HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Գագիկ Խաչատրյանի հարազատները հանուն նրա առողջության պատրաստ են վճարել նրան վերագրվող մի քանի միլիարդ դրամի հասնող գումարը

Վերաքննիչ քրեական դատարանը, նախագահությամբ դատավոր Սերգեյ Մարաբյանի, այսօր հեռացել է խորհրդակցական սենյակ՝ ՊԵԿ նախկին նախագահ, Ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի կալանքի ժամկետը երկարացնելու դեմ բողոքի գործով որոշում կայացնելու։

Այս մասին դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց Խաչատրյանի պաշտպան Երեմ Սարգսյանը։ Պաշտպանը նշեց, որ վերաքննիչ բողոքում մի քանի խնդիր է բարձրացվել՝ սկսած անձի նկատմամբ վատ վերաբերմունքից մինչև Գագիկ Խաչատրյանին վերագրվող արարքներում հիմնավոր կասկածի, նրան կալանքի տակ պահելու հիմքերի բացակայությունը։

Խաչատրյանը, հիշեցնենք, մեղադրվում է Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ, և 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ առանձնապես խոշոր չափերով վատնում կատարելը: Մեղադրանքն առնչվում է ՊԵԿ նախագահ եղած ժամանակահատվածում կատարած ենթադրյալ հանցագործություններին:

Երեմ Սարգսյանը նշեց, որ շուտով կլրանա Գագիկ Խաչատրյանի կալանքի տակ գտնվելու 6 ամիսը, որ արդեն երկու անգամ նրա կալանքի ժամկետը երկարացնելու միջնորդություն է ներկայացվել դատարան և մշտապես կալանքի տակ պահելու նույն հիմնավորումներն են ներկայացվում, որ Խաչատրյանը կարող է թաքնվել վարույթն իրականացնող մարմնից, խոչընդոտել գործի քննությանը։

«Չկան բավարար փաստական տվյալներ, որ նման վարքագիծ կարող է դրսևորվել, բայց կա հակառակը, որ ազատության մեջ  մնալով՝ Գագիկ Խաչատրյանը պատշաճ վարքագիծ է դրսևորել»,- ասաց Երեմ Սարգսյանը՝ հիշեցնելով, որ մինչև Ազգային անվտանգության ծառայությունում քննվող քրեական գործով Գագիկ Խաչատրյանին մեղադրանք առաջադրելը նա մեղադրյալի կարգավիճակ է ունեցել նաև Հատուկ քննչական ծառայությունում քննվող մեկ այլ գործով, որի շրջանակներոում նրա նկատմամբ ազատազրկման հետ չկապված խափանման միջոց է ընտրված եղել։

«2015 թվականից Գագիկ Խաչատրյանը պարբերաբար բուժման մեջ է գտնվել Գերմանիայի Դաշնությունում, վիրահատությունների է ենթարկվել։ 2018 թվականին նա  ողնաշարի վիրահատության է ենթարկվել, որից հետո պարտադիր հետվերականգնողական բուժում պետք է ստանար, սակայն Հայաստանի Հանրապետությունում քրեական գործ է հարուցվել, և նա ընդամենը վարույթն իրականացնող մարմնի մեկ զանգով կիսատ է թողել բուժումն ու ներկայացրել՝ պայմանով, որ կվերադառնա ու կշարունակի բուժումը»,- ասաց Երեմ Սարգսյանը՝ հարց բարձրացնելով, թե նման պայմաններում ի՞նչ փաստական տվյալի է  հղում կատարում վարույթն իրականացնող մարմինը, երբ ասում է, թե Խաչատրյանը կարող է թաքնվել քննությունից։

Գագիկ Խաչատրյանն, ըստ Երեմ Սարգսյանի,  նաև չի խոչընդոտի գործի քննությանը։ Սարգսյանի խոսքով՝ քննության ընթացքի մեջ գտնվող ցանկացած գործով կարող է տեսականորեն լինել խոչընդոտելու ռիսկ, սակայն այդպիսի ռիսկի առկայությունը պետք է կոնկրետ փաստական հանգամանքներով հիմնավորվի։

Երեմ Սարգսյանը նշեց, որ Գագիկ Խաչատրյանը, մոտ  5 ամիս մեղադրյալի կարգավիճակ ունենալով, գտնվել է ազատության մեջ, բայց որևէ փաստական տվյալ չի եղել այն մասին, որ նա փորձել է անօրինական ազդեցություն գործադրել որևէ անձի նկատմամբ, խոչընդոտել գործի քննությանը։

Սարգսյանը նշեց, որ Գագիկ Խաչատրյանն այս պահին գտնվում է ծանր առողջական վիճակում, և Հայաստանի պետական մարմինները խախտում են բժշկական օգնություն ստանալու նրա իրավունքը։

«Ավելին ասեմ, արդեն խոշտանգման, վատ վերաբերմունքի արտահայտման նշանաներ կան»,- ասաց Երեմ Սարգսյանը։

Վերջինս նշեց, որ Խաչատրյանի՝ արտերկրում գտնվող հարազատներն ու ընկերներն, իմանալով նրա առողջական խնդիրների մասին, պատրաստակամություն են հայտնել ըստ մեղադրանքի նրան վերագրվող հանցագործությամբ պատճառված ենթադրյալ վնասի գումարի չափը փոխանցել դատարանի դեպոզիտ հաշվին, միայն թե նա հայտնվի ազատության մեջ և  բուժում ստանա։

Նշենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել որ ըստ մեղադրանքի, Խաչատրյանին վերագրվող հանցագործությամբ պատճառված վնասի չափը շուրջ 230 մլն դրամ է։ Այժմ, փաստորեն, պատճառված ենթադրյալ վնասի չափը հասել է մի քանի միլիարդ դրամի։ Խոսքը շուրջ 7 մլրդ դրամի մասին է՝ տարբեր դրվագներով։

Հարցին՝ Գագիկ Խաչատրյանն իրեն վերագրվող հանցագործության որևէ դրվագ ընդունո՞ւմ է, Սարգսյանը պատասխանեց, որ չի ընդունում, իսկ նրա հարազատները պատրաստ են վճարել ենթադրյալ վնասի գումարը միայն այն բանի համար, որ պետության համար հստակ լինի՝ նա քննությունից խուսափելու միտում չունի։

Երեմ Սարգսյանը  նշեց, որ բուժումը կիսատ թողելու պատճառով Գագիկ Խաչատրյանին կրկնակի վիրահատելու անհրաժեշտություն է առաջացել, ինչը չի արվել։ Հունվարի 15-ին, ըստ պաշտպանի, Խաչատրյանի առողջական վիճակը վատացել է, և նա տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն։

Հունվարի 22-ին բժշկական կոնսիլիումը եզրակացություն է տվել որ Գագիկ Խաչատրյանը ունի ստացիոնար բուժման կարիք, և չնայած Խաչատրյանը ցանկանում է իր միջոցներով ստանալ իրեն ցուցված բուժումը՝ բժշկական կոնսիլիումի եզրակացությունը ստանալու օրը նրան տեղափոխել են  քրեակատարողական հիմնարկ։

Պաշտպանի խոսքով՝ դրանից հետո իրենք դիմել են հնարավոր բոլոր պատկան մարմիններին, որ դադարեցնեն ապօրինությունն ու Խաչատրյանին տեղափոխեն ստացիոնար բուժում ստանալու, բայց առ այսօր նա չի տեղափոխվել։

«Ինձ համար անօրինականությունների շարքն ակնհայտ է, բոլոր միջոցները ձեռնարկել ենք, կարծում եմ, որ ստիպելու են՝ առավել ծայրահեղ միջոցների գնանք, եթե մոտակա օրերին պետությունը իր պարտականությունը չկատարի»,- ասաց Երեմ Սարգսյանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter