
Առաջարկվում է բնապահպանական տեսուչներին տալ իրավախախտում թույլ տված սուբյեկտների գործունեության կասեցման լիազորություն
Վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակն առաջարկում է բնապահպանական տեսուչներին տալ իրավախախտում թույլ տված սուբյեկտների գործունեության կասեցման լիազորություն: Վարչապետի աշխատակազմի մշակած նախագիծը ներկայացվել է իրավական ակտերի հրապարակման միասնական կայքում:
Ոլորտը կարգավարող «Բնապահպանական վերահսկողության մասին» օրենքն ընդունվել է 2005 թվականի ապրիլի 11-ին: Այժմ տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակն առաջարկում է այդ օրենքում որոշ լրացումներ կատարել: Մասնավորապես, սահմավում է նաև «գործունեության կասեցում» եզրույթը:
Գործունեության կասեցում՝ գործընթաց, որի միջոցով սույն օրենքով սահմանված դեպքերում անհապաղ ժամանակավորապես դադարեցվում է ստուգվող սուբյեկտի կամ այլ անձի փաստացի գործունեությունը՝ պետության շահերի, մարդու իրավունքների և առողջության, ինչպես նաև շրջակա միջավայրի անվտանգության պահպանման նպատակով:
Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակն առաջարկում է նաև օրենքը լրարցնել նոր 29.1-րդ հոդվածով, որը կսահմանի, թե որ դեպքերում բնապահպանական տեսուչները կարող են կասեցնել իրավախախտում թույլ տված սուբյեկտի գործունեությունը: Գործող օրենսդրությամբ բնապահպանական պետական տեսուչը իրավունք ունի խախտում արձանագրելու դեպքում կասեցնել, դադարեցնել կամ արգելել սուբյեկտի գործողությունները, սակայն ոչ գործունեությունը:
Ըստ հրապարակված նախագծի՝ գործնականում տեսչական մարմնի տեսուչների կողմից ստուգման կամ այլ գործողություններ իրականացնելու ընթացքում բացահայտվում են այնպիսի իրավախախտումներ, որոնց դեպքում շրջակա միջավայրին կամ բնական ռեսուրսներին պատճառվող վնասը հնարավոր է կանխել միայն իրավախախտում թույլ տված անձի գործունեության անհապաղ կասեցման միջոցով, հակառակ դեպքում տնտեսավարող սուբյեկտները շարունակում են բնապահպանական օրենսդրությունը խախտող գործունեությունը՝ անդառնալի վնաս պատճառելով շրջակա միջավայրին:
Նախագծերի փաթեթի ընդունման դեպքում վարչապետի աշխատակազմն ակնկալում է, որ որոշ բնապահպանական իրավախախտումների դեպքում կնախատեսվի բնապահպանական տեսուչի կողմից իրավախախտում թույլ տված անձանց գործունեությունը կասեցնելու լիազորություն՝ շրջակա միջավայրին և բնական ռեսուրսներին սպառնացող վնասը կանխելու նպատակով:
Հիշեցնենք, որ բնապահպանության ոլորտում վերահսկողությունն իրականացնում է Կառավարությանը ենթակա Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը:
Մեկնաբանել