HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արցախի կառավարությունը հանձնաժողով է ստեղծում՝ հէկերի ազդեցությունը շրջակա միջավայրի վրա ուսումնասիրելու համար

Արցախի կառավարությունն այսօր արձագանքել է հունվարի 21-ից հացադուլ անող, Շահումյանի շրջանի Քարվաճառ քաղաքի բնակիչ Ալեքսանդր Քանանյանի պահանջին՝  դադարեցնել իր տան բակին կից փոքր հէկերի շինարարական աշխատանքները:

Կառավարության տարածած մամուլի հաղորդագրության մեջ ասված է. «Արցախի Հանրապետության կառավարությունը, հաշվի առնելով հարցի կարեւորությունը, անհրաժեշտ է համարում իրազեկել հանրությանը՝ փոքր հիդրոէլեկտրակայանների կառուցման ու շահագործման ընթացքում շրջակա միջավայրի վրա հնարավոր բացասական ազդեցությունը նվազեցնելու եւ ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի կոչելու ուղղությամբ իրականացվող քայլերի մասին:

Այդ շրջանակներում է կառավարության կողմից սեղմ ժամկետում մասնագիտական, անկախ հանձնաժողովի ստեղծումը, որի կազմում կընդգրկվեն մեկական մասնագետներ ԱՀ բնապահպանության և բնական ռեսուրսների, ԱՀ էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարություններից, ԱՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող հանձնաժողովից (համաձայնությամբ):

Կառավարությունը դիմել է նաև Հայաստանի Հանրապետության գործընկերներին՝ բնապահպանական և հիդրոէներգետիկ ոլորտի մասնագետների հանձնաժողովի կազմում ներգրավելու խնդրանքով: Արդյունքում՝ երկուական մասնագետներ ՀՀ շրջակա միջավայրի ու ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություններից, ևս երկու անկախ փորձագետներ, նախնական պայմանավորվածության համաձայն, այսօր կժամանեն Արցախ եւ նույնպես կընդգրկվեն հանձնաժողովի կազմում:

Կառավարությունն օրեր առաջ դիմել էր հացադուլ հայտարարած Ալեքսանդր Քանանյանին՝ հանձնաժողովի կազմում 3 անդամ առաջադրելու հարցով եւ սպասում է առաջարկների ներկայացմանը:

Ներկա պահին հէկաշինական բոլոր աշխատանքները դադարեցված են, և ինչպես հայտարարվել է ավելի վաղ, աշխատանքները չեն վերսկսվի՝ մինչև մասնագիտական հանձնաժողովի համապատասխան եզրակացություն ստանալը:

ԱՀ կառավարությունը մեկ անգամ ևս կոչ է անում Ալեքսանդր Քանանյանին և նրան միացած Մհեր Պողոսյանին՝ դադարեցնել հացադուլը, չվտանգել առողջությունը և գործուն մասնակցություն ունենալ ձևավորվող հանձնաժողովի աշխատանքներին»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter