
«Երևանը պետք է կրկին կանաչ ու էկոլոգիապես անվտանգ միջավայր դառնա»․ քաղաքապետը մերժեց Աջափնյակի նոր հանքի հայտը
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնում է, որ հիմնվելով հանրային լսումների արդյունքների և քաղաքապետարանի բնապահպանության վարչության եզրակացության վրա՝ որոշել է մերժել Աջափնյակում տուֆի և բազալտի նոր հանքի շահագործման հայտը։
«Երևանը պետք է կրկին կանաչ ու էկոլոգիապես անվտանգ միջավայր դառնա»,- հայտարարել է Հայկ Մարությանը։
Աջափնյակ վարչական շրջանի սահմաններում գտնվող Սպանդարյանի տուֆի և բազալտի հանքավայրի շահագործման համար հայտ էր ներկայացրել «Սենթրալ իսթեյթ» ՍՊԸ-ն։
Ընկերությունը գրանցվել է 2014թ․-ին։ Հիմնադիր-սեփականատերերը երկու անձինք են, որոնք հավասարապես կիսում են ընկերության բաժնեմասը․ առաջին բաժնետերը՝ 34-ամյա Արմեն Լևոնի Մկրտչյանը, նաև ընկերության տնօրենն է, և ընկերությունն էլ իր հաշվառված հասցեում է գրանցված։ Երկրորդ բաժնետերը Արման Շահենի Մարտիրոսյանն է՝ հաշվառված Սևան քաղաքում։
Արմեն Մկրտչյանն առնչվում է նաև «Պարս» ՍՊԸ-ին, որը քաղաքաշինության բնագավառում շինարարություն իրականացնելու լիցենզիա ունի։
Մեկնաբանել