HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Հունվարին քրեակատարողական հիմնարկներում գրանցվել է մահացության 3 դեպք, որից 2-ը՝ ծանր հիվանդության հետևանքով

2020թ. մեկ ամիսը դեռ չլրացած քրեակատարողական հիմնարկներում արդեն իսկ գրանցվել է մահացության 3 դեպք, որից 2-ը՝ ծանր հիվանդության հետևանքով: Նշված 2 դեպքերում առկա է եղել բժշկական հանձնաժողովի եզրակացություն այն մասին, որ անձն ունի պատժի կամ կալանքի կրման հետ անհամատեղելի ծանր հիվանդություն: Եզրակացությունն ուղարկվել է քրեակատարողական հիմնարկ: Վերջինս հանդես է եկել միջնորդագրով, սակայն մինչև դատարանի կողմից նշանակված դատական նիստի կայացումը անձինք մահացել են: Այս տվյալները հրապարակել է արդարադատության նախարարությունը:

Սա էլ հիմք է հանդիսացել, որ նախարարությունը Քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծ է ներկայացրել հանրային քննարկմանը՝ հրապարակելով e-draft էլեկտրոնային հարթակում: Նախագծով առաջարկվում է քրեադատավարական օրենսդրության շրջանակներում հստակ նախատեսել կալանքի կրմանը խոչընդոտող ծանր հիվանդության հիմքով կալանքի կրումից ազատ արձակելու հնարավորություն: Սահմանվում է հսկող դատախազի կողմից կալանավորվածներին պահելու վայրի վարչակազմի միջնորդագիրը քննելու և այն բավարարելու կամ մերժելու վերաբերյալ որոշում կայացնելու լիազորություն: Բացի այդ, ամրագրվում է հսկող դատախազի կողմից միջնորդագիրն անհապաղ քննելու և այն բավարարելու կամ մերժելու վերաբերյալ որոշում կայացնելու հնարավորությունը՝ միաժամանակ նախատեսելով հսկող դատախազի կողմից միջնորդագիրը մերժելու դեպքում այն դատական կարգով բողոքարկելու հնարավորություն:

Նախագծով առաջարկվում է, որ հսկող դատախազը միջնորդագիրը պետք է քննի անհապաղ, բայց ոչ ուշ քան այն ստանալու հաջորդ օրը: Միջնորդագրի քննումն ավարտելուց հետո հսկող դատախազը որոշում է կայացնում միջնորդագիրը բավարարելու կամ մերժելու մասին` նշելով բավարարման կամ մերժման հիմքերը:

Հսկող դատախազի՝ միջնորդագիրը մերժելու մասին որոշումը, ըստ նախագծի, ենթակա է լինելու բողոքարկման դատական կարգով: Դատարանը բողոքը քննելու է անհապաղ, բայց ոչ ուշ քան այն ստանալու հաջորդ օրը: Բողոքի քննումն ավարտելուց հետո դատարանը որոշում է կայացնելու բողոքը բավարարելու կամ մերժելու մասին` նշելով բավարարման կամ մերժման հիմքերը:

Նախագծով առաջարկվում է նաև սահմանել ծանր հիվանդության հիմքով անձին կալանքից ազատելու միջնորդագիրը մերժելու մասին հսկող դատախազի որոշման դեմ բերված բողոքը, ինչպես նաև պատժի կրումից ծանր հիվանդության հիմքով անձին ազատ արձակելու վերաբերյալ քրեակատարողական հիմնարկի միջնորդագիրը դատարանի կողմից քննելու սեղմ ժամկետ:

Վճռաբեկ դատարանն իր նախադեպային որոշմամբ արձանագրել է, որ՝ «Ծանր հիվանդության հիմքով անձին պատժի կրումից ազատելը դատարանի հայեցողությունն է, որն իրացնելիս դատարանը պետք է գնահատի օրենքով սահմանված հիմքերի առկայությունը, որպիսիք են ոչ միայն կատարված հանցանքի ծանրությունը, դատապարտյալի անձը, այլև հիվանդության բնույթը, դատապարտյալի առողջական վիճակը, ազատազրկման վայրում տրամադրվող բժշկական օգնության համարժեքությունը, առողջական վիճակի դինամիկան, անձի վարքագիծը (այն է՝ բժիշկների հետ համագործակցելուց նրա շարունակաբար հրաժարվելը) և այլ հանգամանքներ»:

Նախագծի հեղինակները փաստում են, որ չնայած դատարանին տրված հայեցողական լիազորությանը՝ այդուհանդերձ օրենսդրությամբ հստակ կանոնակարգված չէ այն ժամկետը, որի ընթացքում դատարանը կարող է քննել դատապարտյալին ծանր հիվանդության հիմքով պատժի կրումից ազատելու հարցը, ինչը գործնականում կարող է առաջացնել անդառնալի հետևանքներ: 

Հիշեցնենք, որ «Հետք»-ն անդրադարձել էր քրեակատարողական հիմնարկներում մահացության վիճակին: Գրել էինք, որ վերջին 5 տարիների ընթացքում քրեակատարողական հիմնարկներում տարեկան մահացել է միջինը 21 կալանավորված անձ և դատապարտյալ: Ամենաշատ մահացության դեպքերը գրանցվել է 2016թ-ին՝ 29 մարդ, իսկ ամենաքիչը 2017-ին՝ 17 մարդ: 2019թ. 9 ամիսների ընթացքում ՔԿՀ-ներում մահացել է 15 մարդ: Նշված թվերի մեջ են մտնում ինքնասպանությունները, հիվանդությունների պատճառով մահացության դեպքերը:

Հետք
Infogram

Հիվանդությունների պատճառով մահվան ամենաշատ դեպքերը գրանցվել են «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում, այնուհետև «Նուբարաշեն»-ում, «Արմավիր»-ում:

Ուսումնասիրությունները ցույց էին տվել, որ դատապարտյալներն ու կալանավորված անձինք ամենաշատը մահանում են սիրտ-անոթային համակարգի, ինտոքսիկացիայի (օրգանիզմի թունավորում), գլխուղեղի արյան շրջանառության սուր խանգարումների, հեպատիտ Ց, ցիռոզ հիվանդություններից: Միայն 2019թ. 10 ամիսների տվյալներով սիրտ անոթային համակարգի հիվանդություններից 4 ազատազրկված է մահացել, իսկ հեպատիտ Ց, պորտալ հիպերտենզիա և լյարդի ցիռոզ հիվանդություններից՝ 3:

Մահացության տեսանկյունից «խոցելի» վիճակում են 45 և բարձր տարիքային խմբում գտնվող ազատազրկվածները: 2015-2019 (10 ամիսներ) թթ. տվյալներով ՔԿՀ-ներում 110 մահացածներից 76-ը եղել են 45 և բարձր տարիքի: Մահացության ամենաքիչ դեպքերն արձանագրվել է մինչև 35 տարեկանների մոտ՝ 7 մարդ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter