HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լիանա Սայադյան

Ադրբեջանը խախտել է Մանվել Սարիբեկյանի կյանքի իրավունքը. ՄԻԵԴ

ՄԻԵԴ-ը հրապարակել է Բաքվում մահացած հայ հովվի գործով վճիռը եւ Ադրբեջանի կառավարությանը պարտավորեցրել 60,000 եվրո վճարել Սարիբեկյանի ընտանիքին

«Հետքը» զրուցել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Սարիբեկյանի եւ նրա իրավահաջորդների ներկայացուցիչներ Արա Ղազարյանի եւ Արտակ Զեյնալյանի հետ (ՀՀ կառավարությունը երրորդ կողմ էր ներգրավվել այս գործով)։ Նրանք սա անգնահատելի որոշում են համարում Ադրբեջանում 20 տարվա ազատազրկման դատապարտված Կարեն Ղազարյանի գործի քննության համար։ Թե ինչ ընթացակարգով է Ադրբեջանը վճարելու ՄԻԵԴ սահմանած գումարը, իրավաբանները դեռ չգիտեն, քանի որ սա առաջին նման վճիռն է։ Ադրբեջանը եռամսյա ժամկետ ունի բողոքարկման համար, եթե չբողոքարկի, այս որոշումն ուժի մեջ կմտնի։

2010 թ. սեպտեմբերի 11-ին Գեղարքունիքի մարզի Թթուջուր գյուղի բնակիչ, 20-ամյա Մանվել Սարիբեկյանը անասուններին փնտրելիս մոլորվել էր Տավուշի մարզի սահմանամերձ գոտում ու հայտնվել հակառակորդի մոտ:

Սարիբեկյանի ծնողները հավատացած էին, որ նա ոչ թե մոլորվել է, այլ հայկական հատվածում առեւանգվել է ադրբեջանցիների կողմից: Ադրբեջանի ՊՆ-ն հայտարարել էր, թե իբր Մանվելը հետախույզ է եւ գերեվարվել է ԼՂ հյուսիսարեւելյան հատվածից հայերի իրականացրած դիվերսիոն գործողության արդյունքում: Ադրբեջանցիները հարցազրույց էին կազմակերպել Սարիբեկյանի հետ, որտեղ երիտասարդը հայտարարել էր, թե իբր լրտես է: Նույն տարվա հոկտեմբերի 5-ին Ադրբեջանի ՊՆ-ն ու զինդատախազությունը հաղորդագրություն տարածեցին, թե իբր Սարիբեկյանը նախնական կալանքի վայրում ինքնասպանություն է գործել կախվելով: Նոյեմբերի 4-ին Իջեւան-Ղազախ հատվածում՝ Կայան գյուղի մոտ, նրա դիակը հանձնվեց Հայաստանին։ ՀՀ գլխավոր դատախազությունը հայտարարեց, որ Սարիբեկյանի դին լավ պահպանված չի եղել, դատաբժշկական փորձաքննության արդյունքում էլ պարզ է դարձել, որ երիտասարդը ենթարկվել է խոշտանգումների, անմարդկային վերաբերմունքի: Այս առթիվ ՀՀ ոստիկանությունում քրգործ էր հարուցվել, որը հետո փոխանցվել էր ԱԱԾ-ին: Նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը դիմել էր նաեւ Ադրբեջանին՝ խնդրելով հայտնել, թե արդյոք կան նյութեր Սարիբեկյանի մահվան վերաբերյալ, եթե այո, ապա ուղարկել դրանք ՀՀ՝ քննության համար: Ադրբեջանի դատախազը չէր արձագանքել այս նամակին: Հայաստանն աջակցության խնդրանքով դիմել էր ԱՊՀ գլխավոր դատախազների համակարգող խորհրդի նախագահ, ՌԴ գլխավոր դատախազ Չայկային, որն առաջարկել էր ադրբեջանցի գործընկերոջը քննարկել նամակը եւ տեղեկացնել արդյունքների մասին: Սակայն, դարձյալ ապարդյուն։

Սարիբեկյանի ներկայացուցիչները դիմել էին Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ ընդդեմ Ադրբեջանի:

Արա Ղազարյան

2011-ի մայիսին ես գործն ուղարկել եմ Եվրադատարան, ընդ որում՝ այն վեց ամիս դատարանում կորած էր։ Փաթեթը, որն ինձ ուղարկել էր Եվրադատարանը, վեց ամիս հետո եմ ստացել անհայտ հասցեից, նշված էր, որ Ֆրանսիայից է եկել, բայց Եվրադատարանում ինձ ասում էին, որ դեռ հուլիսին ինձ ուղարկել են ապացույց, որ գանգատը գրանցվել է։ Ես նույնիսկ դիմել էի ԵԴ նախագահին, որ պարզեմ, թե ինչ է տեղի ունեցել, որովհետեւ դատարանի փաթեթը չեմ ստացել, եւ հանկարծ դեկտեմբերին փաթեթ ստացա Ստրասբուրգից՝ առանց որեւէ բացատրության, թե հուլիսից դեկտեմբեր ուր էր այդ փաթեթը։ Իմ կարծիքով՝ արտաքին միջամտություն է եղել, որովհետեւ այստեղ ժամկետային վիճելի հարց կար։ Ըստ երեւույթին, փորձ էր արվել անել այնպես, որ ինձ մեղադրեին, թե ուշ եմ ուղարկել գանգատը։ Աղմուկ բարձրացրի, ՄԻԵԴ նախագահին գրեցի, խնդրեցի կարգապահական վարույթ հարուցել, եւ ամենայն հավանականությամբ Եվրադատարանի շենքի ներսում ինչ-որ բան էր տեղի ունեցել։ Ինչեւէ, ես հաղթահարեցի դա, այնուհետեւ դա խնդիր չառաջացրեց։

Գանգատի ընդունման մասով պիտի նշեմ, որ ամենաառաջին չափանիշը՝ պաշտպանության ներպետական միջոցները սպառելը չէր արվել, որովհետեւ մենք նշել էինք, որ հնարավոր չի դա անել։ Այն ժամանակ մենք չունեինք փախստական Սարգսյանների գործով վճիռը, որով սահմանվել էր, որ հայերը չեն կարող Ադրբեջանի տարածքում հայցել իրավական պաշտպանություն։ Ես նշել էի, որ միամիտ է կարծել, թե Սարիբեկյանները կարող են գնալ եւ Ադրբեջանում հայցել քրեական պաշտպանություն իրենց որդու սպանության հանգամանքների առումով։ Ուստի, հնարավոր չի սպառել ներպետական իրավական պաշտպանության միջոցները։ Այս փաստարկն ընդունել է ՄԻԵԴ-ը եւ ասել, որ Ադրբեջանի կառավարությունը չի ներկայացրել որեւէ իրավական ակտ կամ ներպետական պաշտպանության միջոց, որ նման իրավիճակում հայտնված անձինք, այսինքն` ՀՀ քաղաքացիները, կարող են իրավական պաշտպանություն հայցել Ադրբեջանի իշխանություններից։ Ընդհակառակը, այդ իշխանությունները հրաժարվել են նույնիսկ որեւէ կերպ պատասխանել ՀՀ իշխանությունների դիմումներին։ Եվ այս պրակտիկան շարունակվում է մինչեւ հիմա Կարեն Ղազարյանի գործով։ Եթե Եվրոպական դատարանը չընդուներ այս հանգամանքը, մեր գանգատը պիտի մերժեր։

Եվրոպական դատարանը հաստատված է համարել Սարիբեկյանի գործով Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 2-րդ հոդվածի՝ կյանքի իրավունքի խախտումը։ Որոշման մեջ նշված է, որ Ադրբեջանի կառավարությունը մահվան հանգամանքների վերաբերյալ համոզիչ հիմնավորումներ չի ներկայացրել, հետեւաբար, նյութաիրավական հիմքով ստացվում է, որ մահը վերագրվում է Ադրբեջանին, եւ նա պատասխանատվություն է կրում մահվան համար։ Շատ հաճախ ԵԴ-ն պատասխանատվություն է ճանաչում միայն ընթացակարգային հիմքով, այսինքն՝ մենք չգիտենք՝ արդյոք ձեր պաշտոնատար անձինք մեղավոր են մահվան մեջ, բայց քանի որ հետաքննություն չեք արել, ինքնին պատասխանատվություն եք կրում։ Իսկ այս դեպքում ասվում է, որ ամենայն հավանականությամբ մահը տեղի է ունեցել ձեր պաշտոնատար անձանց մեղքով։ Այստեղ գործում է փաստի կանխավարկածը։

Հաջորդում է քննության համարժեքության մասին բացատրությունը։ Դատարանը կարծում է, որ Ադրբեջանում քննությունն իրականացվել է այն կանխավարկածով, որ Սարիբեկյանը կատարել է ինքնասպանություն կախվելու միջոցով։ Հենց սկզբից ռազմական ոստիկանության բաժանմունքը, որի վերահսկողության ներքո գտնվել է Սարիբեկյանը, տեղեկացրել է քննիչներին, որ նա կատարել է ինքնասպանություն։ Հարց է ծագում՝ ինչպե՞ս իմացան, որ ինքնասպանություն է։ Այս կանխավարկածը հետագայում տեղ է գտնում Ադրբեջանի զինվորական ոստիկանության որոշումներում, որով հրահանգվել է դատաբժշկական փորձաքննություն կատարել։ Ի հավելումն՝ քննությունը, որ հարուցվել է իշխանությունների կողմից երեք օր անց՝ ինքնասպանության հիմքով։ Հետեւաբար, հենց սկզբից բացառվել է հնարավորությունը, որ Սարիբեկյանը կարող է այլոց կողմից իր նկատմամբ բռնության արդյունքում մահացած լինել։ ԵԴ-ն նշել է, որ քննության մեջ ներգրավված պաշտոնատար անձինք այլընտրանքային որեւէ գիծ չեն տարել։

Սա շատ հետաքրքիր մոտեցում է։ Պետք է հաշվի առնել, որ Սարիբեկյանը ՀՀ քաղաքացի էր եւ ձերբակալվել ու մեղադրվում էր որպես հայ լրտես, որը մտել էր Ադրբեջան ահաբեկչական ակտ կատարելու, հետեւաբար կարելի է ենթադրել, որ ադրբեջանական իշխանությունների այս փաստերի ու պնդումների մասին տեղյակ էին նաեւ կալանավայրի աշխատակիցները, որտեղ Սարիբեկյանը պահվում էր։ Հենց այդպես էր ձերբակալման առաջին իսկ պահից, քանի որ այդպես էր ներկայացնում նաեւ ադրբեջանական մեդիան։ Ավելին, ըստ դատարանի՝ չի կարելի անտեսել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ատելության եւ լարվածության ընդհանուր կոնտեքստը։ Սա իմ փաստարկն էր։ Դատարանի կարծիքով՝ այս հանգամանքները հիմք էին, որպեսզի է'լ ավելի մանրամասն առաջ տարվեր քննությունը՝ արդյոք սա էթնիկ ատելության գործոն է պարունակում։

Ցավում եմ, որ Կոնվենցիայի 14-րդ հոդվածի խախտում չի արձանագրվել, այն է՝ խտրականության արգելում։

Դատարանը հաշվի է առնում նաեւ այն փաստը, որ քննության ընթացքում Ադրբեջանի իշխանությունները երբեւիցե փորձ չեն արել կապվել Սարիբեկյանի ընտանիքի եւ ՀՀ իշխանությունների հետ՝ նրա ձերբակալման, կալանքի, մահվան եւ քննության հանգամանքների համար։ Ընդհակառակը, նրա ձերբակալումը եւ մահը ՀՀ իշխանություններին հայտնի է դարձել մեդիայի միջոցով։ Միակ կոմունիկացիան եղել է նրա մահվան վկայականի ուղարկումը դիակը հանձնելիս։

Թեեւ 14-րդ հոդվածի խախտում չի արձանագրվել, բայց դատարանը նշել է, որ քննությունը պետք է տարվեր էթնիկ հիմքով ատելության շարժառիթով հանցագործության ուղղությամբ։  

Արտակ Զեյնալյան

Մենք դատարանին ապացուցել ենք, որ Մանվել Սարիբեկյանը կախված է եղել ոչ թե փափուկ բանով, այլ կոշտով։ Սարիբեկյանն ուրիշ տեղ կախված է եղել, բերել են իր խցում իմիտացիա են արել։

Արա Ղազարյան

ՄԻԵԴ-ը շեշտում է, որ ՀՀ իշխանություններրը Մինսկի կոնվենցիան կոորդինացնող մարմնի՝ ԱՊՀ գլխավոր դատախազների համակարգող խորհրդի միջոցով հարցում են ուղարկել Ադրբեջան եւ չի ընդունում Ադրբեջանի իշխանությունների պնդումը, որ իրենք չունեին որեւէ պարտավորություն համագործակցելու, քանի որ դիվանագիտական հարաբերություններ չկան երկու երկրների միջեւ։ Այստեղ արդեն դատարանը մտնում է քաղաքական դաշտ՝ հղում կատարելով Կիպրոսի նախադեպի վրա։ Դիվանագիտական հարաբերությունների բացակայությունը պետության վրայից չի գցում իր պարտականությունները Կոնվենցիայի 2-րդ հոդվածով։ Դատարանը նշում է, որ ինչպես երեւում է գործի նյութերից, Ադրբեջանի իրավապահ մարմինների կատարած հետաքննության նյութերը հայկական կողմին հասանելի են դարձել միայն գործի կոմունիկացիայի արդյունքում։ Հետեւաբար, Սարիբեկյանի ծնողները որեւէ հնարավորություն չունեին իրենց շահերը պաշտպանելու, ըստ այդմ՝ տեղի է ունեցել նաեւ 2-րդ հոդվածի խախտում վարույթային հիմքով, ոչ միայն նյութաիրավական։ Այսինքն՝ դատարանն արձանագրում է, որ Ադրբեջանը չի թոթափել իր վրա դրված ապացուցման բեռը, որ Սարիբեկյանն ինքնասպանություն է գործել, այլ ոչ թե` սպանվել։

Մենք պնդել էինք նաեւ, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտում՝ Սարիբեկյանին մահվանից առաջ խոշտանգել են։ Դատարանն այս մասով նշել է, որ հաշվի է առնում Հայաստանի դատաբժշկական փորձաքննության արդյունքներն այն մասին, որ բացի խեղդամահությունը, Մանվել Սարիբեկյանն ունեցել է երիկամի, կրծքավանդակի, ձախ կոնքի եւ հետանցքի վնասվածք։

Դատարանը հաստատված է համարել, որ Սարիբեկյանը խոշտանգվել է մահվանից առաջ, կյանքի վերջին օրերի ընթացքում։ Ենթարկվել է վատ վերաբերմունքի, սաստիկ բռնության կյանքի վերջին օրերին, երբ գտնվում էր զինվորական ոստիկանության բաժանմունքում` Բաքվում։

Արտակ Զեյնալյան

Ապացույցների հավաքման պրոցեսում մենք օգտագործել ենք նաեւ Ադրբեջանում հայտնված մյուս ՀՀ քաղաքացիների վկայությունները՝ Հակոբ Ինջիղուլյանի եւ Եղիշե Գեւորգյանի, որն իր 5-հոգանոց ընտանիքով «ԵրԱԶ» մեքենայով հայտնվել էր Ադրբեջանում։ Նրանք եղել էին Սարիբեկյանի մահվան վկան, քանի որ պահվել էին նույն շենքում՝ իրար տակ գտնվող խցերում: Եղիշե Գեւորգյանը պատմում էր, որ ինքը բանտում լսել է Մանվելի մասին բանտի աշխատակիցներից, իսկ նրա մահվան օրը լսել է, որ Մանվելի խցի դուռն անընդհատ բացվում-փակվում էր: Դրանից 1-2 օր անց բանտի աշխատակիցը, ըստ Եղիշեի պատմածի, իրեն ասել է՝ տեսա՞ր ինչ բերինք ձեր հովվի գլխին։ Եղիշե Գեւորգյանի վկայությունը ստուգվել է Ադրբեջանում հայտնված զինծառայող Հակոբ Ինջիղուլյանի  պատմածով, որին Եղիշեն հանդիպել է բանտում: Ինջիղուլյանը պատմում էր, որ Եղիշե Գեւորգյանը խցի պատուհանից իրեն ծխախոտ է իջեցրել պարանով։

Բացի այդ՝ Ինջիղուլյանի վկայությամբ, այն չարաբաստիկ բազկաթոռը, որի վրա նստած հարցազրույց է տվել Մանվել Սարիբեկյանը, գտնվում էր բանտի երկրորդ հարկի նախասրահում, ոչ թե ադրբեջանական ANS հեռուստաընկերությունում, եւ որ ինքն էլ է նստել այդ բազկաթոռին։ Այսինքն՝ բանտում հեռուստատեսային տաղավարի իմիտացիա էր ստեղծվել։

Եթե մենք ֆիքսեինք եւ ապացուցեինք դիվերսանտների կողմից առեւանգելու փաստը, իսկ ես կարծում եմ, որ թե' Կարեն Ղազարյանը, թե' Մանվել Սարիբեկյանը Հայաստանից առեւանգված եւ տարված էին, ապա ՄԻԵԿ 14-րդ հոդվածի (խտրականության արգելումը) խախտումը եւս հաստատված կհամարվեր։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter