
«Երևանի մանկան տուն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լիանա Կարապետյանը 3 մլն դրամ գրավի դիմաց ազատ կարձակվի
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ դատավոր Ռոբերտ Պապոյանի, որոշել է օտարերկրացիների կողմից երեխաների ապօրինի որդեգրման գործով մեղադրյալ, «Երևանի մանկան տուն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լիանա Կարապետյանին 3 մլն դրամ գրավի դիմաց ազատ արձակել։ Այս մասին «Հետքի» հետ զրույցում ասաց Կարապետյանի փաստաբան Ալեքսան Խաչատրյանը։
Պաշտպանը տեղեկացրեց նաև, որ դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել Կարապետյանի ձերբակալման որոշումը։
Հիշենցնենք, որ Լիանա Կարապետյանի ձերբակալման դեմ բողոքի և նրան կալանավորելու վերաբերյալ Քննչական կոմիտեի միջնորդության քննությունը դատարանում սկսվել էր երեկ։
Կարապետյանին մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 167-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 3-րդ կետերով և 314-րդ հոդվածի 1-ին մասով, այսինքն՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ երեխային առանց ծնողների կամ երեխայի դաստիարակությունը և խնամքն իրականացնող այլ անձանց համաձայնության նրանցից բաժանելը կամ փոխելը։ Նա մեղադրանքը չի ընդունում, պաշտպանի խոսքով՝ այն ակնհայտ անհիմն է։
Մեկնաբանել