HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նոր հէկ Եղեգիսում՝ «Ազատ դեմոկրատներ» կուսակցության պատգմավորի թեկնածուի մասնակցությամբ

Շրջակա միջավայրի նախարարությունը տեղեկացնում է, որ ջրային ռեսուրսների կառավարման գործակալությունը մշակում է «Գնդասար Էներգո» ՍՊԸ-ի ներկայացրած նոր ջրօգտագործման թույլտվության նախագիծը։

Նախատեսվում է փոքր հիդրոէլեկտրակայան կառուցել Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքի Հորս բնակավայրի վարչական տարածքում՝ «Սպիտակի» կոչվող 4 աղբյուրներից։

«Գնդասար էներգո» ընկերությունը գրանցվել է 2018թ․ սեպտեմբերի 14-ին։ Երկու բաժնետր ունի՝ Արմեն Լենիկի Առաքելյանը՝ 80% և «Դի-Էյջ-Դի-Կոնտակտ» ՍՊԸ-ն` 20 %։

Արմեն Առաքելյանը նաև ընկերության տնօրենն է։ Վերջինս հաշվառված է Վայոց ձորի մարզի Շատին համայնքում և 2017-ին «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունից առաջադրվել էր պատգամավորի թեկնածու։

Արմեն Առաքելյանը, պետռեգիստրի տվյալներով, առնչություն ունի նաև «Եղեգհէկ» (Շատինում հէկ է շահագործում), «Գնդասար ջուր», «Աղբյուր հէկ» ՍՊԸ-ներին։

20 տոկոսի բաժնետեր «Դի-Էյջ-Դի-Կոնտակտ» ՍՊԸ-ն ևս Հայաստանում է գրանցված: Ըստ ՊԵԿ-ի՝ գործող է և զբաղվում է մասնագիտական, գիտական և տեխնիկական գործունեությամբ։

Երկու բաժնետեր ունի՝ Հակոբ Լյուդվիգի Դինգչյանը և ԱՄՆ քաղաքացի Մայքլ Ջեյմս Դելֆիան։ Նրանք հավասար մասնակցություն ունեն ընկերության բաժնեմասում։

Հակոբ Դինգչյանը 17 տարի եղել է Սյունիքի և Վայքի տարածաշրջանի կապի տեխնիկական համակարգերի գլխավոր ինժեներ, այնուհետև  նույն ընկերության գլխավոր տնօրեն, Որոտանի հիդրոէլեկտրակայանների համակարգի գլխավոր տնօրեն։ 2000-2008թ. աշխատել է ԱՄՆ Զարգացման գործակալության կողմից ֆինանսավորվող ՊԱ Խորհրդատվական ընկերությունում որպես  ալտերնատիվ էներգիային, այդ թվում նաև արևային էներգիային առնչվող նախագծերի մենեջեր և տեխնիկական փորձագետ:

Հակոբ Դինգչյանը նաև տարբեր տեսակի գործունեություն ծավալող «Դիկոնտ» ՍՊԸ-ում է բաժնետեր եղել։ Այժմ էլ ընկերության ղեկավար կազմում է։

Մայքլ Ջեյմս Դելֆիայի մասին համացանցում գտանք այն, որ վերջինս որպես USAID ծրագրի ավագ էներգետիկ փորձագետ է հանդես եկել Վրաստանում՝ G4G (Governing for Growth) ծրագրի համար։ Վերջինս 2002թ․ գրանցված ընկերությունում բաժնեմասը ձեռք է բերել 2008թ-ին։  

Փորձեցինք հէկի կառուցման և USAID մասնագետի ներգրավվածության վերաբերյալ մանրամասներ ճշտել Հակոբ Դինգչյանից։ Սակայն «Դիկոնտ» ՍՊԸ-ից մեզ փոխանցված հեռախոսահամարին Հ․Դինգչյանը չպատասխանեց։

 

Հորս բնակավայրի վարչական ղեկավար Շմավոն Ամրգուլյանը «Հետքի» հետ զրույցում պատմեց, որ 4 աղբյուրներից իրենք այժմ չեն օգտվում, և իրենց խմելաջրին հէկի կառուցումը խոչընդոտ չի առաջացնի։

«Մեր խմելու ջրի հետ կապված խնդիր չկա, մենք ավելի վերևից ենք ջրամատակարարում իրականացնում։ Դրանք ներքևի տարբեր տեղերից, քիչ-քիչ, կարելի է ասել՝ կաթիլ-կաթիլ հավաքվում են փոքր ձորակների մեջ։ Էդ առուներով մենք նախկինում դաշտերն էինք ոռոգում, ցանքատարածություններ ունեինք, բայց հիմա տենց չենք օգտվում»,- նշեց Շմավոն Ամրգուլյանը։

Վարչական ղեկավարը փոքր-ինչ տարակուսանք ուներ, որ հէկը կկարողանա ամբողջ ծավալով  աշխատել, քանի որ այդ առուներով մեծ ծավալի ջուր չի հոսում։ Նրա կարծիքով, հէկը սեզոնային պիտի աշխատի, որովհետև երաշտի դեպքում առուներից կարող է նույնիսկ ջուր չհոսել։

«Իրենք ասում են՝ փոքր գեներատոր կդնեն ամռանը,- փոխանցեց Շմավոն Ամրգուլյանը։ Մենք նախնական պայմանավորվել ենք, իհարկե նաև հանրային քննարկում էլ է եղել, որ ապրիլ, մայիս և հունիս ամիսը պետք է օգտագործվի էդ ջուրը, մնացածը ոռոգման նպատակով պիտի ուղղենք մեր ջրամբարը»։

Վարչական ղեկավարն ասում է, որ հէկն ինչ-որ առումով իրենց գյուղին ձեռնտու է, քանի որ նախ այդ առուները կմտնեն իրենց գյուղի խաղողի այգիների համար ոռոգման աղբյուր հանդիսացող Հորս վտակը։ Բացի դրանից, գյուղի ջրամբարը սնուցման համար արտաքին ցանց չունի, պիտի լիցքավորվեր անձրևի և ձնհալի ջրերով։ Վերջին տարիները երաշտային են եղել, և ջուր գրեթե չի կուտակվել ջրամբարում։ Հէկի կառուցոմով այդ ջրերը հատվածաբար կուղղվեն նաև ջրամբար, մի մասը հէկի, մյուս ման էլ՝ գյուղում նախատեսված մեկ այլ լծրագրի միջոցով։ 

«Հորս-1» փհէկի համար ջրօգտագործման թույլտվության նախագծի մշակման աշխատանքների և փաստաթղթեի նախնական տարբերակին դիտողություններ և առաջարկներ ներկայացնելու և համար նախարարությունը հունվարի 29-ին՝ ժամը 16։00-ին քննարկում է նախատեսել։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter