
Հազ, բարձր ջերմություն. այս ախտանշանների դեպքում պետք է դիմել բժշկի
Քաղաքացիներն ահազանգում են, որ պոլիկլինիկաներում, սուր շնչառական հիվանդություններով պայմանավորված, հերթեր են։ Այցելեցինք «Մուրացան» հիվանդանոցային համալիրի պոլիկլինիկա՝ տեղեկանալու հիվանդների վիճակի, կուտակումների և ձեռնարկվող միջոցառումների մասին։
Տեսնելով նկարահանող սարքերը, մեզ հրավիրեցին տնօրինություն՝ նկարահանման թույլտվություն ստանալու։ Բացի թույլտվությունից՝ ստացանք նաև բախիլներ, խալաթ և դիմակ՝ ներսում շրջելու համար։
«Մուրացան» հիվանդանոցային համալիրի տնօրենի օգնական Մարգարիտա Զաքարյանը տեղեկացրեց, որ հայտարարված է հատուկ հսկողություն, այցելությունները հիվանդասենյակներ սահմանափակված են։ Օրվա տարբեր ժամերի հիվանդների հոսքը տարբեր է։ Նրա խոսքով` պոլիկլինիկա դիմողների թիվը բավականին մեծ է՝ օրական միջինը 160-170 հոգի, անհրաժեշտության դեպքում նրանք հոսպիտալացվում են։
Հիվանդների քանակով պայմանավորված՝ հերթեր են առաջանում բուժհաստատությունում։ Պոլիկլինիկայի այցելուների խոսքով` նախօրոք գրանցվում են հերթերից խուսափելու համար։
Ընդունարանի բժիշկ Սաթենիկ Բադալյանն ասում է, որ հիվանդների մեծ հոսք է լինում հիմնականում առավոտյան և երեկոյան ժամերին։ Դիմողների մեծ մասը սուր շնչառական հիվանդություն է ունենում։
Պոլիկլինիկայի բժիշկները վստահեցնում են, որ բուժհաստատություններ դիմելիությունը բարձրացել է, հետևապես իրավիճակը մասնագիտական հսկողության ներքո է։
Մեկնաբանել