HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Չինացիները Ռուբեն Վարդանյանից գնել են Կրեմլի մոտ գտնվող բիզնես կենտրոնի իր բաժնեմասը

Չինական «Fosun» ընկերությունը դարձել է «Воздвиженка Центр» բիզնես կենտրոնի միակ սեփականատերը։ Ընկերությունը ձեռք է բերել հայազգի գործարար Ռուբեն Վարդանյանի ֆոնդին պատկանող 10% բաժնեմասը։ Մասնագետները գործարքը գնահատում են 900 միլիոնից մինչև 1,5 միլիարդ ռուբլի։

Ռուբեն Վարդանյանը և «Fosun Eurasia Capital» ընկերության գործադիր տնօրեն Տատյանա Տերնավսկայան, որը Ռուսաստանում կառավարում է «Fosun International Ltd» ընկերության ակտիվները, РБК-ին հաստատել են գործարքի կայացման փաստը։ Վարդանյանը չի նշել իր բաժնեմասի վաճառքի պատճառները, իսկ Տերնավսկայան էլ հավելել է, որ Վարդանյանը հուսալի գործընկեր է, և ընկերությունը պատրաստ է ապագայում ներդրումներ իրականացնել այլ նախագծերում։

Կողմերը չեն բացահայտում նաև գործարքի ընդհանուր արժեքը։ CBRE-ի կապիտալ շուկաների և ներդրումների բաժնի ավագ տնօրեն Իրինա Ուշակովան գործարքի ընդհանուր չափը գնահատում է 22-25 մլն ԱՄՆ դոլար (1,4-1,5 մլրդ ռուբլի՝ ըստ 2019 թվականի դեկտեմբերի 24-ի փոխարժեքի կուրսի)։ «Knight Frank» ընկերության կառավարիչ գործընկեր Ալեքսեյ Նովիկովն էլ կարծում է, որ բաժնեմասը չինական ընկերության համար արժեցել է 0,9-1,1 մլրդ դոլար։

«Fosun» և «Avica Property Investors» ընկերությունները բիզնես կենտրոնը ձեռք են բերել 2017 թվականին՝ «Уралкалия» ընկերության նախկին սեփականատեր Դմիտրի Ռիբալովլևից։ Դա եղել է «Fosun» ընկերության առաջին և միակ ներդրումը ռուսական անշարժ գույքի բնագավառում։ Գործարքի պահին «Avica Property Investors» ընկերությունը պատկանում էր Վարդանյանին և նրա գործընկերոջը՝ «RD Group» ընկերության հիմնադիր Գագիկ Ադիբեկյանին։ 2018 թվականին նրանք որոշել են կիսել բիզնեսը։ Վարդանյանին բաժին են հասել գրասենյակային նախագծերը («Воздвиженка Центр» բիզնես կենտրոնի մասնաբաժինը և Մոսկվայի կենտրոնում գտնվող «Романов двор» գործարար շրջանը), իսկ Ադիբեկյանին՝ առևտրի կենտրոնները (Կուտուզովի պողոտայում գտնվող «Времена года» առևտրի կենտրոնը, Ռուբլյովկայում գտնվող առևտրի կենտրոնը և «Dream House»-ը)։

Առևտրի կենտրոնի ընդհանուր նկարագիրը

«Воздвиженка Центр» բիզնես կենտրոնը գտնվում է Մոսկվայի կենտրոնական հատվածում՝ Վոզդվիժենկա 10 հասցեում։ Բիզնես կենտրոնը գտնվում է Կրեմլից մի քանի հարյուր մետր հեռավորության վրա։ Բիզնես կենտրոնի բաժնետոմսերի 100%-ը պատկանում է չինական «Fosun International Ltd» ընկերությանը։ 2019 թվականի դեկտեմբերին Fosun ընկերությունը դարձել է կիպրոսյան «Fayard Ltd» ընկերության միակ սեփականատերը, որին, ռուսական «Торговый дом «Центральный военный универсальный магазин» ՍՊԸ-ի միջոցով, պատկանում էր Վոզդվիժենկա 10 հասցեում գտնվող շենքը։ Նախկինում բաժնետոմսերի 90%-ը պատկանում էր «Fosun» ընկերությանը, իսկ մնացած 10%-ը՝ «Avica Property Investors» ընկերությանը, որի սեփականատերը «Տրոյկա դիալոգ» ընկերության հիմնադիր Ռուբեն Վարդանյանն էր։

Բիզնես կենտրոնի ընդհանուր տարածքը կազմում է 66700 քառակուսի մետր։ Այն կառուցվել է 2008 թվականին՝ «Военторг»-ի պատմական շենքի տեղում, որը ապամոնտաժվել էր 2003 թվականին։ Ըստ «Knight Frank»-ի տվյալների՝ բիզնես կենտրոնում ազատ է ընդամենը 800 քառակուսի մետր գրասենյակային տարածք, որի 1 քառակուսի մետրի արժեքն առաջարկվում է տարեկան 40 000 ռուբլի արժեքով։ Ընդ որում, արժեքում ներառված չեն շահագործման ծախսերը և ԱԱՀ-ն։

Գրասենյակային տարածքների հիմնական վարձակալը «Дом.РФ» պետական ընկերությունն է։ «ВЭБ.РФ» պետական ընկերությունը նույնպես նախատեսում էր տեղափոխվել այս բիզնես կենտրոն, սակայն փոխեց իր որոշումը։

2018 թվականին «Fosun» ընկերությունը սկսել է բիզնես կենտրոնի մասշտաբային վերանորոգման աշխատանքները, որի վրա պլանավորվում էր ծախսել 15-25 մլն ԱՄՆ դոլար (ընթացիկ փոխարժեքով՝ 0,9-1,5 մլրդ ռուբլի)։ Շինության սեփականատերը նախատեսում էր թարմացնել ընդհանուր օգտագործման տարածքները, ինչպես նաև վերելակները և ավտոկայանատեղին։ Այն վայրը, որտեղ նախկինում տեղակայված էր «Детский мир» խանութ-սրահը, նախատեսվում էր վերածել ընդհանուր աշխատանքային տարածքի։

Ինչով է զբաղվում «Fosun» ընկերությունը

Ընկերությունը հիմնադրվել է 1992 թվականին։ «Fosun»-ն այսօր համարվում է կոնգլոմերատ, որի ակտիվները, 2019 թվականի հունիսի 30-ի դրությամբ, գնահատվում են 99,1 մլրդ ԱՄՆ դոլար։ 2018 թվականի տվյալներով՝ «Fosun» ընկերության հասույթը կազմել է 109,4 մլրդ յուան (մոտ 16,5 մլրդ դոլար)։ Ընկերության ակտիվների թվում են «Fosun Pharma» և «Sinopharm» դեղագործական ընկերությունները, Պորտուգալիայում «Luz Saúde» հիվանդանոցների ցանցը և հնդկական ամենախոշոր դեղագործական ընկերություններից մեկը՝ «Gland Pharma»-ն։ «Fosun»-ին է պատկանում նաև կանադական «Cirque du Soleil» ընկերության 25% բաժնեմասը, «Studio 8» ընկերությունը և բաժնեմաս «Tsingtao Brewery» գարեջրի գործարանում։ 

Զբոսաշրջության ոլորտում «Fosun» ընկերությանն են պատկանում հանգստի և զվարճանքների «Club Med» ցանցը, «Atlantis Sanya» հյուրանոցը և «Thomas Cook» ապրանքանիշը։ Ընկերությունը բաժնեմասեր ունի նաև «Tom Tailor», «Lanvin», «Wolford» և նորաձևության այլ ապրանքանիշներում։

2018 թվականի վերջին խմբի կառավարման ներքո էին գտնվում շուրջ 15 մլրդ ԱՄՆ դոլար արժողությամբ անշարժ գույքի ֆոնդեր, որոնք ներառում են օբյեկտներ Ճապոնիայում, Ֆրանսիայում, Բրազիլիայում և Ռուսաստանում։

«Հետք»-ը դեռ 2019-ի մարտին գրել էր 8,8 մլրդ դոլար շրջանառած մի ցանցի մասին, որը գործել է ռուսաստանաբնակ գործարար, հայտնի բարերար Ռուբեն Վարդանյանի ներդրումային մասնավոր բանկի՝ «Տրոյկա դիալոգի» վերահսկողությամբ։ Ցանցն ընդգրկում է նվազագույնը 70 օֆշորային ընկերություն, որոնք կնքել են շինծու առք ու վաճառքի, վարկային և ներդրումային պայմանագրեր՝ օրինականացնելով միլիոնավոր դոլարներ։

Լուսանկարը՝ Վեդոմոստիի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter