HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սառա Պետրոսյան

Մարզպետները կառավարությանն են փոխանցել սպանդանոցային մորթից դժգոհողների անհամաձայնությունները եւ պահանջները

Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունում հունվարի 24-ին ամփոփել են սպանդանոցային պարտադիր մորթի գործընթացում մարզերից հավաքագրված խնդիրները: Քննարկումից օրեր առաջ, մարզպետարաններում հանդիպումներ էին կազմակերպվել կառավարության որոշումից դժգոհ բնակչության հետ, որի ժամանակ մարզպետները լսել են նրանց անհամաձայնությունները եւ պահանջները:

Մարզպետարանների կայքէջերում այս հարցին վերաբերող տեղեկատվություններն ամփոփելով կարող ենք նշել, որ անասնապահներն ու մթերում իրականացնողները (միջնորդները) բոլոր տեղերում, հիմնականում, երկու դժգություն են ունեցել՝ 

  1. սպանդանոցերը մարզերում անհավասարաչափ են տեղաբաշխված, եւ այդ հանգամանքով պայմանավորված լրացուցիչ ֆինանսական բեռ են ստանձնելու: Գյուղացին մսի արժեքի կեսը զիջում է միջնորդին ու վերավաճառողին եւ չի ցանկանում ստանձնել նաեւ կենդանուն սպանդանոց տեղափոխելու ծախսերը: Միջնորդները նույնպես չեն ցանկանում ստանձնել այդ բեռը:
  2. Նրանց համար ընդունելի չեն սահմանված մորթի գները եւ զգուշացնում են, որ դրանից կբարձրանա մսի արժեքը:

Հիշեցնենք, որ Սննդի անվտանգության տեսչական մարմնի (ՍԱՏՄ) եւ սպանդանոցների միջեւ ստորագրված հուշագրի համաձայն՝ նախատեսվում է 30 կմ շառավղով հեռավորությունից 3 եւ ավելի կենդանիները տեղափոխել անվճար: Կենդանու մորթի արժեքը հաստատվել է առավելագույնը 10 հազար դրամ՝ խոշոր եղջերավորի համար, 3.500 դրամ՝ մանր եղջերավորի, 5000 դրամ՝ խոզի համար: 

ՍԱՏՄ տարածած հայտարարության համաձայն՝ 2020 թ.-ի հունվարի 15-ից գործողության մեջ էր դրվելու Կառավարության 2019 թ. փետրվարի 15-ի N 142-Ն որոշումով սահմանված կենդանիների մորթը պարտադիր սպանդանոցներում իրականացնելու որոշումը: Սակայն, պարզվեց, որ հանրապետությունում բավարար չափով սպանդանոցներ չկան, բացի այդ, դրանք շատ անհամաչափ են տեղաբաշխվածպանդանոցների քանակի եւ բաշխվածության գրաֆիկական պատկերներին ծանոթացեք այս հղումով):

Հանրապետության ամենամեծ մարզում՝ Գեղարքունիքում, ընդամենը 2 սպանդանոց է գործում, սակայն մարզպետարանը, կարծեք թե, անհանգստացած չէ այդ հանգամանքով, այստեղ քննարկում չի իրականացվել:

Սյունիքում նույնպես 2 սպանդանոց կա, երկուսն էլ Կապան համայնքում են գտնվում, սակայն այս պահին նրանցից մեկն է մորթ իրականացնում: Նկատի չի առնվել, որ մսի հիմնական մատակարարը Գորիսի ու Սիսիանի տարածաշրջաններն են, որտեղ սպանդանոց չկա։

Արագածոտնի մարզի միակ սպանդանոցը Ապարան համայնքում է գտնվում, եւ այն կսկսի շահագործվել արդիականացման եւ կազմակերպչական որոշ հարցեր լուծելուց հետո: Մարզպետարանում ընդունել են, որ նոր սպանդանոցներ հիմնելու անհրաժեշտություն կա:

Բոլորին հասանելի սպանդանոցներ ունենալու հարցը քննարկվել է նաեւ Արարատի մարզում: «Մեր մարզի մասշտաբներով կարող եմ ասել, որ օրինակ, Զանգակատուն համայնքից մինչեւ Մասիսի սպանդանոց հասնելն անհարմարություն կստեղծի մեր գյուղացիների համար ...»,- նշել է Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը:

Արմավիրի մարզում 4 հիմնական եւ 1 շարժական սպանդանոց է գործում, մարզպետ Համբարձում Մաթեւոսյանը հավանական է համարել շատ կարճ ժամանակահատվածում եւս 10-ը նոր սպանդանոց կառուցելը:

Կոտայքի մարզպետի տվյալներով՝ մարզում գործում է 7 սպանդանոց («Հետք»-ի տվյալներով՝ 11-ը), որտեղ կան բոլոր հնարավորությունները գյուղատնտեսական կենդանիների սպանդ իրականացնելու համար: Թե ինչու են հանրապետության մարզերում այդքան անհամաչափ կառուցվել սպանդանոցները, հայտնի չէ, սակայն Կոտայքը միակն է, որտեղ ներկայացված պատճառաբանությունները չեն կարող տարածվել եւ առանց հետաձգելու կենդանիների մորթը կարող է իրականացվել:

ՏԿԵ նախարարությունում քննարկման մասնակիցները՝ էկոնոմիկայի նախարարը, մարզպետները եւ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինների ղեկավարներն, ընդունել են, որ հունվարի 15-ից ուժի մեջ մտած սպանդանոցային մորթի պարտադիր պայմանին անպատրաստ են: Նախարարության տարածած հաղորդագրությունից տեղեկանում ենք, որ  քննարկման ժամանակ Կառավարության անդամները գործընկերների ուշադրությունն են հրավիրել մարզերում առկա սպանդանոցների քարտեզագրման («Հետք»-ն արդեն քարտեզագրել է, հեղ.), անհրաժեշտ նվազագույն հեռավորության վրա գտնվող սպանդանոցների առկայության, համայնքներում դրանց կարիքի գնահատման, փոքր եւ շարժական սպանդանոցների հասանելիության հարցերին:

Մասնակիցները քննարկել են նաեւ սպանդանոցներ կառուցելուն եւ տրանսպորտային միջոցներ ձեռք բերելուն ուղղված ֆինանսավորման հարցերը, ներկայացվել են լիզինգի եւ վարկերի սուբսիդավորման՝ այս պահին առկա պետական աջակցության ծրագրերը: Նրանք հաստատակամ են գտնվել, որ միանշանակ  պետք է անցում կատարվի սպանդանոցային մորթին, սակայն վերը նշված պայմաններն ապահովելուց հետո։ Հիշեցնենք, որ մինչեւ այս տարվա հուլիսի 1-ը՝ պարտադիր սպանդանոցային մորթին անցնելու վերջնաժամկետը, բացառությամբ Երեւան քաղաքի սուպերմարկետների եւ Երեւան քաղաքի ռեստորանների, հանրային սննդի ցանցի, հանրապետության մյուս հատվածներում մորթը կիրականացվի նախկին ձեւով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter