
Միջին տվյալներով տարեկան մահանում է 21 դատապարտյալ և կալանավորված անձ (ինֆոգրաֆիկա)
Վերջին 5 տարիների ընթացքում քրեակատարողական հիմնարկներում տարեկան մահացել է միջինը 21 կալանավորված անձ և դատապարտյալ: Ամենաշատ մահացության դեպքերը գրանցվել է 2016թ-ին՝ 29 մարդ, իսկ ամենաքիչը 2017-ին՝ 17 մարդ: Այս տարվա 9 ամիսների ընթացքում ՔԿՀ-ներում մահացել է 15 մարդ: Նշված թվերի մեջ են մտնում ինքնասպանությունները, հիվանդությունների պատճառով մահացության դեպքերը:
Ինչ վերաբերում է հիվանդությունների պատճառով մահացություններին, մահվան ամենաշատ դեպքերը գրանցվել են «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում, այնուհետև «Նուբարաշեն»-ում, «Արմավիր»-ում:
«Հետք»-ն ամիսներ շարունակ այցելել է 10 քրեակատարողական հիմնարկներ, զրուցել դատապարտյալների հետ, հանդիպել վերջիններիս հարազատներին: Հիմնական դժգոհությունները եղել են ոչ պատշաճ բժշկական օգնություն ստանալը:
Անդրադարձել էինք, որ «Գորիս» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Գարիկ Ստեփանյանը բողոքում է ուժեղ գխացավերից, խմում է դեղեր, հաճախ սրսկվում, սակայն հիմնական բուժում չի ստանում: Ասում էր՝ լիովին առողջ է եղել, երբ տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ։ Սակայն, ըստ նրա հիվանդությունների մասին տեղեկանքի՝ այժմ ունի սրտի իշեմիկ հիվանդություն, զարկերակային հիպերտենզիա, լարվածության ստենոկարդիա, հիդրոցեֆալիա, ցեֆալգիկ համախտանիշ, ստորին վերջույթների վարիկոզ հիվանդություն, ոտնաթաթի դեֆարթրոզ և մի շարք այլ հիվանդություններ։
Խմում է դեղորայք, սակայն հիմնական ստացիոնար բուժում չի ստանում: Մինչդեռ, ըստ նրա՝ հաճախ դեղերը չեն օգնում և օր օրի վիճակը վատթարանում է: Գարիկ Ստեփանյանը միակը չէ: Հիմնական բուժում չստանալու գանգատներ շատերն էին հայտնում:
Նշենք, որ ՔԿՀ-ներում ինքնասպանություններին անդրադարձել ենք առանձին:
Ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ դատապարտյալներն ու կալանավորված անձինք ամենաշատը մահանում են սիրտ-անոթային համակարգի, ինտոքսիկացիայի (օրգանիզմի թունավորում), գլխուղեղի արյան շրջանառության սուր խանգարումների, հեպատիտ Ց, ցիռոզ հիվանդություններից: Միայն 2019թ. 10 ամիսների տվյալներով սիրտ անոթային համակարգի հիվանդություններից 4 ազատազրկված է մահացել, իսկ հեպատիտ Ց, պորտալ հիպերտենզիա և լյարդի ցիռոզ հիվանդություններից՝ 3:
Մահացության տեսանկյունից «խոցելի» վիճակում են 45 և բարձր տարիքային խմբում գտնվող ազատազրկվածները: 2015-2019 (10 ամիսներ) թթ. տվյալներով ՔԿՀ-ներում 110 մահացածներից 76-ը եղել են 45 և բարձր տարիքի: Մահացության ամենաքիչ դեպքերն արձանագրվել է մինչև 35 տարեկանների մոտ՝ 7 մարդ:
Ինչ վերաբերում է մահացած ազատազրկվածների կարգավիճակին, ապա մահվան ամենաշատ դեպքերը գրանցվել է դատապարտյալի կարգավիճակ ունեցողների մոտ:
Արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդական խումբն իր 2018թ. տարեկան հաշվետվության մեջ նշել է, որ արձանագրված մահվան դեպքերով հարուցված քրեական գործերն ու իրականացված քննությունը գոհացնող չէ և չի կարող համարվել արդյունավետ, քանզի մահվան իրական պատճառները հաճախ մնում են չբացահայտված:
Մեկնաբանել