HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քաոսային ընտրություններ ԱՄՆ-ում   

Փետրվարի 3-ին ԱՄՆ Այովա նահանգում տեղի ունեցած Դեմոկրատական կուսակցության նախնական նախագահական ընտրությունները վերածվել են քաոսի։ Ընտրություններից երկու օր անց դեռ հստակ հայտնի չէ հաղթողը, և Այովայի Դեմոկրատական կուսակցությունը ընտրատեղամասերի միայն 71 %-ի արդյունքներն է հրապարակել։ Պարզ չէ, թե երբ կհրապարակվեն մնացած արդյունքները։ Ըստ նախնական տվյալների՝ նահանգային ընտրիչների թվով առաջատարը Սաութ Բենդի նախկին քաղաքապետ Փիթ Բուտեջեջն(Pete Buttigieg) է, իսկ քվեների քանակով՝ Սենատոր Բեռնի Սանդերսը (Bernie Sanders)։ Երկու թեկնածուներն էլ իրենց հաղթող են հռչակել՝ է՛լ ավելի խորացնելով ընտրությունների շուրջ ստեղծված անորոշությունը։

Անորոշության զգալի մասը բխում է այն փաստից, որ Այովայում տեղի ունեցածը ոչ թե ավանդական ընտրություն է, որտեղ ընտրողները պարզապես քվեաթերթիկ են լրացնում և նետում արկղը, այլ, այսպես կոչված, կոկուս կամ կուսակցականների հավաք։ Կոկուսի ընթացքում ընտրողները հավաքվում են ընտրատեղամասերում և թեկնածուների ներկայացուցիչների ելույթներից հետո ձեռքերը վեր պարզելով կամ միմյանց հետ խմբեր կազմելով աջակցություն հայտնում իրենց նախընտրած թեկնածուին։ Ընտրության առաջին փուլում քվեների 15 տոկոսի շեմը չգերազանցած թեկնածուների աջակիցները այնուհետև ստանում են շեմը գերազանցած թեկնածուների միջև ընտրություն կատարելու հնարավորություն։ Այնուհետև բաշխվում են ընտրատեղամասը ներկայացնող նահանգային ընտրիչները՝ ըստ երկրորդ փուլի արդյունքների։ Ընտրության այս փուլը խիստ քննադատության է ենթարկվել, քանի որ կուսակցական օրենքները թույլ են տալիս որոշ դեպքերում ընտրիչների մի մասին բաշխել մետաղադրամ նետելու միջոցով։

Իրավիճակն էլ ավելի են բարդացնում 2016-ի նախնական ընտրություններից հետո ուժի մեջ մտած կանոնները, ըստ որոնց ընտրատեղամասերի աշխատողները պարտավորվում են նահանգային ընտրիչների բաշխումից բացի գրանցել նաև ընտրության առաջին և երկրորդ փուլերի ամբողջական արդյունքները։ Այս գործընթացը դյուրացնելու նպատակով Դեմոկրատական կուսակցությունը որոշել էր օգտագործել հատուկ բջջային հավելված, որի միջոցով ընտրատեղամասերի հանձնաժողովները ընտրության արդյունքները կփոխանցեին Այովայի Դեմոկրատական կուսակցությանը։ Հավելվածը, սակայն, չէր փորձարկվել, և երբ գործը հասավ արդյունքներն ամփոփելուն, հավելվածի հետ կապված մի շարք տեխնիկական և մարդկային խնդիրներ առաջացան։ Որոշ հանձնաժողովների անդամներ չէին կարողանում ճիշտ օգտվել հավելվածից, ոմանք պարզապես անտեսել էին կուսակցության հրահանգները և որոշել հեռախոսազանգերի միջոցով փոխանցել արդյունքները։ Ստեղծված խուճապի հետևանքով Այովայի Դեմոկրատական կուսակցությունը արդյունքների հրապարակումն անժամկետ հետաձգեց՝ նշելով, որ որոշ անհամաձայնություններ կան հավելվածի և հեռախոսազանգերի միջոցով ստացված տվյալների միջև։ Ըստ նախնական տվյալների՝ չորրորդ հորիզոնականը զբաղեցնող Ջո Բայդենի գրասենյակը պահանջել էր արդյունքների հրապարակումից առաջ պատշաճ քննություն իրականացնել։ Սակայն Այովայի Դեմոկրատական կուսակցությունը, անտեսելով նախկին փոխնախագահի պահանջը, երեքշաբթի օրը հրապարակեց արդյունքների մի մասը։ Դեռ հայտնի չէ, թե երբ կհրապարակվեն ամբողջական արդյունքները։ Միևնույն ժամանակ, Բեռնի Սանդերսի ճամբարը ընտրատեղամասերի 40 տոկոսից վերցված ներքին տվյալներ է հրապարակել, որոնց համաձայն Սանդերսն առաջատարն է թե՛ քվեների քանակով և թե՛ նահանգային ընտրիչների թվով։

Թե ով վերջնական հաղթանակ կտանի Այովայի ընտրություններում՝ դեռ անհայտ է և, թվաբանական առումով, ոչ այնքան կարևոր։ Այովայում բաշխվում են Դեմոկրատական կուսակցության նախնական ընտրությունները հաղթելու համար անհրաժեշտ 1990 համապետական ընտրիչներից ընդամենը 41-ը։ Այովայի ընտրության կարևորությունը հիմնականում խորհրդանշական է։ Լինելով նախնական ընտրությունների առաջին մրցումը՝ Այովան կարող է կարևոր թափ հաղորդել հաղթող թեկնածուին։ Սակայն, այս տարվա անորոշ արդյունքները կարող են զգալիորեն նվազեցնել Այովայի դերը այս և հետագա նախնական ընտրություններում։ Միևնույն ժամանակ, Բուտեջեջի հաղթանակը նրան հնարավորություն կտա Ջո Բայդենին փոխարինել որպես Դեմոկրատական կուսակցության կենտրոնամետ թևի թեկնածու, մինչդեռ Սանդերսն իր դիրքերը կամրապնդի որպես կուսակցության ձախակողմյան թևի առաջնորդ։

Լուսանկարը՝ Brendan Smialowski/AFP via Getty Images 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter