HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Քննիչն ասում է՝ պատուհանից դատարան մուտք գործելը դատավոր Դավիթ Բալայանի լիազորությունը չէ

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում, նախագահությամբ դատավոր Դավիթ Հարությունյանի, երեկ շարունակվեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչով դատարանների մուտքերը շրջափակելու օրը՝ 2019 թվականի մայիսի 20-ին, դատավոր Դավիթ Բալայանի հետ տեղի ունեցած միջադեպի առթիվ քրեական գործ չհարուցելու որոշման դեմ փաստաբան Հրանտ Անանյանի բողոքի քննությունը:

Նշված օրըԴավիթ Բալայանը գնացել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայր, որտեղ աշխատում է և փորձել մուտք գործել դատարան: Շենքի դիմաց հավաքված քաղաքացիները, սակայն, նրան թույլ չեն տվել ներս մտնել դատարանի մուտքից, որից հետո Բալայանը փորձել է պատուհանից ներս մտնել: Քաղաքացիները սա ևս թույլ չեն տվել, առաջացած քաշքշուկի հետևանքով Բալայանը սայթաքել ու վայր է ընկել։

Դեպքի առթիվ փաստաբան Հրանտ Անանյանը հաղորդում է ներկայացրել գլխավոր դատախազին՝ պահանջելով քրեական գործ հարուցել: Ըստ Անանյանի՝ համացանցում տարածված տեսանյութերը պարունակում են իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության և դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորելու հանցագործության հատկանիշներ։ Նույն օրվա իրադարձությունների առթի ևս 5  այլ հաղորդում է ներկայացվել Դատախազություն,  և ստացված  նյութերն ուղարկել Հատուկ քննչական ծառայություն:

ՀՔԾ-ն, բոլորը հաղորդումները քննել է  մեկ վարույթում և որոշել մերժել քրեական գործի հարուցումը։ Այս որոշումը Հրանտ Անանյանը բողոքարկել է դատախազին, սակայն դատախազը անփոփոխ է թողել ՀՔԾ քննիչի որոշումը, ինչից հետո  Անանյանն օրենքով սահմանված կարգով դիմել է դատարան:  Հատկանշական է, որ Անանյանը չի հանդիսանում դատավոր Դավիթ Բալայանի փաստաբանը,  Անանյանն այս գործընթացը սկսել է սեփական նախաձեռնությամբ:

Նախորդ դատական նիստին, որը տեղի է ունեցել երեք ամիս առաջ, Հրանտ Անանյանը ներկայացրել է իր բողոքը, իսկ երեկվա դատական նիստի ընթացքում բողոքի վերաբերյալ դիրքորոշում ներկայացրին դատախազ Արմեն Շահբազյանն ու ՀՔԾ  քննիչ Արշալույս Մինասյանը։

Քննիչ Մինասյանը նշեց, որ բողոքաբերի որևէ իրավունք որոշմամբ չի խախտվել և միջնորդեց մերժել Հրանտ Անանյանի բողոքը։ Մինասյանի խոսքով՝ պատուհանից դատարան մուտք գործելը դատավոր Դավիթ Բալայանի լիազորությունը չէ, և  պատուհանից ներս մտնել թույլ չտալը չի կարող լինել ո՛չ նրա նկատմամբ բռնություն, ո՛չ լիազորությունների իրականացմանը խոչընդոտում։

Դատախազ Շահբազյանն էլ նշեց, որ, ըստ էության, ֆիզիկական կոպիտ ներգործություն, բռնություն  չի գործադրվել Բալայանի նկատմամբ, ուղղակի նրան բռնել են՝ չթողնելով, որ պատուհանից ներս մտնի։

Դատավորը հարցրեց՝  արդյոք պարզվե՞լ է հանգամանքը՝ միջադեպի ժամանակ դուռը բաց եղե՞լ է,  թե՞ ոչ, Բալայանը հնարավորություն ունեցե՞լ է դռնից ներս մտնելու։ Քննիչը, ի պատասխան այդ հարցի, նշեց, որ  Բալայանը որևէ հաղորդում չի տվել, ինքը չի ասել, որ ցանկացել է մտնել, բայց թույլ չեն տվել։

Դատախազ Շահբազյանը դիրքորոշում հայտնելիս նշեց, որ վարույթն իրականացնող մարմինը պատշաճ ստուգման է ենթարկվել Հրանտ Անանյանի ներկայացրած հաղորդման, ինչպես նաև մյուս անձանց ներկայացրած հաղորդումների մեջ նշված տվյալները, ինչի արդյունքում չեն հիմնավորվել հանրային վտանագավոր արարքներ կատարելու վերաբերյալ հաղորդում ներկայացրած անձանց դատողությունները, պարզվել է, որ մայիսի 20-ի հավաքի կազմակերպման և մասնակցության նպատակը եղել է իրավաչափ։

«Միաժամանակ, այդ նպատակին հասնելուն ուղղված գործողությունները զուգորդվել են ոչ էական վնաս առաջացնող  գործողություններով, որոնք իրենցից հանրային վտանգավորություն չեն ներկայացնում, քրեաիրավական առումով հանդիսանում են նվազ կարևոր, ուստի նյութերի նախապատրաստման առիթ հանդիսացած արարքները նույնիսկ հաստատվելու դեպքում հանցագործություն համարվել չեն կարող»,- ասաց դատախազը։

Ինչպես արդեն նշեցինք, Հրանտ Անանյանը կարծում է, որ դատավոր Բալայանի հետ տեղի ունեցածի առթիվ պետք է քրեական գործ հարուցվեր Քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածով` իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը։ Այս հանգամանքին անդրադառնալով՝ դատախազը նշեց, որ դատական իշխանության պաշտոնատար անձանց որպես կառավարման հետ կապված պաշտոնատար անձ դիտարկելը ոչ միայն հակասում է տվյալ հանցակազմի օբյեկտիվ հատկանիշներին, այլ նաև չի բխում ՀՀ սահմանադրությամբ իշխանության ճյուղերին վերապահված գործառույթների տրամաբանությունից։ Դատախազը նշեց, որ դատական իշխանությանը կառավարման գործառույթ լիազորված չէ, այն կոչված է արդարադատություն իրականացնելու, հետևաբար միջադեպի առթիվ Քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածով քրեական գործ հարուցվել չէր կարող։

Շահբազյանի խոսքով՝  վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից հանրությանն ուղղված կոչն, ըստ էության, դատական իշխանությանն ուղղված քննադատություն է և հավաքի նշանակություն ունեցող որոշակի գործողություն իրականացնելու առաջարկ, որը բովանդակել է առաջարկվող գործողությունների խիստ ժամանակավոր՝ ընդամենը մի քանի ժամ անցկացնելու հորդոր, չի պարունակել որևէ բռնի գործողություն իրականացնելու հորդոր կամ առաջարկ, որպիսի պայմաններում չի կարող խոսք լինել իշխանության զավթելուն, տարածքային ամբողջականություն խախտելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչեր հնչեցնելու հանցակազմերի մասին։ Այս գործողություններն իրականացնելիս, ըստ դատախազի, որևէ վարչական լծակ չի օգտագործվել, հետևաբար չի կարող նաև խոսք լինել պաշտոնեական լիազորությունների չարաշահման կամ անցման մասին։

Վերլուծվել է նաև արդարադատության իրականացմանը խոչընդոտելու հանցակազմը, և վարույթն իրականացնող մարմինը համարել է, որ քննության առարկա դարձած գործողություններում նաև այս հանցակազմն է բացակայում։ Դատախազը հարց առաջ քաշեց, թե քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշմամբ բողոքաբեր Հրանտ Անանյանի ո՞ր օրինական իրավունքը կամ շահն է խախտվել՝ նկատի ունենալով, որ Հրանտ Անանյանը բողոքը ներկայացրել է ոչ թե որպես Դավիթ Բալայանի փաստաբան, այլ որպես քաղաքացի։

Հրանտ Անանյանն այս հանգամանքին անդրադառնալով՝ նշեց, որ թյուր է պնդումը, թե հանցագործության մասին հաղորդում տված անձը իրավունք չունի բողոքարկելու նախապատրաստվող նյութերով քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշումը՝  շեշտելով, որ հակառակ դեպքում օրենքը վարույթն իրականացնող մարմնի վրա պարտավորություն չէր դնի այդ որոշման մասին իմպերտիվ կարգով տեղեկացնել հանցագործության վերաբերյալ հաղորդում տված անձին։

 «Ես կարծում եմ, որ ՀՀ ցանկացած քաղաքացու իրավունքը և օրինական շահը կարող է խախտվել, երբ որևէ մեկը համարձակվի դատավորի նկատմամբ  բռնություն գործադրել, նրան հրել, ֆիզիկապես ներգործել նրա նկատմամբ, որ չկարողանա մուտք գործել իր աշխատավայր։ Անթույլատրելի եմ համարում այդ իրավիճակը նաև որպես փաստաբան»,- ասաց Հրանտ Անանյանը։

Անդրադառնալով դատախազի խոսքին այն մասին, որ հանցագործության մասին հաղորդումներում նկարագրված արարքները նվազ հանրային վտանգավորություն ունեն՝ Անանյանը նշեց, որ դրանց հանրային վտանգավորության աստիճանը որոշելու համար պետք էր նախ բացատրություն վերցնել դատավոր Դավիթ Բալայանից, դեպքի օրը դրա մասնակիցներից, փորձաքննություններ նշանակել, պարզել՝ արդոք միջադեպի մասնակիցները գիտակցե՞լ են, որ Դավիթ Բալայանը դատավոր է, պարզել, թե ի՞նչ դիտավորությամբ են նրանք ֆիզիկապես ներգործել նրա նկատմամբ։

Անանյանը նշեց, որ Դավիթ Բալայանը վայր է ընկել իրեն հրելու հետևանքով առաջացած քաշքշուկի արդյունքում, նկատեց նաև, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որևէ կոչ չի արել դատավորների նկատմամբ ֆիզիկապես ներգործելու, որ նա հորդորել է կանգնել դատարանների մուտքի առջև, և դատավոր Դավիթ Բալայանին հրած անձինք դրսևորել են ինքնագործունեություն։

Ըստ Հրանտ Անանյանի՝ տեսանյութում հստակ երևում է, որ Բալայանը դատավոր է, շենք է ցանկանում մուտք գործել իր լիազորություններն իրականացնելու համար։

«Այլ ելք չունենալով՝ Դավիթ Բալայանը ցանկանցել է մուտք գործել ու իր լիազորություններն իրականացնել պատուհանով ներս մտնելով»,- ասաց Հրանտ Անանյանը՝  նշելով, որ, նկատի ունենալով այն հանգամանքը, որ նրա նկատմամբ բռնությունը գործադրվել  է՝ դադարեցնելու համար նրա լիազորություններին անցնելը, այդ արարքում առկա է Քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի հատկանիշ։

Քրեական գործ չհարուցելու որոշումը մեկ անգամ դատական ստուգման է ենթարկվել

Նշենք, որ Հատուկ քննչական ծառայության՝ քրեական գործ չհարուցելու մասին որոշումը բողոքարկվել է նաև մեկ այլ փաստաբանի՝ Լևոն Սահակյանի կողմից։ Այդ բողոքը քննել է դատավոր Մեսրոպ Մակյանն ու հոկտեմբերի 14-ին որոշել է մերժել այն։ Դատավոր Մակյանը համարել է, որ քրեական գործի հարուցումը մերժելու որոշմամբ բողոքաբեր Սահակյանի իրավունքներն ու օրինական շահերը չեն շոշափվել, որ բողոքաբերը չի հիմնավորել, թե քննիչի կողմից քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշմամբ իր ո՞ր իրավունքներն ու օրինական շահերն են խախտվել։ Ինչպես արդեն վերը նշեցինք, մայիսի 20-ի գործողություներից հետո հանցագործության մասին 6  հաղորդում է ստացվել տարբեր անձանցից, ՀՔԾ-ն որոշել է դրանք միացնել և քրեական գործի հարուցումը մերժել մեկ որոշմամբ։

Նկատի ունենալով դատավոր Մեսրոպ Մակյանի կայացրած որոշումը՝ ստացվում է, որ քրեական գործի հարուցումը մերժելու մասին վարույթն իրականացնող մարմնի միևնույն որոշումն, ըստ էության, երկրորդ անգամ է դատական ստուգման ենթարկվում։ Դատավոր Դավիթ Հարությունյանը հարցրեց, թե արդյոք այս հանգամանքն, ըստ կողմերի, խոչընդոտ չէ՞ իր կողմից նոր դատական ակտ կայացնելու, օրինակ՝ Հրանտ Անանյանի բողոքը բավարարելու համար։

Հրանտ ԱՆանյանը կարծիք հայտնեց, որ դատավոր Մեսրոպ Մակյանի որոշումը չի  կարող ելակետային լինել, և որ քրեական գործ չհարուցելու մասին որոշումը բողոքարկելու իրավունք ունի նաև ինքը։ Անանյանը նշեց, որ դատական պրոցեսին, որի շրջանակներում դատավոր Մեսրոպ Մակյանը մերժել է քրեական գործ չհարուցելու որոշման դեմ Լևոն Սահակյանի բողոքը, ինքն անգամ մասնակից չի եղել, իր փաստարկները չեն լսվել։

«Դատավարության մասնակիցներից յուրաքանչյուրի իրավունքն է որոշումը բողոքարկելը սահմանված ժամկետում, և ես դա արել եմ»,- ասաց Հրանտ Անանյանը։

Վերջինս նշեց  նաև, որ իր բողոքը վերաբերում է բացառապես դատավոր Դավիթ Բալայանի հետ տեղի ունեցած միջադեպին, և եթե նախաքննության մարմին հանդիսացող քննիչը, տեխնիկական հարմարավետությունից ելնելով, դեպքի օրվա առթիվ հաղորդումները միացրել է մեկ վարույթում և մեկ միասնական որոշում կայացրել դրանց վերաբերյալ, դա դեռ չի նշանակում, որ ինքը պետք է զրկվի բողոքարկման հնարավորությունից։

«Այդ նյութերը կարող էին նաև առանձին նյութերով նախապատրաստվել ու մերժվել»,- ասաց Հրանտ Անանյանը։

Վերջինս քննարկման առարկա դարձրեց նաև ՀՔԾ-ի որոշումը մասնակի վերացնելու հարցը՝ միայն Դավիթ Բալայանի մասով։ Անանյանը թեև ընդունում է, որ նման պրակտիկա չկա, բայց չի էլ  բացառում նման հնարավորությունը։

Դատական նիստը հետաձգվեց, իսկ հաջորդ դատական նիստի օրը դեռևս չի նշանակվել։ Դատավոր Դավիթ Հարությունյանը նշեց, որ պատրաստվում է հարցում ուղարկել դատավոր Մեսրոպ Մակյանին՝ պարզելու, թե արդյոք նրա կայացրած որոշումը բողոքարկվել է։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter