
Կառավարությունում քննարկվել է ուսանողական ավանների ստեղծման հնարավորությունը
Կառավարությունում դեռևս չկա վերջնական որոշում որևէ պետական համալսարան Վանաձոր տեղափոխելու վերաբերյալ:
Այս մասին տեղեկանում ենք վարչապետի աշխատակազմին ուղղված մեր հարցման պատասխանից:
Դեռևս ամիսներ առաջ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը գրությամբ դիմել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ առաջարկելով դիտարկել Հայաստանի ազգային ագրարային համալսարանը կամ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը Վանաձոր տեղափոխելու հարցը: Մենք գրավոր հարցմամբ դիմել էինք վարչապետի աշխատակազմին՝ հետաքրքրվելով, թե այս ժամանակահատվածոմ այդ առաջարկի վերաբերյալ որևէ քննարկում եղե՞լ է, և որքանո՞վ է հավանական, որ այդ երկու բուհերից մեկը կամ այլ պետական բուհ տեղափոխվի Վանաձոր:
«Բարձրագույն կրթության ոլորտի բարեփոխումներն ուղղված են համակարգի բովանդակային, կառուցվածքային, կառավարման, ֆինանսավորման և սոցիալական քաղաքականության բարելավմանը: Նշված բարեփոխումների համատեքստում շարունակվում են քննարկումները և վերլուծությունները՝ ուղղված պետական բուհերի օպտիմալ տեղաբաշխմանը և կոնսոլիդացմանը, որի հիմքում դրված է բարձրագույն կրթության համակարգի արդյունավետությունը, ֆինանսական միջոցների արդյունավետ և թիրախավորված օգտագործումը, կրթության որակի բարելավումը, բաձրագույն կրթության համակարգի արդյունավետությունը: Միաժամանակ հայտնում ենք, որ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակում քննարկվել է ուսանողական ավանների ստեղծման նախադրյալների հնարավորության հարցը: Ինչ վերաբերում է Վանաձոր նշված երկու բուհերի տեղափոխման խնդրին, այն կդիտարկվի վերոնշյալ բարեփոխումների համատեքստում»,-ասված է հարցման պատասխանում:
Հիշեցնենք, որ տարեվերջին վարչապետի մոտ հրավիրվել էր աշխատանքային քննարկում՝ Վանաձորի զարգացման ծրագրի օրակարգով, որին ներկա էին Լոռու մարզպետն ու Վանաձորի քաղաքապետը: Ըստ վարչապետի պաշտոնական կայքի՝ պատասխանատուները զեկուցել են, որ նախատեսում են քաղաքում իրականացնել ենթակառուցվածքների բարելավման և զբոսաշրջության խթանման ծրագրեր:
Մեկնաբանել