HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Բավրայի մաքսատան հերթափոխի պետն ազատ չի արձակվել․ ԱԱԾ-ն նրան կալանավորելու նոր միջնորդություն է ներկայացրել դատարան

Բավրայի մաքսատան հերթափոխի պետ Դավիթ Հակոբջանյանը դեռ գտնվում է անազատության մեջ։ Այս մասին «Հետք»-ի հետ զրույցում ասաց նրա պաշտպան Գոռ Միքայելյանը։ Կաշառք ստանալու մեջ մեղադրվող Հակոբջանյանին կալանավորելու միջնորդությունը դատարանը մերժել է երեկ, ժամը 22:00-ի սահմաններում, ինչպես արդեն նշել ենք, նա դատարանի դահլիճից ազատ չէր արձակվել։ Պաշտպանը մեզ հետ զրույցում հայտնել էր, որ այցելում է Ձերբակալված անձանց պահման վայր՝ դատարանի որոշումը ներկայացնելու համար, որպեսզի Հակոբջանյանն ազատ արձակվի, սակայն նրան ազատ չեն արձակել՝ հայտնելով, որ ձերբակալման 72 ժամը չի լրացել։

Միքայելյանի խոսքով՝ թեև Դավիթ Հակոբջանյանը ձերբակալվել է փետրվարի 6-ին, առավոտյան ժամը 06:00-ի սահմաններում՝ ըստ փաստաթղթերի՝ ձերբակալման ժամ է նշված ժամը 13։30-ը։

Միքայելյանը նաև հայտնեց, որ ԱԱԾ-ն Հակոբջանյանին կալանավորելու նոր միջնորդություն է ներկայացրել դատարան, և գործը մակագրվել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայր դատավոր Մնացական Մարտիրոսյանին։ Այս դատարանը, սակայն, հերթապահ դատարան չի եղել ո՛չ երեկ, ո՛չ այսօր։

«Թե ինչպես եղավ, որ գործը գնաց Կենտրոնի դատարան, կարելի է գուշակել ու հասկանալ, թե դրա նպատակը որն է»,- ասաց Միքայելյանը՝ հավելելով, որ նման պայմաններում իր համար պարզ է դառնում նաև, թե ինչո՞ւ իր պաշտպանյալի կալանքի միջնորդությունը մերժելուց հետո անգամ նա ազատ չէր արձակվում։

Պաշտպանը նշեց նաև, որ իրեն զանգահարել են դատավոր Մնացական Մարտիրոսյանի կազմից ու հայտնել, որ այսօր, ժամը 10:30-ին կալանքի գործով նիստ է նշանակված, սակայն ինքը հայտնել է, որ կարող է ներկայանալ միայն ժամը  13:00-ի սահմաններում։

«Հիմա հասկանանք՝ դատարանը պաշտպանության իրավունքի խախտումով նիստ է անցնացնելու, թե՞ գոնե այս հարցում կպահեն օրինականությունը»,- ասաց Գոռ Միքայելյանը։

Հիշեցնենք, որ ԱԱԾ-ն փետրվարի 7-ին  հաղորդագրություն էր տարածել, որ «պետական եկամուտների կոմիտեի հյուսիսային մաքսատուն-վարչության իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնող «Բավրա» մաքսակետի հերթափոխի պետը և մաքսային երկու տեսուչ, 2020 թ. հունվարի 25-ին ընդունելով բեռնափոխադրումներ իրականացնող կազմակերպության համասեփականատիրոջ առաջարկը, համաձայնության են եկել առանձնապես խոշոր չափի՝ 1 միլիոն 436 հազար 610 ՀՀ դրամին համարժեք 3000 ԱՄՆ դոլար կաշառք ստանալու դիմաց, առանց պատշաճ մաքսային հսկողության և ձևակերպման մաքսային տարածքից բաց թողնել հիշյալ կազմակերպության կողմից Վրաստանից տեղափոխվող շուրջ 4.5 տոննա ընդհանուր քաշով բեռը, սակայն ՀՀ ԱԱԾ օպերատիվ ստորաբաժանումների աշխատակիցների հսկողության ներքո նրանք բռնվել և բերման են ենթարկվել վերջիններիս կողմից»։

Մինչև ԱԱԾ-ի հայտարարությունը դեպքին անդրադարձել էր նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը։  Վերջինս Փետրվարի 6-ի կայացավարության նիստի ընթացքում հայտարարել է, որ «մարդիկ ապրանքներ են ներկրել կամ աջակցել են ապրանք ներկրելուն առանց մաքսային որևէ ձևակերպման։ Այսինքն` մեքենաները եկել և ուղղակի անցել են մաքսային սահմանով»։ Փաշինյանը նշել է, որ զարմանում է նման մարդկանց տրամաբանության վրա, քանի որ տպավորություն է, որ այդ մարդիկ հեռուստացույց չեն դիտում և լուրերին չեն հետևում և հավելել է, որ կոռուպցիան արմատախիլ են անելու, և բոլոր նրանք, ովքեր կկասկածեն այդ հարցում, ճաշակելու են այդ կասկածների ամենադառը պտուղները։

Այս հայտարարությունը ձերբակալված անձանցից մեկի փաստաբանները դատապարտել են՝ նշելով, որ վարչապետի հայտարարությունը դատարանի վրա ճնշում գործադրելու ակնհայտ իրողություն է։

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter