HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տիրայր Մուրադյան

Վլադիմիր Գասպարյանի առանձնատան գործով դատաքննություն նշանակվեց․ գործը կասեցնելու միջնորդությունը մերժվեց

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում, Աղասի Դանիելյանն ընդդեմ Վլադիմիր Գասպարյանի և նրա ընտանիքի անդամների գործով, դատավոր Արթուր Մկրտչյանը որոշում կայացրեց դատաքննություն նշանակել։

Նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատան նախկին սեփականատեր Աղասի Դանիելյանը դատարան է դիմել և պահանջում է, որպեսզի Վլադիմիր Գասպարյանին, նրա կնոջը, զոքանչին պարտավորեցնեն իրեն վճարել առանձնատան 900 միլիոն դրամ գումարը։ Ըստ հայցի՝ Աղասի Դանիելյանն առանձնատունը վաճառել է, սակայն այդ գումարը չի ստացել։ Վլադիմիր Գասպարյանը և մյուսները գտնում են, որ հայցն ի թիվս այլ հիմքերի ենթակա է մերժման նաև հայցային վաղեմության հիմքով։

Այսօր կայացած նախնական դատական նիստում քննարկվեց Վլադիմիր Գասպարյանի և մյուս պատասխանողների՝ դատական գործը կասեցնելու վերաբերյալ միջնորդությունը։ Որպես հիմնավորում համապատասխանողները բերել էին Հատուկ քննչական ծառայությունում Վլադիմիր Գասպարյանի առանձնատան վերաբերյալ ընթացող քրեական գործը։ Հայցվորը միջնորդությանն առարկեց, իսկ որպես երրորդ անձ ներկայացած Կադաստրի կոմիտեի ներկայացուցիչը դիրքորոշում չհայտնեց։ Դատարանը որոշեց միջնորդությունը մերժել, քանի որ, ըստ նրա, ՀՔԾ-ում ընթացող քրեական գործն անհնար չի դարձնում քաղաքացիական գործը շարունակելը։

Դատավոր Արթուր Մկրտչյանը միջնորդությունը մերժելուց հետո բաշխեց ապացույցների բեռը, կողմերի դիրքորոշումները վերաճշտեց և որոշում կայացրեց դատաքննություն նշանակելու մասին։ Հաջորդ դատական նիստի օրվա և ժամի մասին տեղեկությունը դատարանը կներկայացնի կողմերին օրենքով սահմանված կարգով։

«Հետք»-ը 2018թ.-ին անդրադարձել էր Վլադիմիր Գասպարյանին պատկանող առանձնատան գնման գործարքին։ Ներկայացրել էինք, թե ինչպես է նախկին ոստիկանապետը մի քանի միլիոն դոլարանոց տունը գնել չնչին գումարով։ Մեր հրապարակումից հետո ՀՔԾ-ում քրեական գործ հարուցվեց։ 1,5 տարի տևած քննությունն էական զարգացումներ չի արձանագրել։ Նախկին ոստիկանապետը հարցաքննվել է, սակայն ոչ մեղադրյալի, ոչ էլ կասկածյալի դատավարական կարգավիճակ չունի։

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում քննվող քաղաքացիական գործի շրջանակում կալանք է դրվել Վլադիմիր Գասպարյանի և մյուս պատասխանողների դրամական միջոցների և անշարժ գույքերի վրա։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter