HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կայացել է նախագահ Արմեն Սարգսյանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքային հերթական հանդիպումը

Նախագահի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ՝ Արմեն Սարգսյանն այսօր նախագահական նստավայրում աշխատանքային հանդիպում է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:

Կարևորելով արդեն ավանդական դարձած, պարբերական բնույթ կրող հանդիպումները՝ Արմեն Սարգսյանը և Նիկոլ Փաշինյանը քննարկել են երկրի ընթացիկ օրակարգին վերաբերող հարցեր:

Նախագահ Արմեն Սարգսյան- Պարոն վարչապետ, ուրախ եմ այսօր հյուրընկալել Ձեզ: Սա, կարծես, մեր ավանդույթն է՝ պարբերաբար հանդիպել, քննարկել և՛ երկրում, և՛ երկրից դուրս՝ միջազգային ոլորտում տեղի ունեցող բոլոր իրադարձությունները, նաև կիսվել մեզանից յուրաքանչյուրի ինստիտուտի՝ կառավարության և նախագահական ինստիտուտների այցելությունների, հանդիպումների, ձեռքբերումների, դժվարությունների մասին:

Այնպես որ, կրկին ողջունում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության նախագահի նստավայրում:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան- Շնորհակալ եմ պարոն նախագահ, ուրախ եմ Ձեզ տեսնելու համար: Սա, ըստ էության, 2020 թվականի մեր առաջին աշխատանքային հանդիպումն է, և ուրախ եմ նաև արձանագրել, որ 2019 թվականը հաջող տարի ստացվեց Հայաստանի Հանրապետության համար: Հրապարակվել են 2019 թվականի տնտեսական ակտիվության ցուցանիշները, և կարող եմ արձանագրել, որ 2019-ին ունեցել ենք տնտեսական ակտիվության ցուցանիշի առավելագույն թիվը՝ այդ մեթոդով տնտեսական հաշվարկների մեկնարկից ի վեր. մեկնարկը եղել է 2011 թվականին: 2019-ին մենք արձանագրեցինք հեղափոխությունից հետո անցումային կառավարման շրջանը և մեր քննարկումների առանցքում էլ միշտ եղել է այն, որ պետք է ավելի ու ավելի շատ կարևորենք մեր երկրում ինստիտուցիոնալ բարեփոխումների թեման և հիմնադրենք ու ներդնենք ռազմավարական կառավարման տրամաբանությունը:

Կարծում եմ, որ 2020 թվականին հենց այդպիսի մի փուլ ենք թևակոխում, և մեր երկրում ինստիտուտների կայացումը, հակակշիռների և փոխզսպումների համակարգի ներդրումը մշտապես եղել է մեր ուշադրության կենտրոնում և հիմա էլ մեր ուշադրության կենտրոնում է: Գիտեք, նաև արձագանքել եք Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակին, եթե կարելի է ասել ճգնաժամին, և այսօր հույս ունեմ, որ մենք կքննարկենք նաև այդ խնդիրը, մտքեր կփոխանակենք:

Իհարկե, ես միանշանակ կիսում եմ Ձեր այն տեսակետը, որ մենք այդ հարցին պետք է մոտենանք հենց երկրի ինստիտուցիոնալ կայացման տրամաբանությամբ, մեր երկրի ազգային և պետական շահերի տրամաբանությամբ, հակակշիռների և փոխզսպումների ճշգրիտ և աշխատող համակարգ ունենալու տրամաբանությամբ, որովհետև միայն այդ պարագայում է, որ մենք կունենանք անշրջելի ժողովրդավարություն, անշրջելի օրենքի գերակայություն՝ սրանից բխող հետևանքներով, և, իհարկե, անշրջելի Սահմանադրական իրականություն, որը մշտապես եղել է մեր ուշադրության կենտրոնում և մեր աշխատանքային քննարկումների առանցքում: Այնպես որ շատ ուրախ եմ այս առիթի համար:

Նախագահ Արմեն Սարգսյան- Շատ լավ, ես էլ եմ պատրաստ քննարկման: Ուշադրությամբ կլսեմ Ձեզ, պարոն վարչապետ: Շատ էական է այն, ինչ Դուք ասացիք՝ ինստիտուտների կայանալը մեր երկրում, հավասարակշի՛ռ ինստիտուտների, որովհետև եթե խոսում ենք երկարաժամկետ, կայուն զարգացման մասին, առանց դրա հնարավոր չի լինի:

Իհարկե, արժե նաև քննարկել ապագա ծրագրերը՝ ներդրումային ծրագրերը: Ուրախությամբ կարող եմ ասել, որ կարծես թե նոր, փոքրիկ հաղթանակներ կան իմ այցելությունների ժամանակ՝ լինի դա Պարսից ծոցի երկրներ, Դավոս կամ Իսրայել: Կկիսվեմ Ձեզ հետ:

Հանդիպման առնչությամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում՝ հայտնելով, որ ինքն ու Արմեն Սարգսյանը ունեն ընդհանուր սկզբունքներ եւ պատկերացումներ Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակի լուծման ուղիների վերաբերյալ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter