HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Էսքիզներ դիմանկարի համար․ Հրանտ Մաթևոսյան

«Հիշողության մեջ ես՝ ուրեմն վառվում ես»․ Հրանտ Մաթևոսյանի խոսքն է, որ պատգամի պես է հնչում․ հիմա իմ «վառվելու գործընթացը» շարունակվում է։ Երբ առաջին անգամ հանդիպեցինք իր տանը, ինքս էլ չզգացի, որ արդեն սկսում եմ «վառվել»՝ երկյուղածությունից։ Ցանկացել էր ինձ հանդիպել Վահագն Դավթյանի հորդորով, հետո ինքն էր ինձ հորդորելու, որ հանդիպեմ Համո Սահյանին․․․ որ ի՞նչ՝ շիկնանքս ավելի՞ սաստկանար, հանդիպելու նրանց, որոնք իմ հիշողություններում ոսկե օղակներով են ագուցված իմ իդեալներից սկիզբ առնող եղելություններ արթնացնելու համար։

Այդ օրը հանդիսավորությամբ էի քայլում Աբովյան փողոցով՝ թևատակիս սեղմած «Ծառերը» ժողովածուն, որն իմ երբևէ ստացած թանկ նվերներից էր։ Ինձ հետ «տանում էի» իր անխոսության միջից լսվող ինձ ուղղված հարցերը։ Հետաքրքրվում էր նախասիրածս գրողներով։ Երբեք չհարցրեց իր որ գործերն եմ կարդացել, իսկ ես սկզբնական վիճակում էի դեռ՝ Հրանտ Մաթևոսյանին եմ հանդիպել։ Այսպես մինչև մեր հետագա հանդիպումները, մինչև իր Գրողների միության նախագահ լինելը․ երբ բարձրանում էի միության շենքի աստիճաններով, կարծես պայմանավարված լինեինք․ ինքը միշտ ճեմում էր երկրորդ հարկի միջանցքում և ինձ տեսնելիս թևանցուկ ուղեկցում էր իր աշխատասենյակ, որտեղ մեր մտերմիկ զրույցը հաճախ տևում էր երկար։ Այդ ընթացքում հատկապես մեզ «շուրջառում էին» Կարոտի գրականության երախտավորները, հատկապես Հակոբ Մձուրին, ում նկատմամբ պաշտամունք ուներ՝ գիտակն էր նրա արձակի։ Եւ տեղյակ էր, որ համալսարանում դիմպլոմային աշխատանք եմ գրել՝ «Գեղանկարչական արվեստը Հակոբ Մնձուրու ստեղծագործություններում»։ Բայց Թումանյանն էր միայն մեր զրույցներում առանձնապես մեզ «հետամուտ»․ ստեղծվել էր սովորույթ, գրասեղանից վերցնում էր Թումանյանի հատորը՝ ասում․ «Արի Թումանյան կարդանք»։ Սա զուտ կարդալու ընթացք չէր։ Տարբեր էջեր թերթելով կարդում և իրար էինք փոխանցում, արարողության պես մի բան՝ զմայլելի, արարողապետը Մաթևոսյանն էր։ Գիտակցելով կամ ոչ, ես ջանում էի, որ ընթացքը երկար տևի, բայց մի պահ հոգնում էինք, քանի որ գերիշխողը Թումանյանի ոգին էր, որ իր մեջ եզակիորեն էր կերպավորված։

«Ես Թումանյանին ճանաչեցի ձեզնով»․ խոսքս ոչ թե ուշադրության չարժանացավ, այլ իրեն մտորելու տեղիք տվեց։ Թե ինչու էր լռում ՝ չգուշակեցի։ Բայց երբ շարունակեցի խոսքս․ «Թումանյանը Աստծո ներկայացուցիչն է մեր մեջ, մեր բոլոր մոլորումների մեղավորը Թումանյանն է»։ Մի պահ խոժոռվեց, գրասեղանից վերցրեց այդ օրերին իր առաջաբանով,- գուցե ուղերձով,- հրատարակած Չարենցի «Գիրք ճանապարհին», մեկնեց ինձ և ասաց․ «Եւ Չարենցը»։ Ես կարծես Անորոշի հեռավորությունից այլ իրականության մեջ էի հայտնվել՝ «մեր մեղքերի» բաժինը վերագրելով նրանց, որոնց գաղափարներն այդպես էլ անտես ենք առնում։

Բայց մինչ այդ հարցրի առաջին՝ «Օգոստոս» ժողովածուի տպագրության չարչրկումների մասին։ (Միջանկյալ նշեմ, որ «Երկհատորյակ»ում «Մեսրոպը» վիպակը զետեղված չէ, առաջին անգամ տպագրվել է «Ծառեր»ում։ Հետագայում (2000թ.) «Օրրան» օրաթերթում «Մյուսների հայությունը» վերնագրով հոդված տպագրեցի)։ Լռեց։ Կարծես չէր ուզում այդ օրերը հիշել։ Հարցս պատահական չէր «Բանբեր» /1994/ թերթում կարդացել էի Ֆրունզիկ Կիրակոսյանի հարցազրույցը։ Վիրավորվածի իր դժկամությունը ինձ հայտնի էր։ Հիմա անկարող եմ չմեջբերել հատված հարցազրույցից, որ նաև Մուշեղ Գալշոյանի անբասիր կերպարին ևս մեկ հավելում է․ «Չէ, չեմ կարողացել վերահրատարակել․ Մուշեղը, սիրելի, սիրելի, սիրելի, ձեռագրիս անգամ ստորակետին ձեռք չտալով, գիրքը իջեցրեց տպարան, ինքը գործից դուրս եկավ և նրանից հետո նրա գործը սկսեցին քննել, ահա նրա գործերի մեջ նաև ես էի։ Գործս տպարանից հետ բերեցին ու քրքրեցին, հերն անիծեցին․․․»։ Նշենք, որ, չնայած չափազանց  ուշացած, բայց «գործ ունենք» Մուշեղ Գալշոյանի գործ՝ ժամանակաշրջանի  առանցքային մի խնդրի հետ, որը ցայսօր «փակի տա՞կ է»․  այն պարզաբանելուց հետո գուցե նոր լույս սփռվի «Սովետական գրող» հրատարակչության գեղարվեստական գրականության բաժնի վարիչ, մեծանուն Մուշեղ Գալշոյանին աշխատանքից ազատման( ՞) առեղծվածի վրա։ Անհրաժեշտ է լրագրողական հետաքննությամբ պարզել մեր ոչ վաղ անցյալի ազգայնական ազատություն խոչընդոտող բազում հանգամանքներ։

Ես գրեթե միշտ վերապրում եմ մեր հետագա հանդիպումների անկյունադարձային պահերը՝ երբեմն մանրամասներով։

․․․Հրանտ Մաթևոսյանի մահվան լուրը լսելուն պես ակամա Վարուժան Վարդանյանի վրձնած դիմանկարը հայտնվեց հայացքիս դեմ, այդ պահից, և տևապես հիշողություններով տարված «թերթում եմ» այդ օրերի հիշողություններիս մատյանը՝ գրեթե  մոգական զգացողությամբ։ Իսկ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում Հրանտ Մաթևոսյանի հոգեհանգստի օրը միայն զգացի, որ Ինքը ժամանակավորապես է հեռացել՝ մեկ այլ աշխարհում ապրելու, բայց բնավ չի ավարտվել ծմակուտյան ասքի ոգեղեն ծիսականությունը մեր և սերունդների համար։

Մեկնաբանություններ (1)

Արմինե
Պարզապես շնորհակալություն հեղինակին

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter