
«Երևանի մանկան տուն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լիանա Կարապետյանը կալանավորվել է
Վերաքննիչ քրեական դատարանը բավարարել է «Երևանի մանկան տուն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լիանա Կարապետյանին գրավի դիմաց ազատ արձակելու դատական ակտի դեմ դատախազության վերաքննիչ բողոքը՝ որոշելով Կարապետյանին կալանավորել: Այս մասին «Հետք»-ի հետ զրույցում ասաց դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը:
Հիշենցնենք, որ դեկտեմբերի 21-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Ռոբերտ Պապոյանի, քննել էր Լիանա Կարապետյանին կալանավորելու վերաբերյալ Քննչական կոմիտեի միջնորդությունը և որոշել նրան 3 մլն դրամ գրավի դիմաց ազատ արձակել, որի դեմ դատախազությունը բողոք էր ներկայացրել:
Կարապետյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 167-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 3-րդ կետերով և 314-րդ հոդվածի 1-ին մասով, այսինքն՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ երեխային առանց ծնողների կամ երեխայի դաստիարակությունը և խնամքն իրականացնող այլ անձանց համաձայնության նրանցից բաժանելը կամ փոխելը։
Մեկնաբանել