HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ամուլսարի խնդիրը մտել է մի փուլ, որի լուծումը Կառավարությունից հստակ որոշումներ և ծախսեր է պահանջում

Լիդիան ընկերությունը այսօր (հունվարի 30-ին) հաղորդագրություն է տարածել, որով իր շահառուներին և բաժնետերերին է ներկայացնում ապացուցակման հետևանքները: Ապացուցակում նշանակում է, որ «Լիդիան Ինթերնեյշնլ»-ի բաժնետոմսերը ս.թ. փետրվարի 5-ից այլևս չեն սակարկվի (առ ու վաճառք) Տորոնտոյի ֆոնդային բորսայում:

Ինչպես նախորդ գրառումներով տեղեկացրել էինք (հղումներ` Տորոնտոյի ֆոնդային բորսան դադարեցրել է «Լիդիան»-ի հասարակ բաժնետոմսերի սակարկումը , Ամուլսարի շուրջ ծավալված մարտահրավեր` 2019 դեկտեմբերի 20-ը կարող է շրջադարձային կետ դառնալ), սա հետևեց նրան, որ Լիդիանը իր գլխավոր պարտատերերի հետ չկարողացավ համաձայնության գալ պարտքերի սպասարկման մասով կնքելու ևս մեկ Հետաձգման համաձայնագիր (անգլերեն` Forbearance agreement), այն բանից հետո երբ 2019 թվականի դեկտեմբերի 25-ին լրացավ գլխավոր պարտատերերի հետ կնքված չորրորդ Հետաձգման համաձայնագրի գործողության ժամկետը: Սա նշանակում է, որ եթե Լիդիանը չսկսեր վճարումներ կատարել իր պարտքերի սպասարկման ուղղությամբ, ապա պարտատերերը կարող էին վերջինիս հանդեպ սնանկացման գործընթաց սկսել: Սրանից խուսափելու համար Լիդիանը դիմել էր Օնտարիոյի Արդարության Գերագույն Դատարան (անգլերեն` Ontario Superior Court of Justice) «Ընկերությունների պարտատերերի կարգավորման» օրենքի (անգլերեն` Companies' Creditors Arrangement Act) ներքո պաշտպանություն ստանալու նպատակով:

Վերոնշյալ քայլը պատճառ է հանդիսանում, որ Տորոնտոյի ֆոնդային բորսան (Կանադա) դադարեցնի «Լիդիան» ընկերության հասարակ բաժնետոմսերի սակարկումը (առ ու վաճառք) և քննություն սկսի վերջինիս բաժնետոմսերի սակարկման իրավազորության վերաբերյալ: Սրան հետևում է Տորոնտոյի ֆոնդային բորսայի որոշումը ապացուցակելու «Լիդիան Ինթերնեյշնլ»-ի բաժնետոմսերը ս.թ. փետրվարի 5-ից:

Արդյոք սա նշանակում է, որ Լիդիան ընկերությունը այլևս չի կարող գոյություն ունենալ, ինչը իր հերթին կնշանակի որ Ամուլսարի ծրագրի շուրջ ծագած խնդիրները ինքնըստինքյան կլուծվեն: Պատասխանն է` ոչ:

Լիդիան ընկերությունը այս պահին փորձում է վաճառել Ծրագիրը, ինչը հավանական է: Նա նաև փորձում է ֆինանասավորող գտնել Հայաստանի Հանրապետության դեմ իրավական վեճ սկսելու համար, որով փորձելու է վնասների փոխհատուցում պահանջել: Դիտարկենք խնդրի հետագա զարգացման մի քանի սցենարներ:

Դիցուկ Լիդիան ընկերությանը չի հաջողվում վերջինիս գնորդ գտնել, իսկ Օնտարիոյի դատարանը չի երկարացնում նրա պաշտպանությունը սնանկացման գործընթացի մեջ մտնելուց (պաշտպանության ժամկետի ավարտը ս.թ. մարտի 2-ն է): Նույնիսկ այս դեպքում, եթե Լիդիանը սնանկ ճանաչվի, ապա նրան պատկանող ակտիվները կբաշխվեն պարտատերերի միջև, իսկ քանի որ հունվար ամսվա դրությամբ այդ պարտքը 360 միլիոն դոլարից ավելին է, ապա բաժնետերերին հավանաբար ոչինչ չի հասնի:

Նույնիսկ այս դեպքում ծրագիրը չի կարող վերացած կամ ավարտված համարվել, քանի որ պետության կողմից տրված հանքարդյունահանման և հողօգտարգործման թույլտվությունները դեռ գործելու են և սնանկացման դեպքում սրանք բաժին կհասնեն պարտատերերից մեկին, որն էլ հավանաբար կվաճառի դրանք, քանի որ ակտիվներ են և բարձր գին ունեն: Սրա պատճառը նա է, որ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ընթացակարգերով Ամուլսարը ճանաչվել է ոսկեբեր քվարցիտների հանքավայր և Գեոթիմ ընկերության հետ կնքված պայմանագրով Հայաստանի Հանրապետության կառավարությունը Ամուլսարի համապատասխան տարածքները հանձնել է տիրապետման և օգտագործման` մինչև 2034 թվականի ապրիլի 3-ը: Հետագայում Լիդիան Ինթերնեյշնլը գնել է Գեոթիմ ընկերության բոլոր բաժնետոմսերը և հետևաբար այս բոլոր իրավունքները և ակտիվները պատկանում են այս ընկերությանը, որոնք կարող են փոխանցվել այլ ընկերության Լիդիան Ինթերնեյշնլի բաժնետոմսերի վաճառքի դեպքում:

Ստացվում է, որ նույնիսկ Լիդիանի սնանկացման պարագայում Ամուլսարը հանք չդարձնելու ռիսկերը չեն վերանում: Սա կարևոր է արաձանագրել, քանի որ Ամուլսարում հանք բացելուն դեմ քաղաքացիները պայքարում են ոչ թե Լիդիան ընկերության դեմ, այլ պայքարում են այդ տարածքում հանք շահագործելու դեմ:

Հետևաբար խնդիրը կրկին պետության, այսինքն ՀՀ կառավարության որոշումների կայացման տիրույթում է և նրա ուղղակի միջամտությունն է հարկավոր այս խնդրին վերջնական լուծում բերելու համար: Ինչպես արդեն նշեցի, Ամուլսարը պետության կողմից ճանաչվել է հանքավայր, և քանի դեռ սարը ունի հանքավայրի կարգավիճակ, դրա շահագործման ռիսկը մնալու են:

Այս պարագայում, ինչը կարող է վերջնական լուծում բերել: Տարբերակներից մեկն է, որ Հայաստանի Հանրապետությունը որոշակի գործընթացներ նախաձեռնի, որով հիմնավորված կերպով (հաշվի առնելով շրջակա ջրային ավազանները և հանգստավայր բնակավայրը) առոչինչ կճանաչի նախկինում տրված թույլտվությունները և Ամուլսարը կդադարի հանքի կարգավիճակ ունենալ: Սա իհարկե իր հետևից հավանաբար այլ դատական գործընթացներ կբերի, սակայն վստահաբար այն կհանգեցնի խնդրի վերջնական լուծման:

Մեկ այլ տարբերակ է (սակայն ավելի բարդ), որ Կառավարությունը գնի Լիդիան ընկերության կառավարող բաժնետոմսերը (50-ից ավել) և որոշիչ դեր ունենա այս խնդրի հանգուցալուծման հարցում: Ի դեպ, այս տարբերակը հնարավոր է որ բավարարի և’ Լիդիան ընկերության ներկայի բաժնետերերին, և’ ՀՀ քաղաքացիներին: Կանադական բորսայում Լիդիան ընկերության բաժնետոմսերի սակարկության դադարման պահի դրությամբ մեկ բաժնետոմսի գինը կազմել է շուրջ 7.5 կանադական ցենտ: 2019 նոյեմբերի 11-ի դրությամբ Լիդիան Ինթերնեյշնլը ունի թողարկած 760,017,021 հատ հասարակ բաժնետոմս: Այս գնով այս քանակի բաժնետոմսերի ընդհանուր արժեքը կազմում է 57,001,276.6 կանադական դոլար, ինչը այսօրվա ԱՄՆ դոլար–կանդական դոլար փոխարժեքով հավասար է շուրջ 43 միլիոն ԱՄՆ դոլարի: Ուստի, մեր պետությունը կարող է այս ընկերության կառավարող բաժնետոմսերի քանակ ձեռք բերել շուրջ 22 միլիոն ԱՄՆ դոլարով, եթե այդ թվով բաժնետոմսեր (760,017,021 հատ բաժնետոմսերի կեսից մեկով ավել) ներկա բաժնետերերը համաձայնվեն վաճառել` մեկ բաժնետոմսը 7.5 կանադական ցենտով: Իսկ հաշվի առնելով այս ծրագրի ներկա կարգավիճակը և մշուշոտ ապագան, ապա շատ հնարավոր է, որ նման գնով վաճառքի պատրաստ բաժնետերեր գտնվեն:

Իհարկե այս քայլին կհաջորդի պարտատերերի հետ խնդիրների լուծման փուլը, որը նույնպես կարելի է հարթել, այս դեպքում ընկերության սնանկացման գործընթացով անցնելով: Հարց կարող է առաջանալ. Այս դեպքում ինչ կտա բաժնետոմսերի գնումը: Դրանց գնումը կնվազեցնի պետության դեմ իրավական վեճ սկսելու ռիսկերը և միաժամանակ, կվերացնի Ամուլսարում հանք ունենալու հնարավորությունը (եթե իհարկե պետությունը հանձինս կառավարության պատրաստ է հրաժարվել Ամուլսարը հանք դարձնելու մտքից): Սա նաև հնարավորություն կտա լրացուցիչ ներդրումներ ներգրավելով փոխել Ամուլսարի նշանակությունը և սա դարձնել, օրինակ դահուկային-հանգստավայր, ինչի համար բոլոր նպաստավոր պայմաններն առկա են:

Այս պահին, ինչպես նշեցի, ամենահավանական տարբերակներն են` Լիդիան ընկերության վաճառքը և/կամ Հայաստանի Հանրապետությանը միջազգային դատարանում իրավական վեճի տանելը` արբիտրաժային գործընթաց սկսելը: Եթե արբիտրաժը նույնիսկ ի շահ մեր պետության ավարտվի, ապա հավանաբար այնքան ծախսատար կլինի, որ արժեր մտածել այլ տարբերակների վրա, մասնավորապես վերոնշյալ: Թե որ տարբերակով կգնա մեր Կառավարությունը դեռ պարզ չէ: Իսկ միանշանակ է, որ ներկայի պասիվ կեցվածքը ի վնաս մեր ժողովրդի և հետևաբար, ի վնաս մեր պետության է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter