HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Փոխակերպվող աշխարհը եւ Հայաստանը

Ալեք Ենիգոմշյան

սկիզբը

IV. Նոր հասարակարգի ձեւավորման մարտահրավեր - Պայքար ավելի լավի և ավելի վատի միջեւ

  • Ներկա, կապիտալիստական հասարակարգն ու նրա խաղի կանոնները մահամերձ են: Վարձու աշխատանքի և հավելյալ արժեքի ստեղծման հենքի վրա շահույթի ձեւավորումն ու կապիտալի կուտակումը դարնում է գնալով ավելի անիրականանալի, իսկ ավտոմատացումն սպաննում է վարձու աշխատանքի բովանդակ տրամաբանությունը: Ամենայն հավանականությամբ այս համակարգը 2-3 տասնամյակից ավելի չի դիմանա: Հասարակական նոր հարաբերությունների հիմունքով մի նոր հասարակարգի ձեւավորումը դարնում է, եթե ոչ անխուսափելի, առնվազն չափազանց հավանական: Անգամ եթե ներկա համակարգն ամբողջությամբ չվերանա և չփոխարինվի մեկ ուրիշով, այն չի կարողանալու նույն պարամետրներով գոյատեւել և թեկուզ նույն համակարգում բայց այլ որակով միջավայրի ձեւավորումը դառնում է անխուսափելի:
  • Նոր հասարակարգի կամ ներկա հասարակարգում էապես տարբեր միջավայրի բնույթը կանխատեսելի չէ: Այն կարող է լինել ներկայինից ավելի վատը, կամ ավելի լավը, կախված այն բանից, թե ո՞վ է հաղթական դուրս գալու այդ երկու տարբերակների միջեւ այսօր իսկ ընթացող և առաջիկա տարիներին շարունակվելիք պայքարից:
  • Ներկա համակարգի շահառուները, մեծ կապիտալիստները, արդեն իսկ մտմտում և ծրագրում են լուծումներ, որոնք հնարավորություն կտան նոր պայմաններում պահպանել և ամրապնդել իրենց վայելած առավելություններն ու դիրքերը: Տարբերակները կարող են լինել տարբեր, ամենավատից մինչեւ հարաբերաբար մեղմը, կախված դեպքերի զարգացումներից և այլ հանգամանքներից: Նույնիսկ «մեղմը», սակայն, հաստատապես լինելու է ներկայինից ավելի անարդար, հիերարխիական, ավտորիտաբռնատիրական և, գուցե ամենակարեւորը`, ապամարդկայնացնող: Այդ տարբերակներից որեւիցե մեկի հաղթանակի պարագայում ժողովուրդները հպատակեցնելու գլխավոր գործիքը, մահակը լինելու են տեխնոլոգիաներն ու առաջին հերթին արհեստական բանականությունը: Նման տարբերակների պարագայում մարդկությունն ամենայն հավանականությամբ կորցնելու է հազարամյակների ընթացքում ազատության ճանապարհին ձեռք բերած նվաճումները:*
  • Բայց այդպիսի հանգուցալուծումները բնավ կանխորոշված չեն: Հնարավոր է և բացարձակապես անհրաժեշտ դրանց իրականացումը թույլ չտալ: Ավելին. հնի ավարտը լավագույն առիթն է ավելի լավն ստեղծելու: Բայց դա կախված է ժողովրդների, քաղաքացիների հստակատեսությունից և վճռակամությունից: Նրանք պետք է պայքարեն ավելի ազատ, արդար, հավասարամետ, մարդկայնական հասարակարգի ձեւավորման համար, մի հասարակարգի, որն ազատված կլինի ամեն ինչի ապրանքայնացման ապամարդկայնացնող ախտից և որտեղ հարաբերություններն ազատված կլինեն մարդկանց` միմիանցից ու բնությունից օտարացնող հանգամանքներից, որտեղ տեխնոլոգիան, տվյալ դեպքում արհեստական բանականությունը և աշխատանքի անհրաժեշտության ավարտի միտումը կծառայեն մարդու, բոլոր մարդկանց ազատության ու ազատ ստեղծագործականության հնարավորությունների իրացման: Նույնիսկ եթե հնարավոր չէ միանգամից ձեւավորել այդպիսի մի հասարակարգ, առնվազն պետք է պայքարել հանուն դրան ձգտող և միտված հասարակարգի ձեւավորման: Դա պետք է անել այսօրվանից, այս տարիներին:

* Տարբերակներից մեկը, որ ներկա համակարգի շահառուների կողմից քննարկվում է, անխտիր բոլոր մարդկանց բազային նվազագույն եկամուտով ապահովելու ինչ որ մեխանիզմի մոգոնումն է, որով մարդիկ կդառնան ավտոմատացված սարքերի արտադրանքի սպառողները: Այս տարբերակի կայացման պարագայում մնում է ապահովել մարդկանց մշտապես բթացված վիճակում պահելու համար անհրաժեշտ կրկեսը, ու նրանք կդառնան մարդկային էությունից դատարկված զոմբիներ: Իրականում` ավտոմատացված բայց ապրանքային տնտեսության պայմաններում ունիվերսալ բազային եկամուտի մշտական ապահովումը տնտեսագիտական առումով մեղմ ասած կասկածելի է:

Քննարկվում է նաեւ «ռոբոտի հարկի» հաստատման տարբերակ, ինչը կթանկացնի ավտոմատացված ապրանքների գներն ու հնարավորություն կթողնի ամբողջությամբ չվերացնելու աշխատանքն ու նրա վարձատրությունը:

Չի կարելի բացառել մարդկանց 99,9....%-ին իրենց ճակատագրին թողնելու տարբերակը: Արհեստական բանականությունն արդեն օգտագործվում է մարդու բնախոսությունը փոխելու, նրան «գերմարդ» դարձնելու ուսումնասիրությունների վրա: Հաջողության պարագայում այդ «ձեռքբերումներից» «կօգտվեն» աննշան թվով մարդիկ: Զուգահեռաբար մշակվում են մարդկանց ոչ միայն ֆիզիկական, այլեւ մտավոր ու հոգեբանական վերահսկման ու ներազդեցության ներքո պահելու մեխանիզմներ:

Կարող են լինել նաեւ հիբրիդային կամ այլ «լուծումներ»: Կարեւորն այս բոլորում այն է, որ նման տարբերակների պարագայում մարդկությունն ամենայն հավանականությամբ կկորցնի  հազարամյակների ընթացքում ազատության ճանապարհին ձեռք բերած նվաճումները:

Նման հավանականությունները բացառելու միակ միջոցը արհեստական բանականության և ավտոմատացման գործընթացների վրա հանրային վերահսկողության հաստատումն է:

V․Նոր որակի հասարակարգի ձեւավորման խնդիրները

  • Ներհասարակական, միջազգային և շրջակա միջավայրի հետ նոր որակի հարաբերություններով հատկանշվող, հնարավորինս ազատ ու արդար, հավասարամետ և մարդկայնական հասարակարգի ձեւավորման և կայացման միակ երաշխիքը լինելու է արդեն սկսված և առաջիկա տարիներին ու մեկ-երկու տասնամյակներին տեղային և համաշխարհային մակարդակներում մղվելիք պայքարը: Այդ պայքարը տեղի է ունենում դեռեւս ներկա համակարգի պայմաններում:
  • Դրական նորի համար պայքարն սկսել այսօր, հնի պայմաններում, նշանակում է գործել հնի, թեկուզ և խիստ կաղացող խաղի կանոնների պայմաններում, ընդունել մասամբ խաղալ այդ խաղի կանոններով: Դա նաեւ նշանակում է, ճգնաժամի խորացման պատճառով, գործել գնալով ավելի վատացող պայմաններում: Այս իրողությունները թելադրում են միաժամանակյա և ներդաշնակեցված երկու մոտեցումների որդեգրում.

- Ներկա հասարակարգի պայմաններում նրա կանոնների հնարավորինս սպասարկեցում ընդհանուրի շահերին (ընդգծված սոցիալ-դեմոկրատական քաղաքականություն):

- Ներկայինից տարբերվող, նոր որակի, հնարավորինս ազատ ու արդար հասարակարգի տրամաբանության սերմանում և մոդելների ներդնում (ապաապրանքայնացում, ինքնակառավարում, հորիզոնական հարաբերություններ, մասնակցային և ուղիղ ժողովրդավարություն, ի տարբերություն և հակադրություն շահույթի և տնտեսական աճի ձգտման` ձգտում նյութական առողջ կարիքների և հոգեմտավոր պահանջների բավարարման), ուստի`

  • Նոր հասարակարգի ձեւավորումն անհրաժեշտաբար պահանջելու է հասարակության ընկալման և կազմակերպման, անհատ/հասարակություն, մասնավոր/ընդհանուր (ունիվերսալ) հարաբերությունների վերաճշգրտում:
  • Ծարացած խնդիրների բնույթն ու տարողությունն այնպիսին են, որ դրանք պահանջում են ոչ միայն տեղային-պետական, այլ անհրաժեշտաբար նաեւ գլոբալ-միջազգային լուծումներ:
  • Դրական նորի կայացման հաջողության գլխավոր երաշխիքներից մեկը հանդիսանալու է ավտոմատացման գործընթացների վրա ներկա ընթացքում (մինչեւ ներկա հասարակարգի փլուզում) հանրային վերահսկողության հաստատումը:

VI. Այսրկովկասյան տարածաշրջանը համաշխարհային փոխակերպումների պայմաններում - միջնաժամկետ (15-25 տարի) միտումները

  • Ինչպես եղել է անցյալում, նույնպես և ապագայում Հայաստանի ճակատագիրը կարեւոր չափով պայմանավորված է լինելու տարածաշրջանային աշխարհքաղաքական զարգացումներով և դրանց նկատմամբ Հայաստանի ու հայ ժողովրդի դիրքորոշման համարժեքությամբ:

Որո՞նք են լինելու համաշխարհային խորքային փոխակերպումների աշխարհքաղաքական ամենահավանական անդրադարձներն ու հետեւանքները այսրկովկասյան տարածաշրջանում:

  • Նախ կարճ վերհիշեցում:

- Աշխարհում արդեն իսկ դադարել է գոյություն ունենալ միահեծան, իր կամքը բոլորին պարտադրելու ունակ  հեգեմոն ուժ: Ավարտվել է ԱՄՆ հեգեմոն ցիկլը: ԱՄՆ-ը շարունակում է մնալ աշխարհի անհամեմատ ամենահզոր պետությունը,  բայց արդեն չունի ոչ կարողությունը, ոչ էլ ցանկությունը լինելու աշխարհի բացարձակ հեգեմոնը, առավել եւս ոստիկանը: Ավելին. առաջիկա տարիներին և տասնամյակներին նրա հարաբերական առավելությունն ու ազդեցությունը շարունակելու են նւազել: Համընդհանուր ճգնաժամի պատճառով նրան փոխարինող բացարձակ հեգեմոն չի ձեւավորվելու:

- Պատմությունը ցույց է տալիս, որ բացարձակ հեգեմոնի բացակայության պարագայում Ձեւավորվում են տարածաշրջանային հեգեմոններ, գերիշխող ուժեր և նրանց շուրջ ձեւավորվող բեւեռներ:

  • Այսրկովկասն ընդգրկող լայն տարածաշրջանում միջնաժամկետ փուլում հեգեմոն դառնալու հավակնություն տեսականորեն կարող են ներկայացնել երեք ուժեր. Ռուսաստանը, Իրանը և Թուրքիան:
  • Ռուսաստանն իր բնույթով կայսերական երկիր է և շարունակում է մնալ այդպիսին: Բայց որպես տերություն այն գտնվում է իր մայրամուտում: Նրա մարումը թվում է անխուսափելի: Լրջագույն խնդիրները, որոնց դեմ հանդիման է գտնվում այդ երկիրը, եթե ոչ կարճ, ապա միջին ժամկետում (15-25 տարի) վստահաբար հարցականներ են առաջացնելու նրա միասնական կամ կենտրոնաձիգ գոյության շարունակման հնարավորությունների առումով: Գործնականում, չնայած ներկայում Ռուսաստանն Այսրկովկասում ամենաազդեցիկ ուժն է, նրա` տարածաշրջանային ամբողջական հեգեմոն դառնալու և այդպիսին մնալու հավանականությունը համարյա բացառվում է:
  • Իրանը եւս գտնվում է բազում խնդիրների առաջ և հեռանկարների առումով, առնվազն ներկա դրությամբ, գտնվում է Թուրքիայից հետ մնացած կարգավիճակում:
  • Տարածաշրջանային հեգեմոն դառնալու ամենալուրջ թեկնածուն, իր դիմագրաված խնդիրներով հանդերձ, մնում է Թուրքիան: Այդ երկիրն ունի իր աշխարհագրական լայն տարածաշրջանի (մերձավոր արեւելք, արեւելյան Միջերկրական, արեւելյան բալկաններ, Սև և Կասպից ծովերի ավազաններ, ներառյալ Այսրկովկասը) գերիշխող ուժը դառնալու թե' հավակնություն, և թե' որոշ նախադրյալներ: Այն արդեն իսկ ոտնատեղեր է ստեղծում բոլոր այս ուղղություններով:
  • Իր հետեւողական թուլացման պատճառով Ռուսաստանը ուշ կամ շուտ հեռանալու է այսրկովկասից, Կովկասից:

Համաշխարհային առումով իր հեգեմոն դիրքը կորցնելու, հարաբերական հզորության լրացուցիչ թուլացման և իր աշխարհքաղաքական առաջնահերթությունների փոփոխման պատճառով ԱՄՆ-ը եւս միջին ժամկետում այս տարածաշրջանում ամենայն հավանականությամբ չի ունենալու ռազմավարական ներկայություն:

Նման պայմաններում Այսրկովկասում և Միջին Ասիայում Ռուսաստանի տեղը անպայման փորձելու է գրավել Թուրքիան:

(շարունակություն)

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter