HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Էմանուել Մակրոն. «Ֆրանսիայի պարտքն է լինել Հայաստանի կողքին»

Հունվարի 29-ին Փարիզում տեղի է ունեցել Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները համակարգող խորհրդի տարեկան ընթրիքը, որին ներկա է եղել Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնը եւ հանդես եկել ելույթով: Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը թարգմանաբար տարածել է այդ ելույթից մի հատված, որը ներկայացնում ենք ստորեւ:

«…Այդ ընդհանուր պատասխանատվությունն է, որ պետք է մեզ թույլ տա առաջ ընթանալ «Նոր Հայաստանի» հետ, որը փայլուն կերպով դիմագրավում է ժողովրդավարական և տնտեսական վերելքի այդ դժվարին փորձությանը, և որին այստեղ ցանկանում եմ արժանին մատուցել: Երիտասարդ պետություն… Կարող եք ծափահարել երկրի ղեկավարներին: Երիտասարդ պետություն հին ազգի՝ պատմությամբ թրծված, որին ողբերգություններն առավել գիտակից են դարձնում ներկան ապրելու, նրա ընձեռած հնարավորություններից օգտվելու և արդիականությունը վայելելու կարևորությունը: Ցանկանում եմ նաև ողջ հարգանքս հավաստել Հայաստանին, որն, ի դեպ, թավշյա հեղափոխությամբ հրաշալիորեն ցուցանեց աշխարհին խաղաղ, առանց արտաքին ազդեցության, հեղափոխություն իրականացնելու իր կարողությունը՝ հարգելով օրենքը և գերատեսչությունները: Սա գրեթե աննախադեպ օրինակ է մեր արդի պատմության մեջ:

Ինձ ուղեկցում էիք 2018թ. հոկտեմբերին Երևանում կայացած Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի շրջանակում: Մեծն Շառլին հարգանքի տուրք մատուցեցինք: Ցանկանում եմ ողջունել Ձեզ՝ Նիկոլա, Ձեր տիկնոջը և ողջ ընտանիքին հիացմունքի արժանի գործունեության համար, որը կշարունակենք սատարել և գիտեք, թե որքա˜ն: Ցանկանում եմ նշել, որ ոչ միայն տպավորվեցինք, այլ նաև մեկնարկը տվեցինք մի շարք նախագծերի: Իլ-դը-Ֆրանս շրջանի նախագահը՝ թանկագին Վալերին հիշատակեց իր շրջանի հանձնառությունները, որին հետևեցին բազմաթիվ այլ ՏԻՄ-եր՝ առաջ մղելու այդ ընդհանուր նախագծերը, որի վկայությունն է Հայաստանում ֆրանսիական համալսարանը: Գործ ունենք գլոբալիզացված տնտեսության մեջ ներգրավմանը ծառայեցվող ֆրանկոֆոնիայի, ակտիվ ֆրանկոֆոնիայի, տնտեսական, իրավական, ակադեմիական, մշակութային համագործակցության քաղաքականության հետ, որն իրականացվում է և որին խորապես նոր զարկ է տրվում: Ձեզանից շատերն այստեղ հանդիսանում են բազմաթիվ ծրագրերի կրողը:

Չցանկանալով այդ մասին ծավալվել՝ նկատեմ, որ Փարիզի քաղաքապետը իրավամբ հիշատակեց ԹՈՒՄՈ-ի նախաձեռնությունը, որը մեզ համար թանկ է: Հիշատակվեցին նաև Հայաստանում Ֆրանսսիական համալսարանը, Ֆրանսիական ինստիտուտը, Շառլ Ազնավուր հիմնադրամը, և տնտեսական, մշակութային դերակատարների հետ միասին, որը դո՛ւք եք և առօրյայում կյանքի եք կոչում այդ հարաբերությունները, կշարունակենք պայքարն ի նպաստ այդ խոշոր նախագծերից յուրաքանչյուրի:

Ցանկանում եմ ընգծել, որ մեր կամքն է շարունակել Սփյուռքի հետ մեկտեղ մեր ավանդը ներդնել այս նոր Հայաստանում՝ հօգուտ Ֆրանսիայի, ծագումով հայ ֆրանսիացիների, Հայաստանի և Ֆրանսիայի միջև հարաբերությունների, քանզի գիտակցում եմ բոլոր այն մարտահրավերները, որոնց դիմագրավում է այդչափ խիզախ նոր Հայաստանը: Լոկ հայացք նետելով քարտեզին՝ կտեսնենք սպառնացող մեծ վտանգներն ու նրա շեմին խռովված աշխարհը: Նման ժողովրդավարական կենսունակության, արդեն իսկ այդչափ ողբերգական պատմության պարագայում, Ֆրանսիայի պարտքն է լինել Հայաստանի կողքին»:

Լուսանկարը՝ BFMTV-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter