HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

«Պի՛նդ կաց, Ուհան». ինչպես են Չինաստանի բնակիչներն աջակցում միմյանց՝ կորոնավիրուսի բռնկման ժամանակ

Չինաստանում կորոնավիրուսի բռնկման հետևանքով Ուհան քաղաքի միլիոնավոր բնակիչներ հայտնվել են մեկուսացման մեջ։ Հիվանդության տարածման պատճառով քաղաքում տրանսպորտային ենթակառուցվածքները չեն գործում։ Այդուհանդերձ, մարդիկ փորձում են բարձրացնել միմյանց տրամադրությունը։

Մահացու վիրուսի բռնկումն ի հայտ է եկել այն ժամանակ, երբ Չինաստանը նշում էր իր օրացույցի կարևոր տոներից մեկը՝ Լուսնային Նոր տարին։ Չինաստանի համար այդ տոնն այնքան կարևոր է, որքան հայերի համար Ամանորը։ Տոնակատարությունները տևում են շուրջ երկու շաբաթ։ Շատերի համար այն միակ հնարավորությունն է՝ հանդիպելու ընտանիքների հետ և միմյանց նվերներով ուրախացնելու։

Կորոնավիրուսի տարածումից հետո մարդկանց կոչ է արվել մնալ տներում վիրուսի տարածումը նվազագույն մակարդակի հասցնելու համար։ Սակայն բազմաբնակարան շենքերից մեկի բնակիչները գտել են միմյանց ոգևորելու եղանակը։ Սոցիալական ցանցերում տարածված տեսագրություններից մեկում երևում է, թե ինչպես են մարդիկ իրենց լուսամուտներից ողջ թաղամասով մեկ բղավում «Ուհան ճյայո», որը չինարենից թարգմանվում է «պի՛նդ կաց, Ուհան» կամ «կանգ մի՛ առ, Ուհան»։

Արտահայտությունն օգտատերերը կիրառում են նաև սոցցանցերում։ Օրինակ, «Weibo» սոցիալական ցանցում «Պի՛նդ կաց, Ուհան» արտահայտությունը հայտնվել է «թրենդներում»։ Աշխարհի տարբեր ծայրերում մարդիկ հրապարակում են արտահայտությունն՝ ի աջակցություն Ուհանի, որտեղ գտնվում է կորոնավիրուսի տարածման օջախը։ «Weibo»-ի օգտատերերից մեկը գրել է․

«Մենք կհաղթահարենք հիվանդությունը։ Պի՛նդ կաց, Ուհան, ամբողջ երկիրն աջակցում է քեզ»։

Չնայած չինական սոցցանցերի բազմաթիվ օգտատերեր գրում են, որ վախենում են իրենց կյանքի համար և քննադատում իշխանությունների գործողությունները, պետական լրատվամիջոցները հայտնում են բնակիչների բարի գործերի մասին, որոնք համախմբում են ողջ Ուհանը։

200 ընթրիք բաժանած ռեստորանի սեփականատերը 

Ուհանի նոր ռեստորաններից մեկի սեփականատերը նշել է Լուսնային Նոր տարին՝ քաղաքի բուժաշխատողների համար կազմակերպելով սննդի ապահովում։ Այդ մասին հայտարարել է պետական «Changjiang Daily» պարբերականը։

Լի Բոն իր ռեստորանը բացել էր ընդամենը մեկ ամիս առաջ։ Բիզնեսը սկսելու համար նա վաճառել էր մեքենան և վարկ վերցրել։ Սակայն կորոնավիրուսը խառնել է Լի Բոյի բոլոր պլանները։ Ռեստորանը բացելուց մեկ ամիս անց Ուհանում սկսվել է կորոնավիրուսի համաճարակը։ Հիմա նրա ռեստորանը դատարկվել է, ինչպես և քաղաքի փողոցները։

Չինական որոշ լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Ուհանի որոշ հիվանդանոցներում նկատվում է սննդի պակաս։ Մարդիկ սկսել են սննդի պաշարներ հավաքել։ Լի Բոն, իր շեֆ խոհարարի հետ միասին, գնել են մթերքներ և սննդով լի 200 տուփ պատրաստել։ Չինական պետական պարբերականին Լի Բոն հայտնել է, որ փորձում է գտնել ավելի շատ տարաներ, որպեսզի սնունդը հասցվի Ուհան քաղաքի Սիհե հիվանդանոցի բուժանձնակազմին։ Լի Բոն վստահ է, որ չինացիները կկարողանան կանխել հիվանդության տարածումը։

15 հազար դիմակ նվիրաբերած մարդը

Կորոնավիրուսով վարակվելուց խուսափելու համար Չինաստանում հազարավոր մարդիկ գնում են բժշկական դիմակներ։ Որոշ բնակավայրերում դիմակների պահուստների դեֆիցիտ կա։ Դիմակը դարձել է այնքան կարևոր ապրանք, որ «Weibo»-ի բազմաթիվ օգտատերեր կատակում են, թե Նոր տարվա նվեր կցանկանային ստանալ հենց դիմակներ, այլ ոչ այն ավանդական նվերները, որոնք միմյանց նվիրում են չինացիները։

Հուբեյ նահանգի հարևանությամբ գտնվող Չանդե շրջանի բնակիչներից մեկը որոշել է 15,000 դիմակ նվիրաբերել։ Հաո Ցզինը նախորդ տարի աշխատել է դիմակների արտադրության ֆաբրիկայում։ Ավելի ուշ նա ազատվել է աշխատանքից, իսկ ընկերությունը չի կարողացել վճարել վերջնահաշվարկը։ Փոխարենը, որպես փոխհատուցում, նրան տվել են 15,000 հատ բժշկական դիմակ՝ ընդհանուր 20,000 յուան արժողությամբ (մոտ 2900 ԱՄՆ դոլար)։

Դիմակները նա տարել է տուն և հիշել դրանց մասին միայն այն ժամանակ, երբ ԶԼՄ-ները տարածել են դիմակների պակասի մասին լուրը։ Ցզինը հայտարարել է․ «Ես մտածեցի, որ կնվիրաբերեմ դիմակները բոլոր նրանց, ովքեր ունեն դրա կարիքը։ Հուսամ՝ ուրիշներին դիմակներն ավելի պետք կգան, քան ինձ»։

Հունվարի 30-ի դրությամբ կորոնավիրուսը տարածվել է Չինաստանի բոլոր շրջաններում։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավարը հայտարարել է, որ աշխարհը պետք է պատրաստ լինի կորոնավիրուսի դեմ պայքարին։ Հունվարի 30-ին նախատեսվում է ԱՀԿ-ի արտակարգ իրավիճակների հարցերով կոմիտեի արտահերթ փակ նիստ։ Կոմիտեն կորոշի՝ արդյոք հիվանդությունը ճանաչվելու է համաշխարհային սպառնալիք, թե ոչ։

Մինչ այս պահը Չինաստանում մահացել է 170 մարդ, ևս 7000-ը համարվում է վիրուսակիր։ Կորոնավիրուսի հաղթահարման դեղամիջոց գոյություն չունի, տարվում են ինտենսիվ աշխատանքներ՝ համապատասխան պատվաստանյութի ստացման համար։ Շատ են այն քաղաքացիները, որոնք հաջողությամբ կարողացել են բուժվել, առանց պատվաստանյութի կիրառման։ Չինաստանից կորոնավիրուսի փոխանցման մասին առաջինը հայտարարել են Գերմանիան և Ճապոնիան։ Հայաստանում կորոնավիրուսի դեպք դեռևս չի գրանցվել։

Գլխավոր լուսանկարը՝ Irish Times-ի

Ռեստորանի տիրոջ լուսանկարը՝ Changijang Daily-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter