
Կա՞ արդյոք բանտերի ու քրեական դատարանների կարիք
Մհեր Ենոքյան, «Հետքի» թղթակիցը «Նուբարաշեն» բանտից
24 տարի պատիժ կրելուց հետո պայմանական վաղաժամկետ ազատվեց մահապատժի դատապարտված, այնուհետև ցմահ ազատազրկված Աշոտ Մանուկյանը: Շնորհավորում եմ Աշոտին: Այդ գործով տուժողի իրավահաջորդները՝ 3 զինվորների ծնողները (երկու զինվորները եղբայրներ էին) ներել են նրան: Կարող եմ միայն ենթադրել, որ նրանք առաջնորդվել են քրիստոնեական վեհ գաղափարներով` ներողամտության և մարդասիրության:
Մոտ 100 ցմահ ազատազրկված կա Հայաստանում, ինչն աննախադեպ մեծ թիվ է մեր չափ ազգաբնակչություն ունեցող երկրների համեմատ: Կարո՞ղ է արդյոք պետությունը հույս ունենալ, որ բոլոր տուժողները կառաջնորդվեն քրիստոնեական սկզբունքներով, և պետությունը ստիպված չի լինի ցմահ տանջելով՝ իրականացնել մահապատիժներ: Կարծում եմ՝ ինչպես Կարեն Օգանեսյանի ազատվելը մնաց աննախադեպ, քանի որ գործով տուժողները մեքսիկացիներ էին և նույնիսկ տեղյակ չպահվեցին, այդպես էլ Աշոտի ազատվելը դեռ կմնա աննախադեպ:
25 տարի շարունակ պետությունը պարտավոր էր բոլոր ցմահ ազատազրկվածների նկատմամբ իրականացնել վերասոցիալականացման աշխատանքներ: Բայց իրականում պետությանը առհասարակ ոչ մի աշխատանքով չի ապահովում, ուսման հնարավորություն չի տալիս և ոչ մի անհատական ծրագիր չի իրականացնում: Թե՛ աշխատանքը, թե՛ ուսումը բացառիկ երևույթներ են, որը հնարավոր է դառնում ազատազրկվածի ընտանիքի օգնությամբ: Պետությունը ազատազրկվածներին դիտարկում է որպես «ապրանք», որը պետք է պահվի «պահեստում»` քրեակատարողական հիմնարկում: Այս համեմատությունը լսել եմ անվտանգության գծով մի ճանաչված աշխատակցից: Ցմահ ազատազրկվածներիս առջև մի խնդիր է իրականում դրվում պետության կողմից` եթե կարող եք, գոյատևեք: Վերջինս էլ հնարավոր է դառնում նորից հարազատների միջոցով:
Այսպես անցնում է 20-25 տարի, և պետությունն իր գործառույթը չի իրականացնում, իսկ վերջում՝ առանց օբյեկտիվ գնահատելու ազատազրկվածին, առանց օբյեկտիվ բնութագրի` կրթության և աշխատանքի առկայության կամ բացակայության և այլ գործոնների գնահատման` կարևորագույն հարցի լուծումը պարզապես գցում է տուժողի վրա: Ստացվում է, որ ընդհանրապես կարիք չկա ունենալ քրեակատարողական հիմնարկներ, նաև՝ դատարան: Այս երկու ինստիտուտների գործառույթը պետությունը փաստացի տվել է տուժողին` կների, թե չի ների, դրանով էլ կորոշվի` ազատել, թե ոչ: Այստեղ դատարանը միայն ձևական կողմն է ապահովում, տպավորություն ստեղծելու համար, թե, իբր, կա օրենք, իրավունքի գերակայություն: Ստացվում է, որ մենք գլորվել ենք դեպի նախնադար, երբ չկային պետական ինստիտուտներ, չկային դատարաններ: Հանցանք կատարած մարդու, կամ հանցանքի մեջ կասկածվողի հարցը լուծում էր տուժողը` կամ կպատժեր, կամ կներեր, կախված նրանից, թե որքանով է ուժեղ կամ թե մարդասեր: Սա չի կարող արդարադատություն համարվել: Այս իսկ պատճառով էլ քաղաքակրթությունը ստեղծեց դատարաններ, որտեղ օրենքի համաձայն և իրավունքի գերակայության սկզբունքից ելնելով՝ պետք է իրականացվեր արդարադատություն: Տուժողի և մեղադրյալի (դատապարտյալի) շահերը պետք է լինեին միայն օրինական և հավասարազոր, և միայն արդարադատության շահը պետք է լիներ գերակա:
Մեկ այլ խնդիր ևս՝ 2018-ի իշխանափոխությունից հետո անցել է մոտ 2 տարի, սակայն մինչ օրս այդպես էլ չի վերանայվել ոչ մի մահապատժի դատավճիռ: Այսինքն` ի տարբերություն ողջ քաղաքակիրթ աշխարհի, մեր դատարանները դեռ շարունակում են տառապել անսխալականության բարդույթով: Մեր բանտերում շարունակում են ազատազրկված մնալ անմեղ մարդիկ, և առաջնահերթ անհրաժեշտ է վերանայել հենց մահապատժի, ցմահ ազատազրկման կասկածելի դատավճիռները, քանի որ դատական սխալները հենց այս պատժատեսակի պարագայում են հատկապես ճակատագրական և անդառնալի կարող են լինել: Հետևաբար, ի՞նչ անեն այն դատապարտյալները, որոնք չեն ընդունում մեղքը, կամ չեն կարող ստանալ տուժողների ներումը:
Մեկնաբանել