HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անյա Սարկիսովա

Ծովինար Սարգսյան. «Ուսանողի տունը ոչ միայն լուծելու է ուսանողի կեցության հարցը, այլ նաև ապահովելու է ոչ ֆորմալ կրթություն»

«Ուսանողի տուն ծրագրի գաղափարը առաջացել է մեկ տարի առաջ: Երբ կազմակերպում էինք ոչ ֆորմալ կրթական ծրագրեր, շատ էր լինում, երբ մարզից ուսանողներ էին գալիս մասնակցելու, զրուցելով իրենց հետ՝ առանձնացնում էինք հիմնախնդիրներ մարզերից քաղաք եկող ուսանողներին վերաբերող, դրանցից առաջնայիններից էր մարզերից քաղաք եկող ուսանողների բնակության հարցը։ Շատերը մեկ կամ մի քանի հոգով բնակարան են վարձում, կամ բնակվում բարեկամի տանը, մի մասն էլ զուտ բնակության վայր չունենալու պատճառով բուհում ուսումը չի շարունակում»,- ասում է Ուսանողի տուն նախաձեռնության հիմնադիր Մհեր Մկրտչյանը։

Նախաձեռնության համահիմնադիր Ծովինար Սարգսյանը նշում է, որ Ուսանողի տունը ոչ միայն լուծելու է ուսանողի կեցության հարցը, նաև ապահովելու է ոչ ֆորմալ կրթություն, որը հնարավորություն կտա բարելավել աշխատաշուկա-ուսանող կապը։

«Մարզերից քաղաք եկող ուսանողները ավարտելուց հետո հիմնականում ունենում են աշխատաշուկա ներգրավվելու խնդիր, մենք մեր ոչ ֆորմալ կրթական ծրագրի միջոցով փորձելու ենք համալսարանական կրթության ընթացքում ուսանողի բացթողումները լրացնել, այսինքն՝ ուսանողները հնարավորություն կունենան բիզնեսին առնչվող, կորպորատիվ սոցիալական պատասխանատվությանն առնչվող գիտելիքներ ստանալ»,- ասում է Ծովինար Սարգսյանը։

Ուսանողի տունը դեռ շինարարական փուլում է, գտնվում է Նոր Նորքի 2-րդ զանգվածում, առաջիկայում այն կարող է 50 ուսանողի բնակության հարց լուծել, հետագայում նախատեսվում է Ուսանողի տներ կառուցել քաղաքի բոլոր վարչական տարածքներում։ Տարածքը վարձակալել են, իսկ ֆինանսական և նյութական աջակցություն ստանում են տարբեր ընկերություններից։

«Սկզբնական շրջանում մեր ընկերներն էին օգնում, իրենք իրենց ժամանակից տրամադրում էին, գալիս, մասնակցում շինարարական աշխատանքներին, թողարկել էինք փոքրիկ քարտեր, կոչվում է «ապագա» քարտ: Այն մարդիկ, որոնք ուզում էին ներդրում ունենալ, գնում էին այդ քարտերը, քարտերի արժեքը 10 000 դրամ է, քարտերը գնած մարդիկ կարող են «Թիմ թայմ» հակասրճարանի ծառայություններից օգտվել, կամ «Վայն Թայմում» օգտվել հյուրասիրությունից: Շինարարական գույք ստանալու համար դիմել ենք տարբեր ընկերությունների, ընկերություններից մեկը տրամադրել է շինանյութ վերանորոգումը շարունակելու համար, Ռուսական բուհերի ասոցիացիան մեզ կես միլիոն դրամ է փոխանցել»,- ասում է Մհեր Մկրտչյանը։

Նրա խոսքով՝ Ուսանողի տանը բնակվող ուսանողները կեցության համար կվճարեն սիմվոլիկ գումար, որը մի քանի անգամ պակաս կլինի վարձով բնակարանների կամ ուսանողական  հանրակացարանների վճարից։

Առաջին «Ուսանողի տուն»-ը նախատեսվում է շահագործման հանձնել մինչև 2020 թվականի սեպտեմբեր ամիսը։ Մհերի խոսքով՝ արդեն դիմող ուսանողներ կան, ընտրությունը կատարվելու է ըստ լրացրած հայտադիմումների: Նախապատվությունը կտրվի այն դիմորդներին, որոնք նպատակ ունեն մարզ վերադառնալ և ստացած գիտելիքները կիրառել իրենց համայնքը զարգացնելու համար։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter