HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տաթև Խաչատրյան

Թռչնագրիպի պատճառով արգելվել է ուկրաինական թռչնամթերքի ներկրումը․ ներմուծված թռչնամսի 20%-ն Ուկրաինայից է

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը քիչ առաջ հայտարարել է, որ հունվարի 31-ից արգելվել է ուկրաինական թռչնամսի ներմուծումը։

2019թ․ առաջին կիսամյակում Ուկրաինայից Հայաստան է ներկրվել 8023 տոննա թռչնամիս, ինչը կազմում է թռչնամսի ընդհանուր ներկրումների մոտ 20 %-ը։ Ուկրաինայից տարեկան միջինը ներկրվում է մոտ 5500 տոննա թռչնամիս։

Դեռևս հունվարի 23-ին Եվրամիությունն արգելել էր Ուկրաինայից թռչնամսի ներկրումը՝ թռչնագրիպի հայտնաբերման պատճառով։ Ուկրաինայի Սննդամթերքի անվտանգության և սպառողների պաշտպանության պետական ծառայությունը հաստատել է այդ նորությունն ու հավելել, որ վերահսկում են իրավիճակն ու ոչնչացրել են վարակակիր թռչուններին։

Միս-մսամթերքի շուկայում 70 % ներկրումերը բաժին են ընկնում հենց թռչնամսին․ Հայաստանը հիմնականում ներկրում է թռչնամիս, արտահանում՝ ոչխարի միս (արտահանման մոտ 95 %-ը)։ Թեև 5 տարում Հայաստանում մսի և մսամթերքի ներկրումն ավելացել է մոտ 13 % -ով, իսկ արտահանումը՝ 70 %, այնուամենայնիվ միս և մսամթերք 22 անգամ ավելի շատ ներկրվում է, քան՝ արտահանվում։

Մենք ուսումնասիրել ենք թռչնամսի ներկրման և արտահանման ծավալներն, հիմնական ուղղություններն ու պարզել, որ դրանք ամենաշատը ներկրվում են ԱՄՆ-ից՝ մոտ 410 դրամ մեկ կգ-ն:

Վերջին 5 տարիներին թռչնամսի ներկրման ծավալները 7 %-ով (2500 տոննայով) ավելացել են: 2015-2019թթ. Հայաստան է ներկրվել 158 884 տոննա թռնչամիս՝ ընդհանուր 168 499 000 ԱՄՆ դոլար արժողությամբ: Տարեկան միջինը ներկրվում է 31 776 տոննա թռչնամիս, մեկ կիլոգրամի միջին արժեքն է 1 ԱՄՆ դոլար: Համեմատության համար՝ տեղական թռչնամիսն արժե մոտ 1400-1800 դրամ 1 կիլոգրամը (3-4$):

Թռչնամիսը Հայաստան է ներկրվել 19 երկրներից, սակայն ներկրման հիմնական երկրներից են ԱՄՆ-ն, Ուկրաինան, Բրազիլիան, Բելգիան և Ռուսաստանը:

Թռչնամսի 40 %-ը ներկրվում է ԱՄՆ-ից: Մասնավորապես, 2015-2019թթ. առաջին կիսամյակում Հայաստան է ներկրվել 58 103 տոննա թռչնամիս՝ ընդհանուր 50 մլն ԱՄՆ դոլարի: Մեկ կիլոգրամի միջին արժեքն է եղել 0,86 ԱՄՆ դոլար (~412 դրամ):

Հաջորդ խոշոր երկիրները Ուկրաինան և Բրազիլիան են։ Թեև թռչնամիս այնտեղից ներկրվում է 2 անգամ ավելի քիչ, քան ԱՄՆ-ից, այնուամենայնիվ ներկրման ծավալների 17 % և 16,8 %-ը համապատասխանաբար բաժին են ընկնում Ուկրաինային և Բրազիլիային:

2015-2019թթ առաջին կիսամյակում Ուկրաինայից ներկրվել է 28,8 մլն ԱՄՆ դոլարի 24 595 տոննա ընտանի թռչնամիս, Բրազիլիայից ՝ 35,5 մլն ԱՄՆ դոլարի  24 303 տոննա թռչնամիս:

Ի տարբերություն Ուկրաինայի, Բրազիլիայից ներկրված թռչնամսի մեկ կիլոգրամի արժեքն ավելի թանկ է: Մասնավորապես, Ուկրաինայից թռչնամսի մեկ կիլոգրամը միջինում ներկրվում է 1,17 ԱՄՆ դոլարով (~ 563 դրամ), Բրազիլիայից՝ 1,46 ԱՄՆ դոլարով (~ 701 դրամ):

Թռչնամսի շուկան
Infogram

Թռչնամսի ներկրման 10,75 %-ը բաժին է հասնում Ռուսաստանին: 2015-2019թթ առաջին կիսամյակում Հայաստան է ներկրվել 15 498 տոննա ընտանի թռչնամիս՝ ընդհանուր 19,5 մլն ԱՄՆ դոլարի: Ռուսաստանից ներկրվող մսի մեկ կիլոգրամի միջին արժեքը ևս բարձր չէ՝ 1,25 ԱՄՆ դոլար (~603 դրամ):

Ներկրումների 7,5 %-ը պատկանում է Բելգիային: Ընդհանուր առմամբ՝ 2015-2019թթ. առաջին կիսամյակում Բելգիայից Հայասատան է ներկրվել 10 889 տոննա ընտանի թռչնի միս՝ 6, 5 մլն ԱՄՆ դոլարի: Բելգիայից ներկրվող թռչնամիսը վերը նշված երկրներից ամենաէժանն է. մեկ կգ թռնչամսի ներկրման միջին արժեքը 0,6 ԱՄՆ դոլար է (~ 289 դրամ):

Հայաստանից թռչնամսի արտահանման ծավալներն աննշան են. 5 տարում արտահանվել է ընդամենը 149 տոննա թռչնի միս՝ ընդհանուր 200 000 ԱՄՆ դոլարի: Արտահանվող թռչնամսի մեկ կիլոգրամի միջին արժեքն է 1,34 ԱՄՆ դոլար: Տարեկան միջինը Հայաստանից արտահանվում է մոտ 30 տոննա թռչնամիս ( 2017թ, 2019թթ.-ին Հայաստանից թռչնամիս չի արտահանվել):

Արտահանման հիմնական երկրներն են Վրաստանը (55,4 տոննա ), Բրազիլիան (50,2 տոննա ), Ուկրաինան (43.1 տոննա) և Ռուսաստանը (0.3 տոննա): Թռչնամսի արտահանման մեկ կիլոգրամի միջին արժեքը ներկրման համեմատ փոքր ինչ բարձր է՝ 1,72 ԱՄՆ դոլար (~825 դրամ): Ամենաէժան թռչնամիսն արտահանվում է Ուկրաինա՝ 0,9 ԱՄՆ դոլար, ամենաթանկը՝ Ռուսաստան՝ 3 ԱՄՆ դոլար։

Տես նաև՝

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter