
Տուժող Աննա Դանիբեկյանը չի ներկայացել դատարան. սկսվեց Նարեկ Մութաֆյանի և Սարգիս Օհանջանյանի գործի քննությունը
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում քիչ առաջ սկսվեց դատավոր Աննա Դանիբեկյանի գործով
Մութաֆյանի և Օհանջանյանի գործն ի սկզբանե մակագրվել էր դատավոր Տաթևիկ Գրիգորյանին, սակայն վերջինիս արձակուրդում գտնվելու պատճառով այն վերամակագրվել է:
Հիշեցնենք, որ ըստ մեղադրանքի՝ Նարեկ Մութաֆյանն և Սարգիս Օհանջանյանը, նախապես տեղեկանալով Ռոբերտ Քոչարյանի և մյուսների վերաբերյալ քրեական գործը քննող Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրի դատավոր Աննա Արտեմի Դանիբեկյանի կողմից ՀՀ արդարադատության ակադեմիայում գտնվելու և դասընթացների մասնակցելու մասին, դատավորի կարծիքի վրա ազդելու նպատակով, 2019թ. սեպտեմբերի 27-ին, ժամը 16:50-ի սահմաններում գնացել են Երևան քաղաքի Փիրումյանների փողոցի թիվ 9 հասցեում գործող ՀՀ արդարադատության ակադեմիա, սպասել նշված վայրի բակում, որպեսզի դասընթացների ավարտից հետո հանդիպեն Դանիբեկյանին, հանդիպումը տեսաձայնագրի և այն ուղիղ կապի միջոցով «փորձենք օգնել ֆեմիդային» վերտառությամբ հոդվածի տեսքով տարածեն համացանցում, սակայն Դանիբեկյանը, խույս տալով վերջիններիցս, դուրս է եկել ակադեմիայի հետևի մուտքից ու հեռացել:
Այնուհետև, ըստ մեղադրանքի, նույն օրը՝ ժամը 20:30-ի սահմաններում Արշակունյաց պողոտայի 28 հասցեում գտնվող Կոմիտասի անվան պանթեոնի հարակից այգում ամբաստանյալները հետապնդել են իր բնակության վայր գնացող Դանիբեկյանին և վերջինիս պատիվն ու արժանապատվությունը նվաստացնելով` հարցրել նրան, թե արդյոք «վնգստացող» դատավորների շարքի՞ն է պատկանում` կապված Ռ. Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցի որոշման հետ, որից հետո Նարեկ Մութաֆյանն առաջարկել է նրան ցույց տալ գլխի հատվածը պարզելու համար՝ փայտի հարվածների հետքեր կան նրա գլխին, թե` ոչ, որից հետո փորձել է տեսանկարահանել այդ հատվածը և այդ ամենն իր ու Օհանջանյանի կողմից տեսաձայնագրելու և ուղիղ կապի միջոցով համացանցում տարածելու ձևով ճնշում գործադրելով` միջամտել է Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ դատական գործով Դանիբեկյանի կողմից հետագայում կայացվելիք որոշումների արդարացի ընդունման վրա:
Այսօրվա դատական նիստին գործով տուժող Աննա Դանիբեկյանը չի ներկայացել: Դատարանի ուղարկած ծանուցագիրը ետ է վերադարձվել չպահանջված նշումով: Դատարանը որոշեց հաջորդ դատական նիստի օրվա և ժամի վերաբերյալ ծանուցագիրն ուղարկել դատավոր Դանիբեկյանի աշխատավայրի հասցեով:
Նիստը շարունակվում է:
Մեկնաբանել