HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տիրայր Մուրադյան

ՊՎԾ պաշտոնյան ապօրինի հող է ձեռք բերել․ դատախազությունը դիմել է դատարան

Պետական վերահսկողական ծառայության գլխավոր քարտուղարի տեղակալ Կարեն Մարգարյանը, պարզվում է, Կոտայքի մարզում ապօրինի կազմակերպված աճուրդով հող է ձեռք բերել։ «Հետք»-ի հրապարակումից հետո հարուցված և ՀՔԾ-ում քննված քրեական գործով հաստատվել էր, որ Կոտայքի մարզում 106 hա հողերը ապօրինի կազմակերպված աճուրդներով են վաճառվել։ Եվ ահա այդ աճուրդներից մեկով էլ հողի սեփականատեր է դարձել Կարեն Մարգարյանը։ Գլխավոր դատախազությունն այժմ վիճարկում է այդ աճուրդների որոշումները դատարանում։

Կարեն Մարգարյանը հանրությանը հայտնի է Կոտայքի մարզից։ Մարզպետարանում տարբեր պաշտոններ զբաղեցնելուց հետո՝ 2012 թվականից, 6 տարի եղել է Կոտայքի փոխմարզպետը։ 2010 թ.-ին Սերժ Սարգսյանի կողմից պատվոգրի է արժանացել ՀՀԿ 20-ամյակի կապակցությամբ և կուսակցական ակտիվ գործունեության համար։ Սակայն 2018 թվականի հեղափոխությունից հետո՝ տարեվերջին, ՀՀԿ-ից դուրս գալու դիմում է գրել։

«Հետք»-ը 2018 թ.-ին հետաքննություն էր հրապարակել 2007-2009 թվականներին Կոտայքի մարզում անտառային հողերի ապօրինի օտարումների մասին։ Մենք գրել էին 50 հեկտարի մասին, սակայն հարուցված քրեական գործից հետո Հատուկ քննչական ծառայությունում այդ թիվն աճեց և դարձավ 106 հեկտար։ Քրեական գործով հաստատվեց, որ Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանը, Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանը և աճուրդային հանձնաժողովի անդամները ապօրինություն են կատարել։

«Հետք»-ի հետ զրույցում Մարգարյանը հաստատեց փաստը, որ հող ձեռք է բերել, բայց նշեց, որ հետագայում օտարել է այն։ Կարեն Մարգարյանը դժվարացավ հիշել հողի մակերեսը, հստակ տեղը։ Էական նշանակություն ունեցող այլ տվյալներ չհիշեց կամ չցանկացավ հիշել։

«Նպատակահարմար եմ համարում, որ այդ գործի վերաբերյալ տեղեկություններ ստանաք գործի պաշտոնական ընթացակարգերից և հրապարակումների շրջանակում»,- ասաց Կարեն Մարգարյանը։

Գլխավոր դատախազությունը փետրվարի 4-ին պետական շահերի պաշտպանության հայցով դիմել է Կոտայքի մարզի ընդհանուր իրավասություն դատարան։ Պահանջում է աճուրդներն անվավեր ճանաչել, ինչպես նաև անվավերության հետևանքներ կիրառել։ Կարեն Մարգարյանը գործով պատասխանող է։

Կարեն Մարգարյանը ՊՎԾ-ում աշխատանքի է անցել ծառայության պետի պաշտոնակատար Արգիշտի Քյարամյանի ղեկավարման ժամանակ՝ 2019 թվականի տարեվերջին։

Հիշեցնենք, որ ապօրինի աճուրդների հետևանքով հողամասեր էին ձեռք բերել «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնը զբաղեցրած Մարտուն Մաթևոսյանը, Հրազդան համայնքի ղեկավար Արամ Դանիելյանի կինը՝ Զարիկ Գևորգյանը, Դանիելյանի խորհրդականի որդին՝ Արսեն Արզումանյանը, Կոտայքի մարզպետ Կավալենկո Շահգալդյանի մտերիմ, Չարենցավան քաղաքի «Մշակույթ» ՀՈԱԿ-ի տնօրեն Ռոման Գալուստյանը, ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի որդին՝ Արմեն Հովսեփյանը, ԱԺ պատգամավոր Աղվան Վարդանյանի եղբայրը` Իշխան Վարդանյանը, ԱԺ պատգամավոր Հարություն Ղարագյոզյանի կինը՝ Շամրիկ Գաբրիելյանը, գործարար Սամվել Մայրապետյանը, տարածքային կառավարման նախարար Հովիկ Աբրահամյանի վարորդ Գրիգոր Գևորգյանն ու անվտանգության աշխատակից Բագրատունի Բարսեղյանը, ինչպես նաև բռնցքամարտիկ Արթուր Աբրահամի հորեղբայրը՝ Նիկիտա Աբրահամյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter