
Փոխակերպվող աշխարհը եւ Հայաստանը
Ալեք Ենիգոմշյան
VII. Հայաստանի խնդիրները և նրանց լուծման ուղիները` համաշխարհային և
տարածաշրջանային գործընթացների ու միտումների պայմաններում
Ցանկացած պետության գործառույթը պետք է լինի իր քաղաքացիների և ընդհանրապես բնակչության անդամների անհատական և տվյալ ազգի հավաքական` արժանապատիվ կենսագործունեության ու ինքնաիրացման պայմանների ապահովումը, ինչպես նաեւ այդ պայմանների` ապագայի համար եւս ամրագրումը: Դա, բացի ներքին պայմաններից, պահանջում է արտաքին անվտանգության և ինքնիշխանության ապահովվածություն:
Հայաստանի պարագայում իրավիճակը թերի է ե'վ ներքին, ե'վ արտաքին հարթություններում:
1․ Արտաքին մարտահրավերներ - ինքնիշխանություն և անվտանգություն
i. Իրավիճակը
Ա. Պետական ինքնիշխանության ոլորտ
- Հայաստանը վայելում է խիստ սահմանափակ գերիշխանություն: Նա հիմնականում գտնվում է Ռուսաստանի, որոշ չափով նաեւ Արեւմուտքի (գլխավորաբար ԱՄՆ-ի) ենթակայության և նրանցից կախվածության վիճակում:
- Ուժերի աշխարհքաղաքական դասավորության առումով Հայաստանը գտնվում է Ռուսաստանի ռազմավարական ազդեցության դաշտում:
- Բացի աշխարհքաղաքականից, Ռուսաստանը Հայաստանի ներքին և արտաքին քաղաքականության նկատմամբ տիրապետում է ուղղակի և անուղղակի ահռելի ազդեցության և լծակների. ենթակառուցվածքներ և տնտեսություն, պաշտպանություն և այլ ուժային կառույցներ, դիվանագիտություն, սեփական հատուկ ծառայությունների և գործակալական ցանցի ակտիվ ներկայություն և ազդեցություն եւայլն:
- Արեւմուտքն ու հատկապես ԱՄՆ-ը եվս ունեն տնտեսական և այլ ազդեցության որոշակի լծակներ (ուղղակի, Համաշխարհային Պանկ, ԱՄՀ եւայլն), էներգետիք ոլորտում ազդեցության մեծացման շահագրգռվածություն, հանքահումքային շահագրգռվածություն, գործակալական ցանց:
Բ. Անվտանգության ոլորտ
- Հայաստանի անվտանգային միջնաժամկետ գլխավոր սպառնալիքը շարունակում է մնալ Թուրքիան:
- Կարճաժամկետ գլխավոր սպառնալիքն է Ադրբեջանի հետ անհավասար պատերազմի վտանգը:
- Տեւական խնդիր է մնում ներկա Հայաստանի տարածքի սահմանափակ լինելու հարցը, ժառանգված` 1921թ. Մոսկվայի և Կարսի բոլշեվիկաքեմալական պայմանագրերից: Դա ե'վ պատմական արդարության, ե'վ պաշտպանական հուսալի բնագծերի ապահովման, ե'վ երկրի ընդհանուր կենսունակության պայմանների ապահովման, այսինքն ազգային ու պետական համալիր անվտանգության խնդիր է:
- Աշխարհքաղաքական առումով Թուրքիայի սպառնալիքին պատվար է հանդիսանում Հայաստանում Ռուսաստանի ռազմավարական ներկայությունը:
- Ադրբեջանական սպառնալիքի պարագայում Ռուսաստանը խաղում է երկդիմի խաղ, նպաստելով Բաքվի սպառազինմանը և հանդես բերելով Արցախում ռազմական ներկայության նկրտումներ։
ii. Լուծման ուղիները
Հայաստանը պետք է լուծի ինքնիշխանության և անվտանգության ապահովման խնդիրները, այսինքն`
- դառնա իր ճակատագրի տերը, ձեռք բերի առավելագույն հնարավոր պետական գերիշխանություն, ազատվի Ռուսաստանի և ցանկացած այլ երկրի նկատմամբ ենթակայեցված հարաբերություններից, այլ պետությունների հետ գտնվի փոխադարձ հարգալից և արժանապատիվ հարաբերությունների մեջ,
- օժտված լինի ոչ միայն Ադրբեջանին արկածախնդրական մտադրություններից տարհամոզելու, իսկ արկածախնդրության դիմելու դեպքում նրան ջախջախելու հնարավորություններով, այլեւ գլխավոր ռազմավարական սպառնալիքին` Թուրքիային` իր նկատմամբ նկրտումներից զերծ պահելու և նրանից պաշտպանվածության ունակությամբ:
Հայաստանը այս խնդիրները պետք է լուծի համաշխարհային և տարածաշրջանային աշխարհքաղաքական գործընթացների և միտումների այնպիսի պայմաններում, որտեղ`
- աճում են միջազգային լարումները,
- ԱՄՆ-ը, չնայած շարունակում է մնալ աշխարհի անհամեմատ ամենահզոր տերությունը, դադարել է լինել համաշխարհային բացարձակ հեգեմոն ուժը, և նրա համեմատական թուլացման միտումը շարունակվելու է, հետեւաբար
- աշխարհում բացակայում է և առնվազն տեսանելի ապագայում բացակայելու է բացարձակ հեգեմոն ուժ, որը կկարողանա իր կամքը թելադրել բոլորին,
- Ռուսաստանն ու ԱՄՆ-ը միջին ժամկետում (15-25 տարի) Այսրկովկասում որոշիչ ներկայություն և դերակատարություն չեն ունենալու:
- այլ դասավորություն չձեւավորվելու պարագայում միջին ժամկետում Այսրկովկասում գերիշխող ուժ է դառնալու Թուրքիան, Հայաստանի համար ստեղծելով գոյութենական լրջագույն սպառնալիք` ոչ միայն պատմական թշնամանքի, այլ, առաջին հերթին` Թուրքիայի նաեւ դեպի արեւելք ծավալվելու ռազմավարական նպատակի իրականացման ճանապարհին ցցված խոչընդոտ համարվելու պատճառով:
Իրերի սպասվող այս դրության ի տես, Հայաստանի գլխավոր մարտահրավեր պետք է համարել հետեւյալը: Թույլ չտալ, որ տարածաշրջանից Ռուսաստանի մոտակա կամ միջին ժամկետում անխուսափելի հեռացման հետեւանքով Այսրկովկասում առաջանա աշխարհքաղաքական և անվտանգային դատարկություն, թույլ չտալ, որ Այսրկովկասում Թուրքիան դառնա գերիշխող ուժ:
Հայաստանն այսրկովկասից Ռուսաստանի հեռացման պահին պետք է իր տարածքում ձեռք բերած լինի Թուրքիայի նման նկրտումները կանխարգելելու ունակ հզորություն, իսկ տարածաշրջանում, այլ երկրների հետ պայմանավորվածությունների ձեռքբերման շնորհիվ` պետք է ապահոված լինի Թուրքիան սանձելու ունակ ուժերի դասավորություն:
Հզորության ձեռք բերումը ենթադրում է ինքնիշխանություն: Միայն ինքնիշխան, սեփական ճակատագրի տեր երկիրը կարող է իր խնդիրներին լավագույն լուծումներն ապահովել: Հետեւաբար ինքնիշխանությունը, որը բացարձակ արժեք է և որը Հայաստանը պետք է իրականացնի անկախ այլ նկատառումներից, տվյալ դեպքում ստանում է բազմապատիկ նշանակություն:
Բայց հզորության ձեռք բերումը ժամանակ պահանջող գործընթաց է: Չափազանց կարեւոր է, որ մինչեւ սեփական հզորության ձեռքբերումը Հայաստանը զրկված չլինի Թուրքիայի նկատմամբ պաշտպանվածությունից: Ներկայում, չնայած այլ առումներով ենթակա/գերիշխող հարաբերություններին, այդ պաշտպանվածության երաշխիքը Հայաստանի` Ռուսաստանի ռազմավարական ազդեցության գոտում գտնվելու իրողությունն է: Չնայած գերիշխանությունը ենթադրում է բոլոր ուժերի, հետեւաբար նաեւ Ռուսաստանի բոլոր, ներառյալ աշխարհքաղաքական ազդեցությունից ձերբազատվածություն, Հայաստանի և հայ ժողովրդի գերագույն շահը տվյալ դեպքում պահանջում է, մինչեւ սեփական հզորության կայացումը չհրաժարվել Ռուսաստանի աշխարհքաղաքական ազդեցության դաշտում գտնվելուց և չնպաստել Ռուսաստանը տարածաշրջանից հեռացնելու ծրագրերին:
Հայաստանը պետք է հաջողի տարանջատել հայ-ռուսական հավասար և արժանապատիվ հարաբերությունների («ապավասալացման», «ապագաղութացման») խնդիրն ու Կովկասից հարավ բացառապես անվտանգության առումով ազդեցության գոտու խնդիրը:
Այս տարանջատումն անիրապաշտական չէ:
Ռուսաստանը Այսրկովկասում, տվյալ դեպքում Հայաստանում հետապնդում է առաջին հերթին իր կովկասյան դարպասը պաշտպանելու նպատակ: Կովկասյան լեռնաշղթան Ռուսաստանի համար ունի պաշտպանական պատվարի կարեւորագույն նշանակություն: Իսկ Այսրկովկասը Կովկասյան պատվարի նախադուռն է: Այսօր կորցնել Այսրկովկասը նշանակում է վաղը կորցնել Կովկասը. իսկ Կովկասի կորուստը նշանակում է Ռուսաստանի վերջը:
Շահերը, հետեւաբար, փոխադարձ են, ոչ միակողմանի:
Հայաստանը, իր ազգային ու պետական շահերից ելնելով, պետք է կարողանա Ռուսաստանի հետ հանգել մի կողմից իր գերիշխանության հարգման ու մյուս կողմից նրա աշխարհքաղաքական ներկայության շարունակման շուրջ փոխադարձ համաձայնության:
Առաջիկա ժամանակներում Հայաստանի դիվանագիտության գլխավոր խնդիրը պետք է լինի, հիմնվելով հարցերի տարանջատման մոտեցման վրա, հասնել Ռուսաստանի հետ այդպիսի փոխհամաձայնության ձեռքբերման: Ռուսաստանի կողմից առաջ քաշված` «Հայաստանը գնալու տեղ չունի» թեզիսին պետք է հակադարձել «Ռուսաստանն այլընտրանք չունի» թեզիսը և նրա մոտ գնալով ավելի արմատավորել այդ համոզումը:
Այսպես, միջնաժամկետ առումով Հայաստանի անվտանգային, տարածաշրջանային և արտաքին առաջնային խնդիրն է նախապատրաստված լինել այն հավանական սցենարին, երբ Ռուսաստանը հեռացած կլինի Այսրկովկասից իսկ ծավալապաշտ Թուրքիան կփորձի գրավել նրա տեղը:
Հայաստանի` միջնաժամկետ (15-25 տարի) (քաղաքականությունը, որից պետք է բխեն նաեւ կարճաժամկետ քայլերը, պետք է հետապնդի հետեվյալ նպատակները.
- Առավելագույն հնարավոր ինքնիշխանության ձեռքբերում, այսինքն` բոլոր երկրների, առաջին հերթին Ռուսաստանի հետ արժանապատիվ հարաբերությունների հաստատում:
- Բոլոր (առաջին հերթին պաշտպանական) առումներով հզորության անհապաղ ձեռքբերում:
- Մինչեւ սեփական հզորության ձեռքբերում Ռուսաստանի ռազմավարական առումով ներկայության պահպանում:
- Տարածաշրջանային և դրանից դուրս շահագրգիռ ուժերի հետ անվտանգային համատեղ դասավորության ձեւավորում:
Մնացածը պետք է համարվեն այս նպատակներից բխող մանրամասներ:
Մեկնաբանել