HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տեղի է ունեցել Կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի նիստը

Կառավարության կայքը հայտնում է, որ հունվարի 31-ին փոխվարաչպետ Տիգրան Ավինյանի ղեկավարությամբ տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետությունում Կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի նիստը:

Տիգրան Ավինյանը ասել է. «Հավաքվել ենք քննարկելու կորոնավիրուսով պայմանավորված համաճարակային իրավիճակը աշխարհում, ինչպես նաև քննարկել այն միջոցառումները, որոնք անհրաժեշտ է իրականացնել Հայաստանի Հանրապետությունում, և Հայաստանի Հանրապետությունից դուրս: Ուզում եմ տեղեկացնել, որ կորոնավիրուսով վարակված մարդկանց թվաքանակը հասել է մոտավորապես 10 000-ի, որոնք հիմնականում գտնվում են Չինաստանի Ուհան քաղաքում: Այնուամենայնիվ, արդեն դեպքեր են գրանցվել ԱՄՆ-ում, Կանադայում, Եվրամիությունում և Մերձավոր Արևելքում:

Կառաջարկեմ առողջապահության նախարարը ներկայացնի իրավիճակը այս պահի դրությամբ, այն միջոցառումները որոնք իրականացվել են մինչ օրս: Ինչպես նաև հետագայում ԱԳ նախարարի տեղակալը կխնդրեմ ներկայացնի ՀՀ այն քաղաքացիների իրավիճակը, ովքեր կցանկանան վերադառնալ Հայաստանի Հանրապետություն և արդյոք այս ուղղությամբ որևէ գործողություն արվել է, թե ոչ»:

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ներկայացրել է կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով իրականացվող միջոցառումները, ինչպես նաև երկիր ժամանող քաղաքացիների նկատմամբ անհրաժեշտ վերահսկողական մեխանիզմները: Արսեն Թորոսյանը նշել է, որ ԱԳՆ-ի հետ համատեղ ինտենսիվ աշխատանքներ են տարվում կորոնավիրուսի ախտորոշման համար անհրաժեշտ լաբորատոր թեստեր ձեռք բերելու ուղղությամբ:

ԱԳ նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը նշել է, որ Չինաստանում ՀՀ դեսպանությունը շարունակական կապի մեջ է գտնվում մեր մոտ 600 քաղաքացիների հետ և իրականացնում է անհրաժեշտ գործողությունները: Նա նաև հավելել է, որ գործընկեր երկրների հետ քննարկվում է Հուբեի նահանգում բնակվող ՀՀ քաղաքացիների կամավոր տարահանման հնարավորությունները:
Նիստի ընթացքում քննարկվել է Չինաստանի հետ մուտքի վիզայի ազատ ռեժիմի ժամանակավոր կասեցման նպատակահարմարությունը:

Վերջում փոխվարչապետի կողմից գերատեսչությունների ղեկավարներին տրվել են համապատասխան հանձնարարականներ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter