HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Մենք պիտի իմանանք մեր պատմության մոռացված դրվագները». հայ-ադրբեջանական համակեցության հետքերով

Երբ սկսվեց Ղարաբաղյան պատերազմը, տատս պատմում էր խորհրդային Ղափանում հայերի եւ ադրբեջանցիների հարեւանության, առեւտրի մասին: Դրա արդյունքում էլ ադրբեջաներեն բառեր էր սովորել, ասում էր, որ նրանք էլ (ադրբեջանցիները) հայերեն էին խոսում: Տատիս պատմությունների մեջ ընդգծված զգուշավորություն կար ադրբեջանցիների նկատմամբ, թեեւ հաճախ կրկնում էր, թե ադրբեջանցիներն էլ չէին ցանկանում, որ պատերազմ լիներ, այլ «սաղ նրանց կառավարությունն ա բիզբիզ ըրալ, կռեվ քցալ հայի ու թորքի մեջ»:

Մինչեւ ԽՍՀՄ փլուզումը Հայաստանի մի շարք բնակավայրերում հայերն ու ադրբեջացիները բնակվել են կողք-կողքի: Նրանց փոխհարաբերությունները հյուսվել են կենցաղի, կրոնական ծեսերի, ինչպես նաեւ մշակութային իրադարձությունների շուրջ: Այսօր էլ պահպանվել են այդ հիշողությունները, որոնք, կարծես, մինչ այս պահածոյացված լինեին եւ առաջին անգամ հետազոտական աշխատանքի միջոցով բացվել, հրապարակվել են:

Նախորդ տարի «Հազարաշեն» ազգաբանական հետազոտությունների հայկական կենտրոնն ու ԳԱԱ Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտը հրապարակել են ՀԱԻ-ի ազգագրագետներ Լուսինե Խառատյանի, Արսեն Հակոբյանի ու Րաֆֆի Քորթոշյանի հեղինակած «Դրվագներ Հայաստանի խորհրդային անցյալից. հայ-ադրբեջանական համակեցության հետքերով» գիրքը:

«Մենք փորձում ենք բացել Հայաստանի ադրբեջանական բնակչության մասին հիշողությունների եւ տեղեկությունների որոշ պատուհաններ: Խուսափում ենք ընդհանրացումներից եւ ամփոփումներից, կարելի է նույնիսկ ասել՝ ավարտում ենք կախման կետերով: Նախ՝ համարում ենք, որ ներկայացվող նյութը շատ քիչ է բարդ հարաբերությունների մասին ամփոփումներ անելու համար, երկրորդ՝ սրանով ընդամենը փորձում ենք հիշեցնել, որ թեման ոչ միայն փակված չէ, այլեւ ուշանում է, բանավոր հիշողությոնը փոխվում է, եւ պատմության համար պակասում ու գնալով ավելի են պակասելու աղբյուրները»,- գրքում գրել է Լուսինե Խառատյանը:

Ինչո՞ւ հայ-ադրբեջանական համատեղ ծրագիրը դարձավ միակողմանի

Գրքի նախաբանում ասվում է, որ 2017 թ. հայ գործընկերների հետ կապվել էր ադրբեջանական քաղաքացիական ակտիվիստների եւ հետազոտողների մի խումբ՝ առաջարկելով համատեղ հետազոտական ծրագիր իրականացնել:

«Քննարկումների արդյունքում որոշեցինք իրականացնել ուսումնասիրություն «համատեղ տարածքների» վերաբերյալ, որտեղ հայերն ու ադրբեջանցիները ե՛ւ Հայաստանում, ե՛ւ Ադրբեջանում ընդհուպ մինչեւ 1980-ականների վերջերը, մինչեւ ղարաբաղյան հակամարտությունը, միասին են ապրել՝ ձեւավորելով սոցիալական եւ մշակութային համապատասխան միջավայր»,- ասվում է գրքի նախաբանում: «Հազարաշենն» էլ Ադրբեջանի գործընկերների հետ ծրագրային այդ առաջարկը ներկայացրել էր «Եվրասիա համագործակցության հիմնադրամի» խաղարարական դրամաշնորհին, որը ֆինանսավորվում է Եվրամիության կողմից: Սակայն դրանից հետո հայկական կողմը դրամաշնորհային հայտերը գնահատող հանձնաժողովից տեղեկացել էր, որ ֆինանսավորվելու էր միայն հայաստանյան մասը, «քանի որ Ադրբեջանում նման հետազոտություն առկա իրավիճակում հնարավոր չէ իրականացնել»:

Գրքի համահեղինակներից Լուսինե Խառատյանն ասում է, որ Բախտիարն ու իր թիմը շատ էին ուզում իրականացնել այդ ծրագիրը, սակայն ադրբեջանական կողմում հայտերը հաստատող հանձնաժողովը գտավ, որ այդ երկրում իրավիճակը բարդ է նման ծրագիր իրականցնելու համար: Սա այն ամբողջն է, ըստ Խառատյանի, ինչ իրենց ասվել է:

Համահեղինակներից Արսեն Հակոբյանն էլ նշում է, որ իրենց հետազոտական խումբը երկար քննարկել է նման ծրագիրը միակողմանի իրականացնելու նպատակահարմարությունը, եւ, այնուամենայնիվ, որոշել է գործն առաջ տանել: «Պետք է նկատի ունենալ, որ ուսումնասիրության առարկան ինքնին կոնֆլիկտային չէր: Այն անցյալում՝ մինչ հակամարտությունը, հայ-ադրբեջանական համակեցական որոշակի միջավայրում, հիմնականում՝ խորհրդային շրջանակներում ձեւավորված գոյակցության սոցիալական ու մշակութային հետքերի մասին էր: Սակայն պարզվեց, որ նույնիսկ նման չեզոք թեմաների արծարծումը խնդրահարույց է»,- ասում է ազգագրագետը:

Ինչի՞ մասին է գիրքը

Կարմիր կազմով գիրքը, որի շապիկին պատկերված է ԽՍՀՄ «Ազգերի բարեկամություն» շքանշանը, առաջին հայացքից հակառեակցիա է առաջացնում խորհրդային կարգերի նկատմամբ: Գիրքը կազմված է 3 գլուխներից. առաջինը՝ «Գաղափարախոսական լանդշաֆտ. մարդն ու հուշարձանը ԽՍՀՄ-ում», երկրորդը՝ «Կրոնական լանդշաֆտ. սրբատեղիներ, ուխտավայրեր», երրորդը՝ «Մշակութային լանդշաֆտ. «ավանդույթի ստեղծումը». ադրբեջանական թատրոնը Հայաստանում»:

Գրքի առաջին երկու գլուխներում առանցքային դեր ունեն մարդկանց հիշողությունները: Դրանք ներկայացվում են ուղիղ խոսքով, առանց խմբագրման՝ ստեղծելով կենդանի խոսքի պատրանք: Սա օգնում է ընթերցողին տեղափոխվել տվյալ միջավայր: Գրքի հետազոտության առանցք է ընտրվել Սյունիքի մարզի Մեղրու տարածաշրջանը, ինչը պայմանավորած է երկու հանգամանքով: Հետազոտության առաջին՝ գրասենյակային փուլում, պարզվել էր, որ Մեղրու Լեհվազ եւ Նյուվադի (Նռնաձոր) գյուղերում պահպանված հուշարձաններ կան, որոնց վրա հիշատակված են նաեւ ադրբեջանցիների անունները, եւ երկրորդ՝ Լեհվազում նախկինում ադրբեջանցիներն ու հայերն ապրել են կողք-կողքի:

Հիշողությունները զուգակցվում են արխիվային փաստական նյութերով, օրինակ՝ մեջբերումներ են արված այդ տարիներին Մեղրու շրջանային գործկոմի «Արաքս» թերթից, որը բավական ակտիվ անդրադառնում էր շրջանի անցուդարձին: Թերթը նշել է, որ 1959 թ. մարդահամարի համաձայն՝ Մեղրու շրջանում ապրել է 3351 ադրբեջանցի: Թերթը հստակ առաջ է տարել հայ-ադրբեջանական «դարավոր բարեկամության» գիծը: Մինչեւ 1950-ական թթ. «Արաքսում» նաեւ ադրբեջաներեն հրապարակումներ են եղել:

Գլխի երրորդ գլխում մանրամասն ներկայացվում է Հայաստանում ադրբեջանական թատրոնի գործունեությունը, որի ձեւավորումը համընկել էր Հայաստանի խորհրդայնացման հետ: Ընդ որում՝ թատրոնը քարոզչական կարեւոր գործիք էր խորհրդային իշխանությունների համար՝ արտահայտելով այդ շրջանի քաղաքական գաղափարախոսությունը:

1922 թ. Խորհրդային Հայաստանի ղեկավարության նախաձեռնությամբ Երեւանի «Թյուրքական ակումբին» կից ստեղծվել էր թատերական խմբակ, իսկ ահա 1928 թ. ՀԽՍՀ կառավարության որոշմամբ հիմնվել է Հայկական պետական թուրքական շրջիկ թատրոնը, որը համարվում էր Խորհրդային Հայաստանի տարածքում առաջին օտարալեզու թատրոնը: 1930-ականների երկրորդ կեսին, երբ շրջանառվեց «ադրբեջանցի» էթնանունը, փաստաթղթերում թատրոնը սկսեց կոչվել Ադրբեջանական պետական շրջիկ թատրոն:

Գրքում բավականին հարուստ արխիվային նյութ է ներկայացվում այս թատրոնի պատմության, շրջագայությունների, անգամ խաղացանկերի մասին: Թատրոնի կազմակերպման ու հիմնադրման ակունքներում եղել են պոլսահայ դերասան Մկրտիչ Ջանանը, ով նաեւ թատրոնի ռեժիսորն էր, ու այդ տարիներին միակ քիչ թե շատ փորձ ունեցող դերասան Յունուս Նուրին:

Ի՞նչ են հիշում մեղրեցիները

Ըստ լեհվազցիների վկայությունների, որոնք ներկայացված են գրքում, խորհրդային տարիներին Լեհվազը բաժանված էր հայի եւ թուրքի թաղերի, որոնք իրարից բաժանված էին ձորով: 1968 թ. բնակիչները երկու թաղերը միացնող կամուրջ էին կառուցել եւ անվանել «Բարեկամություն»:

«Լավ էր, գնալ-գալ կար, ընկերություն կար: Հրես ա սա, իմ հետեւի հարեւանը, թուրք էր ապրում, իրանք թոնիր ունեին, ինքը խմորն էր անում, կանչում էր՝ արի, էսօր խմոր եմ արել, հաց չե՞ս անում, դու էլ արա: Անում էի, ինքն էլ թխում էր, ինքն էլ չէր թողնում ես թխեմ, ինքն էր թխում»,- պատմել է լեհվազցի մի 80-ամյա կին:

Առհասարակ կենցաղի մասին նման հիշողությունները քիչ չեն գրքում: Տեղացիները հիշել են համատեղ աշխատանքի մասին, որոշները նաեւ ընդգծել են ադրբեջանցիների՝ հայերենի իմացությունը: Հետաքրքիր է նաեւ այն հանգամանքը, որ երկուստեք ներգրավված էին ժողովրդական տոները նշելիս:

Տեղացիների վկայությամբ՝ ադրբեջանցիները Լեհվազից հեռացել են 1988-ի վերջին՝ հիմնականում նախապես փոխանակելով տները, ապա տեղափոխելով տան ապրանքը: Նրանց տներում բնակություն են հաստատել Բաքվի եւ Ադրբեջանի հայաբնակ այլ վայրերից եկած հայերը, որոնց հետ տանտերերն իրականացրել էին փոխանակում:

Գիրքն առանձին խորագրերով անդրադառնում է Մեղրու շրջանում հայտնի երկու սրբատեղիներին՝ Բուղաքարի Փիրին ու Բաբա Հաջին: Երկուսն էլ թե՛ հայերի, թե՛ ադրբեջանցիների շրջանում հայտնի ուխտատեղիներ էին: Հայերի այցելությունները, լեհվազցիների ասելով, պայմանավորված էին տարածքում եկեղեցու բացակայությամբ:

Մարդիկ ուխտատեղիներ այցելում էին տարբեր առիթներով, հիմնականում՝ բժշկության համար: Բուղաքարի Փիրի մոտ անգամ գիշերակացի պայմաններ կային: Լեհվազցի կանանցից մեկը վկայել է, որ այնտեղ ամիսներով մնում էին, մինչեւ անգամ թոնիր կար:

Լուսինե Խառատյանն ասում է, թե իր համար ամենահետաքրքիր բացահայտումներից մեկն այն էր, որ մարդիկ նախկին հարեւանների մասին խոսելիս այն նույն բնորոշումներն էին օգտագործում, ինչ ինքը լսել էր քրդերից Մուշի գյուղերում հայերի մասին խոսելիս՝ «աշխատասեր», «մաքուր», «իրենց ժամանակ ստեղ մի թիզ անմշակ հող չկար»: Ըստ ազգագրագետի՝ սա նոր թեմաներ է բացում հետագա հետազոտության համար:

Արսեն Հակոբյանը էլ հետաքրքրական է համարում Մեղրու տարածաշրջանում պաշտամունքային ու կրոնական կառույցների շուրջ անցյալում ձեւավորված ժողովրդական լոկալ համակեցության ձեւերն ու մեխանիզմները: Ազգագրագետը շեշտում է նաեւ խորհրդային ազգային քաղաքականության հայաստանյան առանձնահատկությունները, որոնք դրսեւորվում էին Խորհրդային Հայաստանի ադրբեջանական փոքրամասնության մշակութային արդիականացմանն ուղղված ու 1920-ական թթ. սկիզբ առած միջոցառումներով, որոնց ներգրավվեցին գաղթական թուրքահայերը, իսկ ադրբեջանական թատրոնը խորհրդային իրողությունների թելադրանքով դարձավ նոր ինքնության ու ավանդույթի կերտման միջոց՝ ձեւավորելով մտավորական նոր կապեր:

«Փոփոխությունները նախեւառաջ կողմերից յուրաքանչյուրի ներսում պետք է լինեն»

Եթե ադրբեջանական կողմը մասնակցեր կատարված հետազոտությանը, ապա ամբողջական պատկեր կստեղծվեր հայերի եւ ադրբեջանցիների համակեցության մասին: Հետաքրքիր կլիներ կարդալ Ադրբեջանում ապրած հայերի մասին հիշողությունները նրանց հարեւան ադրբեջանցիների կողմից, տեղեկանալ խորհրդային 70 տարիներին այդ երկրում հետքեր թողած հայերի կենսագործեության մասին:

Հարցին, թե արդյոք տարակուսանք չի առաջացնում այն, որ միայն հայաստանյան կողմն է մասնակցել ծրագրին, Լուսինե Խառատյանը պատասխանում է. «Ոչ, որովհետեւ կարծում եմ, որ փոփոխությունները նախեւառաջ կողմերից յուրաքանչյուրի ներսում պետք է լինեն, եւ յուրաքանչյուր հասարակություն ինքն է որոշում ու գծում իր ուղին: Մենք առաջին հերթին մեզ համար պիտի իմանանք մեր պատմության մոռացված դրվագները, ու դա ամենեւին պետք չէ պայմանավորել դիմացինի համապատասխան վարքով: Անցյալի հետ բաց ու անկեղծ առերեսվելը միայն ուժեղացնում է: Իսկ Հայաստանի 20-րդ դարի պատմությունն առհասարակ քիչ ուսումնասիրված ու արդեն իսկ բավական միֆականացված է»:    

Մեկնաբանություններ (2)

Արմեն Գևորգյան
Համոզված եմ, որ երկու հարևան ժողովուրդների համատեղ գոյակցության նմանատիպ պատմա-մշակութային ընդհանրությունները բացահայտող, ի ցույց հանող համատեղ ուսումնասիրությունների հենքի վրա է հնարավոր զարգացնել հանդուրժողականությունը թշնամանքի և խորը հակասությունների մեջ գտնվող երկու հասարակությունների մեջ, ինչը հիմք կհանդիսանա երկուստեք ընդունելի խաղաղության պլատֆորմի ձևավորման համար։
Արսեն
Հայերի ու ադրբեջանցիների համակեցությունը միշտ ավարտվել է տարածքի հայաթափմամբ։ Վկան՝ Նախիջևանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter