HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

«Diamond Princess» զբոսանավի մի քանի տասնյակ ուղևորներ կորոնավիրուսով են ախտորոշվել

Զբոսաշրջային «Diamond Princess» նավի վրա, որը գտնվում է Յոկոհոմա նավահանգստային քաղաքի մոտ, ևս 41 մարդ վարակվել է նոր կորոնավիրուսով։ Ընդհանուր առմամբ, նավի վրա վարակակիրների թիվը հասել է 61-ի։

Զբոսանավում գտնվում է 3700 մարդ, որոնցից 2700-ն ուղևորներ են, իսկ 1000-ը՝ անձնակազմի անդամներ։ Նավը կարանտինի մեջ կլինի առնվազն երկու շաբաթ։ Նավի վրա գտնվող անձանց զանգվածային ստուգումն սկսվել է այն բանից հետո, երբ Հոնկոնգի 80-ամյա բնակչի մոտ, որը հունվարին եղել է նավի վրա, հայտնաբերվել է կորոնավիրուս։ Նա զբոսանավ էր բարձրացել հունվարի 20-ին, իսկ հինգ օր անց ափ դուրս եկել Հոնկոնգում, որտեղ էլ ծերունու մոտ հայտնաբերվել էր կորոնավիրուս։ Այդ մասին տեղեկացվել են ճապոնական իշխանությունները, և երբ փետրվարի 3-ին զբոսանավը վերադարձել է Յոկոհոմա, նրան չի թույլատրվել մուտք գործել նավահանգիստ։

Միաժամանակ, Հոնկոնգի մոտ ևս մեկ զբոսանավ գտնվում է կարանտինի մեջ, քանի որ ափ դուրս եկած 8 ուղևորների մոտ հայտնաբերվել է կորոնավիրուս։ «World Dream» զբոսանավի վրա գտնվող 3600 անձանց մոտ կորոնավիրուս դեռևս չի հայտնաբերվել։ Բրիտանա-ամերիկյան «Ուեսթերդամ» ընկերությանը պատկանող զբոսանավին նույնպես չի թույլատրվել մտնել ճապոնական նավահանգիստ, չնայած զբոսանավի վրա չի գրանցվել կորոնավիրուսի դեպք։

Ճապոնիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 86-ի։ Սա Չինաստանի սահմաններից դուրս ամենաբարձր ցուցանիշն է։ Բոլոր վարակակիրներն ուղարկվում են մի քանի պրեֆեկտուրաներում գործող հատուկ մասնագիտացված հիվանդանոցներ։

Իզոլացված վիրուսակիր ուղևորների թվում հայտնվել է 58-ամյա մի բրիտանացի, որն իր 41-ամյա կնոջ հետ մեկնել էր ամուսնական ճանապարհորդության։ Կնոջ մոտ չեն հայտնաբերվել կորոնավիրուսի ախտանիշներ, սակայն վերջինս գտնվում է մյուս ուղևորների հետ միասին։

Կարանտինում գտնվող որոշ ուղևորներ դժգոհում են պայմաններից, քանի որ ստիպված են լինում գրեթե ողջ ժամանակն անցկացնել իրենց օթյակներում։ Ուղևորներից մեկը նշում է, որ այդ ամենը նման է լողացող բանտի։ Վտանգ կա, որ զբոսանավում կարող է բժշկական միջոցների պակաս լինի։ Ուղևորներից մեկը ծածանել է Ճապոնիայի դրոշը, որի վրա գրված է եղել «դեղորայքի պակաս կա»։ Ճապոնական հեռուստաընկերություններից մեկի լրագրողները, որոնք գտնվում են ափին, ի պատասխան ծածանել են պաստառ, որի վրա գրած է եղել «ի՞նչ դեղամիջոցներ»։

«Diamond Princess» զբոսանավի վրա գտնվում են 56 երկրների քաղաքացիներ։ Վիրուսակիրներ են հետևյալ երկրների քաղաքացիները․ Ճապոնիա՝ 28, ԱՄՆ՝ 11, Ավստրալիա՝ 7, Կանադա՝ 7, Չինաստան՝ 3, Մեծ Բրիտանիա, Արգենտինա, Նոր Զելանդիա, Ֆիլիպիններ և Թայվան՝ 1-ական քաղաքացի։ Կարանտինի մեջ գտնվող նավում գտնվում են նաև Ռուսաստանի 24 քաղաքացիներ։ Նրանց մոտ դեռևս չեն հայտնաբերվել վիրուսի ախտանիշներ։

«Princess Cruises» ընկերությունը, որը կազմակերպել էր ծովային ճանապարհորդությունը, հայտարարել է, որ կարանտինում գտնվողների դրությունը հեշտացնելու համար անում ամեն հնարավորը։ Նրանք ուղևորներին տրամադրում են արբանյակային հեռուստատեսություն, ֆիլմեր, սեղանի խաղեր, անգլերեն և ճապոներեն թերթեր, ապահովում սննդամթերք, ինչպես նաև անվճար համացանց և հեռախոսային կապ։ Ժամանակ առ ժամանակ, Ճապոնիայի առողջապահության նախարարության ներկայացուցիչների վերահսկողության ներքո, ուղևորներին թույլատրվում է փոքր խմբերով օթյակներից դուրս գալ ճաշասրահներ։

Բրիտանացի Դևիդ Աբելը, որը գտնվում է «Diamond Princess» նավի վրա, Ֆեյսբուքի իր էջում պարբերաբար պատմում է զբոսանավում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ։

  • «Մենք պարբերաբար պետք է չափենք մեր ջերմությունը և եթե այն բարձրանա, անմիջապես պետք է տեղյակ պահենք բժշկական անձնակազմին»,
  • «Փոքր օթյակներում չկան լուսատու սարքեր և, հետևաբար, այնտեղ չի թափանցում ցերեկային լույս և թարմ օդ։ Սակայն նավապետը հայտարարել է, որ այդ մարդկանց ժամանակ առ ժամանակ թույլատրվում է դուրս գալ տախտակամած և զբաղվել ֆիզիկական վարժություններով»,
  • «Եթե մեզ թողնում են դուրս գալ տախտակամած, պետք է կրենք դեմքը ծածկող դիմակներ և մյուսներից պահենք առնվազն մեկ մետր հեռավորություն»,
  • «Ստյուարդներն այլևս չեն գալիս օթյակներ՝ հարդարելու անկողինը կամ մաքրելու տարածքը։ Մենք պետք է ինքներս զբաղվենք հիգիենայով և օթյակների մաքրությամբ»,
  • «Հագուստ լվանալն անհնարին է և մենք հագնում ենք այն, ինչ հագել ենք նախորդ օրերին։ Ներքնաշորերը լվանում ենք լվացարանի մեջ, քանզի ունենք օճառ»,
  • «Կարանտինի առաջին օրը սնունդը քիչ էր։ Հիմա սննդի առումով խնդիր չկա, չնայած, որ ճաշացանկն ամբողջությամբ փոխվել է և այն այլևս բարձրակարգ չէ»։

Փետրվարի 8-ի դրությամբ կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 638-ի, վարակակիրների թիվը՝ 31500+, իսկ բուժվածներինը՝ 1780։

լուսանկարը՝ nypost.com

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter