HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Սեյրան Օհանյանը վստահեցնում է` 2016-ի ապրիլին զինված ուժերը նյութատեխնիկական ապահովման որևէ խնդիր չեն ունեցել

Պատգամավորների հետ չորս ժամ տևած փակ քննարկումից հետո պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը դուրս եկավ բավական բարձր տրամադրությամբ` հանդիպումը գնահատելով արդյունավետ: Հիշեցնենք, որ նա հրավիրվել էր ապրիլյան պատերազմի դեպքերը քննող ԱԺ ժամանակավոր հանձնաժողով:

«Գիտեք՝ շուրջ 3,5 ժամ աշխատեցինք, ես հիմա պաշտոն չեմ զբաղեցնում, պահեստազորում եմ, այդքան լարված, բայց համատեղ աշխատանքի հաճելի տպավորություն շուտվանից չէի ստացել: Ինչ վերաբերում է տեղեկություններին, իհարկե, որոշ տեղեկություններ լրացվեցին, տարբեր բնագավառներում` ռազմաքաղաքական, օպերատիվ-մարտավարական, որոնք հետագայում հիմք պետք է հանդիսանան հանձնաժողովի աշխատանքի համար: Հանձնաժողովի աշխատանքի մեծ մասը պետք է փոխանցվի պաշտպանության նախարարությանը: Չնայած ես համոզված եմ, որ պաշտպանության նախարարության ղեկավարությունն իր հետևողական աշխատանքը կատարել է»,- լրագրողների հետ զրույցում ասաց նա:

Հիշեցմանը, որ նախկինում պնդում էր, թե ժամանակին ՊՆ-ն ապրիլյան պատերազմի վերաբերյալ իր եզրահանգումները կատարել է, և չկար նման հանձնաժողով ստեղծելու կարիք, նախկին նախարարն արձագանքեց.

«Ես ևս մեկ անգամ պնդում եմ` իմ եզրահանգումները, տպավորությունները չեն փոխվել` բանակն իր առջև դրված խնդիրը կատարել է, դեռ ավելին` մեր բանակի հրամանատարական կազմի, զինծառայող հերոսների շնորհիվ կարողացել ենք հասնել նրան, որ մարտական գործողությունները կանգնեցվեն: Մենք եզրահանգումներ ենք կատարել մի քանի հարթություններում` ռազմաքաղաքական, օպերատիվ-մարտավարական, զինված ուժերի պատրաստվածության, ռազմատեխնիկական բազայի վերաբերյալ»:

Օհանյանն ընդգծեց, որ 2016-ի ապրիլյան անձնուրաց կռիվը տասնամյակների ընթացքում ձևավորված պատրաստության, ուսուցման արդյունք է:

«Իհարկե, բացթողումներ ու թերություններ եղել են: Ասացեք մի աշխատող մարդու, ով սխալներ թույլ չի տալիս: ՊՆ-ում իմ երկատև աշխատանքի ընթացքում միշտ այսպես եմ ասել` սխալ ունենալը և դա վերացնելը մեծ թերություն չէ, սխալ ունենալը և չվերացնելը նման է մարտի դաշտում զորքն անտեր թողնելուն»,- ասաց Օհանյանը: Նախկին նախարարը, սակայն, վստահեցրեց` ճակատագրական սխալներ չեն եղել:

«Հանձնաժողովի հետ բաց, ընկերական մթնոլորտում քննարկում արեցինք, և դրա արդյունքում հանձնաժողովն իր եզարկացությունները կանի»,- ասաց նա:

Անդրադառնալով դեռ 2016-ին հնչող այն տեսակետներին, որ զինված ուժերը պատերազմի ժամանակ վառելիք չեն ունեցել, Սեյրան Օհանյանն ասաց.

«Զինված ուժերի հրամանատարական կազմը, ղեկավարման համակարգն իր պարտականությունները իմացել է, և որոշակի միջոցառումների շրջանակներում իրականացրել: Զինված ուժերը նյութատեխնիկական ապահովման շրջանակում որևէ խնդիր չեն ունեցել, եթե ավելի ցածր մարտավարական օղակներում որոշակի բացթողումներ եղել են, դա գալիս է պատերազմական գործողությունների դժվարություններից, առանձնահատկություններից»:

Ինչ վերաբերում է խորհրդարանում ժամանակավոր հանձնաժողով ստեղծելուն, նախկին նախարարն ասաց, որ ինքն անշուշտ նման հանձնաժողով չէր կազմի, եթե անգամ լիներ պաշտպանության նախարարության հետ համատեղ գործող, բայց քանի որ այն ստեղծվել է, իր հնարավորության սահմանում կաջակցի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter