HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

Լիանա Թորոսյան․ «Հայաստանը չի համարվում կորոնավիրուսի համար ռիսկային երկիր»

«Այս պահի դրությամբ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տրամադրած տվյալների համաձայն` 4537 հաստատված դեպք է գրանցվել՝ 106-ը մահվան ելքով։ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության առողջապահության հարցերով պետական հանձնաժողովի հաղորդագրության համաձայն արձանագրվել է 5597 դեպք՝ 132-ը մահվան ելքով։ Դեպքերի մեծամասնությունը գրանցվել է Չինաստանում, գրանցվել են դեպքեր նաև Ֆրանսիայում, Գերմանիայում, ԱՄՆ-ում, Ճապոնիայում, Կորեայում, Թաիլանդում, Ավստրալիայում»,- այս մասին այսօր մամուլի ասուլիսի ընթացքում հայտնեց առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը։

Չինաստանից դուրս գրանցված դեպքերը կապված են Ուհանից ժամանած ճամփորդների հետ։ Կարանտին հայտարարվել է Ուհանում և հարակից քաղաքներում, դեպի քաղաք և քաղաքից դուրս դադարեցվել է և՛ օդային, և՛ ցամաքային տրանսպորտային միջոցներով տեղաշարժը։

Ըստ ԱՀԿ-ի՝ վարակի փոխանցման հիմնական աղբյուրը եղել են Ուհան քաղաքի շուկայում ծովամթերքների և այլ կենդանիների վաճառակետերը։ Հնարավոր է, որ վիրուսը վայրի կենդանիներից կամ ծովամթերքներից փոխանցվել է մարդուն։

Քննարկումներ են անցկացրել բոլոր շահագրգիռ գերատեսչությունների հետ, միջազգային առողջապահական կանոնների ներդրման համաձայն՝ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի հետ որոշում է կայացվել, որ հուվարի 26-ից կարգելվի Չինաստանի կենդանական ծագման մթերքի և ծովամթերքի ներմուծումը Հայաստան։

Համատեղ մշակվել է հուշաթերթ, որը տրամադրվում է տուրիստական գործակալություններին։

«Մշակվել են պաստառներ հայերենով, ռուսերենով, անգլերենով և չինարենով, և տեղադրվել են սահմանային անցակետերում, որպեսզի մեր զբոսաշրջիկները և երկրից գնացող անձինք տեղեկացվեն այս հիվանդության ախտանիշների մասին»,- նշեց Լենա Նանուշյանը։

Ըստ նրա՝ հունվարի 27-ին ունեցել են հեռահար քննարկում ԱՊՀ երկրների հետ, ներկայացվել են բոլոր երկրների կողմից իրականացվող աշխատանքները։ Առողջապահության նախարարության հիվանդություննների կանխարգելման կենտրոնի մասնագետներն ուղեգրվել են պետական սահմանի անցման կետեր աշխատանքի տեսչական մարմնի հետ համատեղ աշխատանքներ իրականացնելու նպատակով։

«Արտաքին գործերի նախարարության հետ համագործակցում ենք: Ուհանում գտնվող Հայաստանի քաղաքացիներին հորդորվել է ԱԳՆ-ի միջոցով մշտապես կապ պահպանել դեսպանատան հետ։ Խոսքը գնում է 3 ուսանողների և պայմանագրային հիմունքներով 3 աշխատակիցների մասին։ Սա ստույգ թիվ չէ, բայց բոլորի հետ կապը պահպանված է, նրանք տանից դուրս չեն գալիս, նաև սննդակարգին են հետևում, դեռևս որևէ խնդիր չունեն»,- նշեց առողջապահության նախարարի տեղակալը։

Առողջապահության նախարարության վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության բաժնի պետ Լիանա Թորոսյանի խոսքով` մահացու ելքերը արձանագրված են այն մարդկանց շրջանում, որոնք ունեն ուղեկցող հիվանդություններ։

Չինաստանի բոլոր քաղաքացիները Բագրատաշենի սահմանին երեք անգամ ջերմաչափվել են, և որևէ խնդիր չեն ունեցել։

Հայաստանում գտնվող երկու չինացիների մասին խոսելիս Վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության բաժնի պետը հայտնեց, որ նրանք երկար ժամանակ գտնվել են Վրաստանում, ինչպես նաև Ուհան քաղաքից չեն։

Նրա խոսքով՝ չինացիներից մեկը ջերմություն չունի և գտնվում է բժիշկների հսկողության տակ, մյուսի մոտ եղել է ընդամենը 37 աստիճան ջերմություն, հիմա նրա թոքերն են զննում։ Այս պահի դրությամբ երկուսի ինքնազգացողությունն էլ բավարար է։ Նրանք դեռևս կմնան առաձնացված սենյակներում:

«ՀՀ-ն չի համարվում կորոնավիրուսի համար ռիսկային երկիր։ Ինչ վերաբերում է նոր կորոնավիրուսին, ապա մի շարք երկրների համար լաբորատոր թեստերը դեռևս հասանելի չեն։ Մեր տարածաշրջանում այս պահի դրությամբ դեռևս լաբորատոր թեստեր չկան։ Շատ կարճ ժամանակում Հայաստանը կապահովվի նոր կորոնավիրուսի լաբորատոր թեստերով»,- նշեց Լիանա Թորոսյանը։

Անդրադառնալով բերովի դեպքերին՝ նա նշեց, որ մարդուց մարդուն փոխանցվում է Չինաստանում, բայց այն երկրներում, որտեղ բերովի դեպքեր են արձանագրվել, մարդուց մարդուն փոխանցման դեպք դեռևս չի արձանագրվել:

Լուսանկարում ձախից՝ Լիանա Թորոսյանը, աջից՝ Լենա Նանուշյանը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter