարհային ոչ բարենպաստ պայմաններում անգամ իր ներկա աննախանձելի վիճակից նախ անհապաղ հասնել արժանապատիվ կենսամակարդակի և հոգեմտավոր մակարդակի նվազագույն շեմի, և ապա նվաճել ավելի բարձր մակարդակներ: Դա ենթադրում է ներկա հասարակարգի կանոնների հնարավորինս սպասարկեցում ընդհանուրի շահերին, այսինքն ընդգծված սոցիալ-դեմոկրատական քաղաքականության կիրառում:
- Պատրաստ լինել կենսունակ պայմաններում դիմավորելու վաղվա ավտոմատացված աշխարհի պայմանները` աշխատանքի հավանական ավարտ ու համաշխարհային մակարդակով համերաշխության բացակայության պարագայում` ավտոմատացված և ոչ ավտոմատացված երկրների միջեւ խզում: Դա ենթադրում է բարձր տեխնոլոգիական առաջընթացի ապահովում, դրա նկատմամբ հանրային վերահսկողության և մասնակցության ձեռքբերում, տեխնոլոգիական գիտելիքների հանրայնացում:
- Մասնակցել նոր որակի, ավելի ազատ, արդար և հավասար, մարդու նյութական և հոգեմտավոր ինքնաիրացմանն ավելի հարիր միջավայրի և կամ հասարակարգի ձեւավորման համաշխարհային պայքարին, երկրում խթանել դրա տրամաբանությունն ու ներդնել համապատասխան մոդելներ:
Այս խնդիրներից յուրաքանչյուրը քննենք առանձին:
Մեկնաբանել