HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Տրոյկա լվացքատուն». հայ արտագնա աշխատողները՝ փողերի լվացման սխեմայում

Լիտվական բանկից արտահոսած փաստաթղթերի վերջերս կատարված ուսումնասիրությունը բացահայտել է փողերի լվացման մեխանիզմ։ Այդ սխեմայի միջոցով են Ռուսաստանի քաղաքական և հանցավոր շրջանակները օրինականացրել իրենց ֆինանսները՝ օգտագործելով հայ արտագնա աշխատողների և գործարարների կեղծված ստորագրությունները։

«Հետքը», Կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի լուսաբանման նախագիծը (OCCRP) և 20 լրատվամիջոցներ համատեղ ուսումնասիրել են մոտ 8,8 միլիարդ դոլար շրջանառած մի ցանց, որը գործել է ռուսաստանաբնակ գործարար, հայտնի բարերար Ռուբեն Վարդանյանի ներդրումային մասնավոր բանկի՝ «Տրոյկա դիալոգի» վերահսկողությամբ։ Լրագրողների մոտ են հայտնվել լիտվական «Յուկիո» բանկից (Ūkio bankas) արտահոսած ավելի քան 60 հազար ֆինանսական փաստաթղթեր: Հետաքննությունը ստացել է «Տրոյկա լվացքատուն» (Troika Laundromat) անվանումը։

Ընդհանուր արտահոսքը
1,3 միլիոն բանկային փոխանցումներ
238 հազար ընկերություններ և անձինք
470 միլիարդ եվրո – փոխանցումների ընդհանուր գումարը

Ցանցից փոխանցումները Հայաստան

764 փոխանցում դեպի հայաստանյան բանկեր
112 մլն եվրո և 148 մլն դոլար – փոխանցումների ընդհանուր գումարը
150 անձանց և ընկերությունների

Ցանցն ընդգրկում է նվազագույնը 70 օֆշորային ընկերություններ, որոնք կնքել են շինծու առք ու վաճառքի, վարկային և ներդրումային պայմանագրեր՝ օրինականացնելով միլիոնավոր դոլարներ։ Այդ գումարների մեծ մասի ծագումը, սակայն, հայտնի չէ։ 

Այս ցանցը ոչ միայն հնարավորություն է ստեղծել Ռուսաստանի հարուստներին և ազդեցիկներին՝ իրենց ունեցվածքը թաքցնելու և հարկերից խուսափելու, այլ նաև միջոց է հանդիսացել, որ այդ փողերի իրական սեփականատերերը ձեռք բերեն սեփականաշնորհված էներգետիկ ընկերությունների բաժնետոմսեր, ինչպիսիք են «Գազպրոմը», «Ռոսնեֆթը» և «Ինտեռ ՌԱՕ»-ն։

Բարերար Ռուբեն Վարդանյանն ու հայ միգրանտները

Արտահոսած փաստաթղթերում միայն մեկ պայմանագիր կա, որը ստորագրել է Ռուբեն Վարդանյանը։ Այդ պայմանագրի համաձայն՝ նա հանդես է եկել որպես TD Advisors LTD օֆշորային ընկերության տնօրեն։ Վարդանյանի ղեկավարած այս ընկերությունը 8.9 միլիոն դոլարի վարկ է տրամադրել Սեյշելյան կղզիներում գրանցված օֆշորային Brightwell Capital Inc. ընկերությանը, որի լիազորված անձը Արտակ Գևորգյանն է։ Երբ Գևորգյանին հարցրինք այս պայմանագրի մասին, ասաց․ «Ես Ռուբեն Վարդանյանին ճանաչում եմ այնքանով, որքանով դուք»։

Արտակ Գևորգյանը Սիսիանից է, 15 տարուց ավել է՝ որպես արտագնա աշխատող ապրում է Մոսկվայում։ Մեզ հետ հեռախոսազրույցի ընթացքում Գևորգյանն ասաց, որ ինքը որևէ վարկային պայմանագիր չի ստորագրել։ Երբ հեռախոսով նրան ուղարկեցինք փաստաթղթերի տակ դրված իր ստորագրությունը, ասաց, որ այն նման է, բայց իր ստորագրությունը չէ։ Գևորգյանը նշեց, որ տեղյակ չէ, թե իր տվյալներն ու ստորագրությունն ինչպես են հայտնվել այդ պայմանագրում։ 

Երբ համեմատեցինք Արտակ Գևորգյանի ստորագրությունը կրող մի քանի տարբեր պայմանագրեր, ակնառու դարձավ, որ Գևորգյանի բոլոր ստորագրությունները կրկնօրինակված են մեկից։ Կարելի է ենթադրել, որ ինչ-որ մեկը կեղծել է նրա ստորագրությունը, այնուհետև ստեղծել այդ ստորագրության դրոշմակնիքը, որի մեկ հարվածով էլ վավերացրել է տասնյակ կեղծ պայմանագրեր։

Ստորև ծանոթացեք պայմանական ընտրված 5 փաստաթղթերի տակ տարբեր ժամանակահատվածներում դրված Գևորգյանի ստորագրություններին․ դրանք միմյանցից որևէ կերպ չեն տարբերվում։ Տարբեր օրերի և տարբեր անգամներ ստորագրելիս մարդը չի կարող պահպանել գծերի նման համաչափություն։ Բացի այդ՝ Գևորգյանի ազգանվան մի տառը մի շարք պայմանագրերում բաց է թողնված, ինչը նշանակում է, որ այդ պայմանագիրը որպես փոխանցման հիմք ընդունող բանկը՝ «Յուկիոն», նույնիսկ չի նույնականացրել ստորագրողին։          

Artak_signature.jpg (209 KB)Արտակ Գևորգյանի ստորագրությունը

Արտակ Գևորգյանի եղբայրը՝ Արարատ Գևորգյանը, ըստ բազայում եղած մեկ այլ պայմանագրի, 2006թ-ին աշխատել է Ռուբեն Վարդանյանի ղեկավարած «Տրոյկա դիալոգում»։

Արտակ Գևորգյանի հետ մեր հեռախոսազրույցից մեկ ժամ չէր անցել, երբ զանգ ստացանք եղբորից՝ Արարատ Գևորգյանից։ Նա սպառնալից տոնով հայտնեց, որ իր եղբայրն աշխատել է իր մոտ, բայց լրագրողներն իրավունք չունեն իրենց հարցեր ուղղելու։ Նշեց, որ այդ ընկերությունների և փաստաթղթերի թեմայով կխոսի միայն իրավապահ մարմինների պահանջով։

Armen_Ustyan_sign.jpg (178 KB)Արտագնա աշխատող Արմեն Ուստյանի ստորագրությունը

Մոտ 70 մլն դոլարի [1] գործարքներ է իրականացրել վանաձորցի Արմեն Ուստյանը։ Մենք մեկնում ենք Ուստյանի՝ Վանաձորում գտնվող բնակարան, ակնկալիքով, որ հանդիպելու ենք մի հաջողակ գործարարի։

1988թ.-ի երկրաշարժից տուժածների համար կառուցված Տարոն-4 թաղամասում գտնվող նրանց տանը ցուրտ էր, ինքը՝ Արմենը, զինվորական բաճկոնով։ Ակնհայտ էր, որ Ուստյանը գործարար չէ, նա ընդամենը Հայաստանից Ռուսաստան արտագնա աշխատանքի մեկնողներից է։ Տասը տարուց ավել է, ինչ ամեն գարուն մեկնում է Մոսկվա, ուշ աշնանը՝ վերադառնում տուն։

Արմեն Ուստյանը որևէ կերպ չէր կարողանում բացատրել, թե ինչպես է իր անձնագրի պատճենը և ստորագրությունը հայտնվել «Յուկիո» բանկում, որի անունն առաջին անգամ էր լսում։

Ինչպես են ձեռք բերվել արտագնա աշխատողների տվյալները

Փաստաթղթերում ներգրավված մի քանի անձանց հետ հանդիպումներից հետո ուրվագծվեցին օտար երկրում իրենց ապրուստը հոգացող մարդկանց՝ փողերի լվացման մեխանիզմում ներքաշելու մի քանի վարկածներ։

Ըստ վարկածներից մեկի՝ «Տրոյկա դիալոգը» ստեղծել էր մարդկանց տվյալների հավաքագրման համակարգ, որը գործարկում էին ընկերության աշխատակիցները։ Այն ռուսաստանաբնակ գործարարները, ովքեր որևէ կեպ առնչվում էին Ռուբեն Վարդանյանի կամ «Տրոյկա դիալոգի» հետ և ունեին Հայաստանից ժամանած աշխատակիցներ, հավաքագրում էին նրանց անձնական տվյալներն ու հանձնում «Տրոյկայի» օգտագործմանը։

2000-ականներին, առանց հաշվառվելու, հայաստանցի միգրանտները չէին կարող մնալ և աշխատել Ռուսաստանում։ Այդ հարցում նրանց օգնում էին այնտեղ մշտական բնակություն ունեցող հայրենակիցները։ «Տրոյկա լվացքատան» փաստաթղթերում ընդգրկված Արմեն Ուստյանը հաշվառված էր մոսկվայաբնակ գործարար Ներսես Վահրադյանի հասցեում։ Ուստյանը նաև աշխատել է Վահրադյանի շինարարական ընկերությունում։ Ներսես Վահրադյանի մոտ է աշխատել նաև գյումրեցի Էդիկ Երիցյանը, ում անձնագիրն ու ստորագրությունն օգտագործվել են Կիպրոսում գրանցված Popat Holdings Limited ընկերության՝ մի քանի միլիոն դոլար արժողությամբ գործարքներում։

Հայաստանի ամենաաղքատ մարզը Շիրակն է, որը նաև արտագնա աշխատանքի մեկնողների բարձր ցուցանիշ ունի։ Դեռ 1990-ականների սկզբից գյումրեցի Էդիկ Երիցյանը մեկնել է Ռուսաստան՝ արտագնա աշխատանքի։ Նա բարձրագույն կրթություն ունի, անգլերենի մասնագետ է, բայց Մոսկվայում աշխատել է որպես շինարար։

Մեր երկու հանդիպումների ընթացքում Երիցյանն այդպես էլ չհիշեց, որ ինքն այդ օֆշորային ընկերության հետ գործ ունեցած լինի։ Նա անակնկալի եկավ, երբ տեսավ փաստաթղթերում առկա իր անձնագրի, վարորդական իրավունքի պատճենները, իր ձեռագիրն ու ստորագրությունը։ Երիցյանը պատմեց, որ 3 տարի առաջ վթարի է ենթարկվել և գլխի անոթների վիրահատություն տարել, որից հետո իր կյանքի որոշ հատվածներ լավ չի հիշում։ Նա այդպես էլ չհիշեց, որ երբևէ ստորագրած լինի նման պայմանագիր։ Երիցյանն իսկապես վիրահատվել է և չի կարողացել վճարել բժշկական ծառայությունների դիմաց։ Բժշկական կենտրոնը նրա դեմ դատական հայց էր ներկայացրել։

Edik Yeritsyan.jpg (367 KB)
Հանդիպում Էդիկ Երիցյանի հետ

Էդիկ Երիցյանից առաջ՝ 2006թ-ին, Popat Holdings Limited-ի լիազորված անձ է հանդես եկել մեկ այլ գյումրեցի Արսեն Ավետիսյանը։ Վերջինս, բացի Popat-ից, օֆշորային 2 այլ ընկերությունների անունից պայմանագրեր է կնքել և փոխանցումներ իրականացրել։ Արսենն այս պահին բնակվում է Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ «Հետք»-ի հետ նամակագրության ընթացքում խորհուրդ տվեց «հանգիստ, ուրիշ նյութ գրել՝ Հայաստանի թեմաներով»։ Ավելի ուշ՝ նա հերքեց իր կապն այդ ընկերության հետ։

Ինչպես Ուստյանն ու Երիցյանը, Արսեն Ավետիսյանը նույնպես կապ ունի գործարար Ներսես Վահրադյանի հետ։ Նա ներկա էր Վահրադյանի ծննդյան 50-ամյակի միջոցառմանը։ Ավետիսյանի սոցիալական ցանցերի էջերից ակնհայտ է դառնում, որ Վահրադյանների ընտանիքին մոտ կանգնած անձ է։ Չի բացառվում, որ ազգակցական կապեր ունեն։

Vagradyans_final_arm.jpg (223 KB)

Կադր՝ Ներսես Վահրադյանի ծննդյան արարողությունից

Ներսես Վահրադյանի աշխատակիցների և մոտ անձանց տվյալներն, ամենայն հավանականությամբ, հայտնվել են «Տրոյկա դիալոգում» նրա եղբոր՝ Սամվել Վահրադյանի միջոցով, ով Ռուբեն Վարդանյանի շրջապատից է։ Նա ռուսական «Նովագրո» ընկերության տնօրենն է, որը միլիոնավոր դոլարներ է ստացել «Տրոյկա լվացքատան» շարժիչ հանդիսացող երկու ընկերություններից (GotlandIndustrial և BrightwellCapital)։ Բացի այդ՝ Սամվել Վահրադյանը հանդիսանում է Ռուբեն Վարդանյանի և նրա կնոջ՝ Վերոնիկա Զոնաբենդի հիմնադրած Դիլիջանի միջազգային դպրոցի նվիրատու, ինչպես նաև «Տաթևի վերածնունդ» հիմնադրամի և «Ավրորա» նախաձեռնության աջակից։

vagradyan network_arm.png (583 KB)
Արտագնա աշխատակիցների կապը «Տրոյկա դիալոգի» հետ

«Տրոյկա լվացքատան» գումարներն օգտագործվել են Մեծ Բրիտանիայում, Իսպանիայում և Մոնտենեգրոյում անշարժ գույք գնելու, ինչպես նաև շքեղ զբոսանավեր և թանկարժեք արվեստի գործեր ձեռք բերելու համար։ Այդ հաշիվներից են վճարվել Ռուսաստանում հայտնի (նաև հայազգի) գործարարների զավակների՝ արևմտյան համալսարանների ուսման վարձերը։ Գումարներ են նվիրաբերվել եկեղեցաշինությանն ու բարեգործական ծրագրերի իրականացման համար։ Կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի լուսաբանման նախագծի (OCCRP) մեր ռուսաստանցի գործընկերները հարցազրույց են արել Ռուբեն Վարդանյանի հետ, ով չի հերքել, որ «Տրոյկա դիալոգն» օգտագործել է արտասահմանյան ընկերությունների հաշիվները տարբեր բանկերում (այդ թվում՝ «Յուկիո»)՝ գործարքներ իրականացնելու համար։ Վարդանյանի խոսքով՝ «Տրոյկան» համագործակցել է այդպիսի գրեթե 20 բանկի հետ։

«Տրոյկա դիալոգը» այդ գումարների ծագումն ուսումնասիրել է այնքանով, որքանով այն ժամանակվա համաշխարհային ֆինանսական շուկայի պրակտիկան էր սահմանում»,- ասել է Վարդանյանը՝ ավելացնելով, որ նախկին շուկան ներկայիս օրենքներով չափելը նույնն է, թե կիրառել ժամանակակից օրենքի համապատասխանության ստանդարտները (compliance standards) Մեծ դեպրեսիայի ժամանակաշրջանում։ Վարդանյանը նշել է նաև, որ 2006-2010թթ-ին «Տրոյկա դիալոգի» եկամուտը կազմել է մոտ 2 տրիլիոն ռուբլի, և ինքը չէր կարող այդ մեծության ընկերության բոլոր գործարքներից տեղյակ լինել։  

Հարցին, թե ինչու են գործարքներն իրականացվել ոչ իրական սեփականատերերի, այլ լիազորված անձանց տվյալներով, Վարդանյանը պատասխանել է․ «Դրանք զուտ տեխնիկական ծառայություններ մատուցող ընկերություններ էին՝ «Տրոյկա դիալոգի» հաճախորդների համար։ Այդ ընկերությունների թվում էին նաև իմ ընկերությունները։ Այդ համակարգը կարելի է անվանել “multi-family office” (սրանք անկախ կազմակերպություններ են, որոնք օգնում են հարուստ ընտանիքներին կառավարել իրենց ֆինանսական միջոցները,- խմբ․): Նմանատիպ փորձ մինչ օրս կիրառվում է արտասահմանյան բանկերում, որոնց հաճախորդների մեծ մասն աշխատում է միջազգային ընկերությունների միջոցով։ Ես կրկնում եմ, մենք միշտ գործել ենք տվյալ ժամանակաշրջանի ֆինանսական շուկայի օրենքներով»,- ասել է Վարդանյանը։

Օգտագործվել են նախկին պատգամավոր Գագիկ Աբրահամյանի տվյալները, կեղծվել՝ ստորագրությունը

ԱԺ նախկին պատգամավոր, գործարար Գագիկ Աբրահամյանը 2007թ.-ին անշարժ գույք է ձեռք բերել Նիկոլսկայա փողոցում՝ Կրեմլից մի քանի հարյուր մետր հեռավորությամբ։ «Հետք»-ի հետ զրույցում պատմում է, որ գույքը ձեռք է բերել գործարար Ռուբեն Ցոլակի Գրիգորյանից, բայց չի հիշում, թե ում անունով է ուղարկել գումարը: Ասում է, որ իրեն հաշվեհամար են տվել, մոտ 2 մլն դոլար փոխանցել է այդ հաշվեհամարին:

Արտահոսած փաստաթղթերում, սակայն, կա մի պայմանագիր, որով Գագիկ Աբրահամյանը ձեռք է բերել 3 մլն 700 հազար դոլարի էլեկտրական սարքավորումներ եւ շինարարական նյութեր: Պայմանագիրը կնքվել է 2007 թ.-ին՝ Գագիկ Աբրահամյանի եւ «Տրոյկա դիալոգի» հիմնած Prolink Solutions LTD-ի միջեւ: Աբրահամյանը պնդում է, որ առաջին անգամ է լսում այդ ընկերության մասին, եւ ինքը նման գնումներ չի կատարել:

Տեսնելով պայմանագրում առկա ստորագրությունը՝ Գագիկ Աբրահամյանը միանգամից ասաց, որ դա իր ստորագրությունը չէ, այն կեղծված է։ Նա ցույց տվեց իր անձնագրում առկա ստորագրությունը, որը բոլորովին տարբեր էր։ Աբրահամյանն ասում է, որ չգիտի, թե ինչպես են իր տվյալները հայտնվել այդ պայմանագրում: Երբ նրան հայտնեցինք, որ Prolink Solutions LTD-ն կապված է «Տրոյկա դիալոգի» և Ռուբեն Վարդանյանի հետ, Աբրահամյանը նշեց, որ չէր ուզենա, որ դա իրականությանը համապատասխաներ, քանի որ Ռուբեն Վարդանյանի մասին բարձր կարծիք ունի։

Gagik Abrahamyan_signature.jpg (316 KB)
Գագիկ Աբրահամյանի իրական և կեղծված ստորագրությունը

2007թ.-ի ընթացքում HSBC Bank Armenia CJSC-ում ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանի ունեցած հաշվեհամարին փոխանցվել է 700 հազար դոլար՝ շինանյութի դիմաց: Փոխանցումը կատարվել է «Յուկիո» բանկի նույն Prolink Solutions LTD-ի  հաշվեհամարից: Այս գործարքի վերաբերյալ մեր հարցմանը Ծառուկյանը դեռեւս չի պատասխանել։

Հանցավոր գործարքներից դեպի «Տրոյկա լվացքատուն»

«Տրոյկա դիալոգի» ստեղծած ֆինանսական հաշիվներ են ուղղվել Ռուսաստանում բացահայտված մի քանի հանցավոր դեպքերի գումարներ, այդ թվում՝ Շերեմետևո օդանավակայանի վառելիքի խարդախության դեպքը և Մագնիտսկու գործը։

Շերեմետևոյի վառելիքի խարդախության դեպքը

Ռուսաստանյան խոշոր խարդախության դեպքերից մեկը՝ Շերեմետևո օդանավակայանի վառելիքի խարդախությունը, տեղի է ունեցել 2003-2008թթ-ին, երբ արհեստականորեն ուռճացնելով օդանավերի վառելիքի սակագինը՝ օդանավակայանը խուսափել էր 40 միլիոն դոլարի հարկերից, արդյունքում թանկացել էին նաև ավիատոմսերը։ Ավելի քան 19 մլն դոլար Շերեմետևոյի խարդախության գումարներից հոսել է դեպի «Տրոյկա լվացքատան» հաշիվներ։ OCCRP-ի մեր գործընկերների հետ զրույցում Ռուբեն Վարդանյանը նշել է, որ ինքը որևէ կերպ չի առնչվել այդ սխեմային, և տեղյակ չի եղել այդ մասին։ 2010թ․-ին՝ խարդախության բացահայտումից երկու տարի անց, «Տրոյկա դիալոգը» խորհրդատվական ծառայություններ է մատուցել օդանավակայանին։   

Մագնիտսկու գործը

Ռուս թավջութակահար Սերգեյ Ռոլդուգինը, ով նաև Վլադիմիր Պուտինի լավագույն ընկերներից է, առնվազն 69 միլիոն դոլար է շրջանառել «Տրոյկա լվացքատան» միջոցով։ Հիշեցնենք, որ Ռոլդուգինը հայտնի դարձավ իր չհիմնավորված հարստության մասին հետաքննող լրագրողների հրապարակումից հետո։ Ռուս թավջութակահարի՝ «Տրոյկայում» շրջանառած գումարի մի մասը ծագել է Սերգեյ Մագնիտսկու բացահայտած ռուսական հարկային խարդախության փողերից։ Հիշեցնենք, որ այս բացահայտումից հետո Մագնիտսկին բանտարկվեց, որտեղ էլ մահացավ։

Սերգեյ Մագնիտսկու կողմից բացահայտված հարկային խարդախության մեջ ընդգրկված ընկերություններից 120 միլիոն դոլարից ավելի գումար է փոխանցվել «Տրոյկա լվացքատուն»։

OCCRP-ին տված հարցազրույցում Ռուբեն Վարդանյանն ասել է, որ ինքը տեղյակ չի եղել վերոնշյալ փոխանցումներից։

«Հասկացեք, ես հրեշտակ չեմ։ Ռուսաստանում դու երեք ուղի ունես լինել հեղափոխական, լքել երկիրը կամ լինել կոմֆորմիստ։ Այսպիսով՝ ես կոմֆորմիստ եմ։ Բայց ես իմ ներքին զսպվածությունն ունեմ․ երբեք չեմ մասնակցել հարկային աճուրդների, երբեք չեմ աշխատել հանցագործների հետ, չեմ եղել այս կամ այն քաղաքական կուսակցության անդամ։ Այդ է պատճառը, որ նույնիսկ 90-ականներին ես առանց անվտանգության աշխատակիցների էի քայլում։ Ես փորձում եմ պահպանել ինձ և իմ սկզբունքները»,- եզրափակել է Ռուբեն Վարդանյանը։

Աղքատության մեջ ապրող հայ արտագնա աշխատողների տվյալների օգտագործման և այլ հարցերի շուրջ «Հետքը» նույնպես գրավոր պարզաբանում էր խնդրել Ռուբեն Վարդանյանից։ Մեր երկու նամակներին պատասխանել է Լոնդոնում տեղակայված «Simons Muirhead & Burton LLP» իրավաբանական ընկերությունը, որի հաճախորդ է Ռուբեն Վարդանյանը: Նամակը կազմողները զգուշացրել են, որ այն հանրային չէ, և որեւէ բան այդ նամակից չենք կարող հրապարակել: Սակայն մեր պատմությունը սրանով չի ավարտվում:

«Տրոյկա լվացքատան» առանցքային ընկերություններից փոխանցումներ են եղել տարբեր անհատների եւ կազմակերպությունների՝ հայաստանյան «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկ»-ի, «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի, «Անելիք Բանկ» ՓԲԸ-ի, «Էյչ-Էս-Բի-Սի բանկ Հայաստան» ՓԲԸ-ի, «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ-ի, «Յունիբանկ» ԲԲԸ-ի, հաշվեհամարներին: Փոխանցումներ կան «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ին եւ նրա սեփականատեր հանդիսացած օֆշորային Rhinoville Property Limited –ի տնօրեն Էրիկ Նարսիսյանին (Eric Narsisyan), ինչպես նաև միջազգային տնտեսական խորհրդատվական ծառայություններ մատուցող Natan Associates Inc-ի հաշվեհամարին:

Նշված փոխանցումներին կանդրադառնանք առաջիկա հրապարակումներում։

Տեսանյութերը՝ Սարո Բաղդասարյանի

Լուսանկարը՝ Անի Սարգսյանի

[1] Թիվը փոխվել է։ Նախապես հրապարակվել էր 50 մլն, ինչը տեխնիկական վրիպակ էր։

Մեկնաբանություններ (3)

Մարինե 2019-03-06T19:02:25+04:00
Բարվո ՀԵՏՔ: Մանրամասն գործ եք արել: Զարմանալի է հայկական լրատվամիջոցների լռությունը:
Stephen Kurkjian 2019-03-06T17:53:01+04:00
Edik and Ani: Thank you for your rigorous and fair reporting.
minas 2019-03-05T20:39:32+04:00
The article makes a bunch of bold statements with little elaboration. It says that "In the tax fraud case unearthed by Magnitsky, more than $120 million wound up in the coffers of Troika Dialog." Does this mean that the bank itself was involved in tax evasion by not paying 120 million to the state or it simply means that taxes not paid by other individuals have ended up in their Troika Dialog accounts? I think that makes a huge difference. Overall, the article draws rather sensational conclusions based on scant evidence. It is common knowledge that Russia is buried deep in corruption and I doubt Troika could have stayed out of all this. The question is whether they were active participants of these acts or simply passive bystanders. One more thing, It is a well known fact that former oligarch Khodorkovsky was the wealthiest man in Russia when Putin put him in jail. Has OCCRP ever done any investigations regarding his wealth? Or they are only interested in certain individuals?

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։