HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Պաշտպանը միջնորդեց դատավոր Աննա Դանիբեկյանի գործով ամբաստանյալների նկատմամբ դադարեցնել քրեական հետապնդումը

Փաստաբան Արամ Վարդևանյանը համոզված է, որ արդարադատության իրականացանը խոչըդոտելու մեջ մեղադրվող Սարգիս Օհանջանյանի և Նարեկ Մութաֆյանի նկատմամբ քրեական հետապնդումը պետք է դադարեցվի հանցակազմի բացակայության հիմքով։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանում Մութաֆյանի և Օհանջանյանի գործով դատական նիստի ընթացքում Վարդևանյանն այսօր նման միջնորդություն ներկայացրեց դատարանին։

Վարդևանյանը նշեց, որ իր պաշտպանյալներին առաջադրված մեղադրանքի հիմքում ընկած է  այն հանգամանքը, որ վերջիններս գտնվել են Արդարադատության ակադեմիայի դիմաց, ինչից հետո Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրի շրջակայքում, մոտենալով դատավոր Աննա Դանիբեկյանին,  հարցրել են, թե արդյո՞ք նա դասվում է «վնգստացող դատավորների» շարքին՝ հստակ նշելով նման հարցադրման աղբյուրը:

Ըստ պաշտպանի՝ Նարեկ Մութաֆյանի կողմից կատարված հարցադրումը չի կարող դիտարկվել որպես արդարադատության իրականացմանը խոչնդոտել, քանի որ նման հարցադրումը իրենից պարզապես ենթադրում է քննադատություն և/կամ ակցիա։ Վարդևանյանը նշեց, որ «վնգստացող դատավոր» եզրույթն առաջին անգամ օգտագործել է վարչապես Նիկոլ Փաշինյանը։ Վերջինս, հիշեցնենք, խոսելով դատական համակարգի մասին, ասել է բառացիորեն հետևյալը․ «Հիմա վերև բարձրանանք, թե իջնենք, ջղայնանաք, թե ժպտանք, այս դատական համակարգը անհամատեղելի է նոր Հայաստանի հետ: Սա տիրոջ ստրուկ դատական համակարգ է: Փոխանակ մի տարվա ընթացքում այդ համակարգը և դատավորները զբաղվեն ինքնամաքրմամբ, ասեն՝ այս ինչ ազատագրում եք ստացել, հնարավորություն ունենք արժանապատիվ դատավոր և քաղաքացի լինել, գնացել անկյուններում հին տերերին են փնտրում, դռների տակ վնգստում են՝ եկեք մեզ տիրություն արեք…» :

Անդրադառնալով վարչապետի հայտարարությանը՝ ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանն ասել է.

«Ես չեմ վիրավորվել, քանի որ գտել եմ, որ դա ինձ և շատ դատավորների չի վերաբերվում։ Այդ արտահայտությունը թիրախ ուներ և մենք լավ գիտենք, թե դա ում էր հասցեագրված: Վարչապետն էլ Լոռիում հայտարարեց, որ դա կոնկրետ անձանց էր ուղղված, ովքեր հայտնի են հանրությանը»:

Վարդևանյանը հիշեցրեց, որ  «վնգստացող դատավոր» եզրույթը օգտագործել է նաև Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբեր Քոչարյանի պաշտպան փաստաբան Հայկ Ալումյանը, մասնավորապես՝ 20.09.2019թ-ին դատավոր Աննա Դանիբեկյանի վարույթում գտնվող քրեական գործով նիստի ընթացքում դատարանին է ուղղել հարց այն մասին, թե դատավոր Դանիբեկյանը վնգստացողների ցուցակի մեջ կա, թե՞ ոչ։

Պաշտպանը նկատեց, որ Հայկ Ալումյանի հայտարարության վերաբերյալ դատավոր Աննա Դանիբեկյանը որևէ սանկցիա չի կիրառել, ավելին, իսկ Փաստաբանների պալատը 21.11.2019-ին,  քննարկելով Ալումյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու հարցը, որոշել է մերժել կարգապահական վարույթի հարուցումը այն պատճառաբանությամբ, որ եթե վարչապետի հայտարարության մեջ ներկայացվող խոսքերը չեն համարվել վիրավորական դատական իշխանության կողմից, ապա փաստաբան Հայկ Ալումյանի կողմից այդ խոսքերի կրկնությունը, ընդ որում՝ աղբյուրի հղումով, առերևույթ չի կարող համարվել կարգապահական վարույթ հարուցելու հիմք:

Ըստ Արամ Վարդևանյանի՝ Նարեկ Մութաֆյանը ևս պարզապես վերարտադրել, իսկ Սարգիս Օհանջանյանն առանց որևէ բառ արտաբերելու, հեռավորության պահպանմամբ նկարահանել է հարցադրումն՝ ուղղված դատավոր Աննա Դանիբեկյանին, որը դատական իշխանության կողմից չի գնահատվել վիրավորական և պարզապես ուղղված է եղել դատարանի գործունեության քննադատությանը։ Նման իրավիճակում, ըստ Արամ Վարդևանյանի, անհնարին է խոսել արդարադատության իրականացմանը և քննությանը խոչընդոտելու հանցակազմի մասին։

Պաշտպանը նաև նշեց, որ գործով հիմնական ապացույցները տուժող Աննա Դանիբեկյանի  ենթադրություններն ու և վերջինիս կողմից ամբաստանյալների արարքի գնահատականն է, մինչդեռ Վճռաբեկ դատարանն, անդրադառնալով ապացույցներին և ապացուցման գործընթացին վերաբերող պահանջներին, դիրքորոշում է հայտնել, որ ապացույցները պետք է պարունակեն ոչ թե գնահատողական դատողություններ, կարծիքներ, այլ կոնկրետ փաստական տվյալներ որոշակի գործողությունների, իրադարձությունների վերաբերյալ։

Անդրադառնալով դատավոր Աննա Դանիբեկյանի կողմից տված ցուցմունքներին՝ Վարդևանյանը նկատեց, որ վերջինս ի սկզբանե գնահատելով կատարվածը՝ հանցագործության մասին բանավոր հաղորդման մեջ նշել է, որ իր նկատմամբ անհարգալից վերաբերմունք է ցուցաբերվել, և այս հանգամանքը հաստատվել է նաև գործով վկաներ,  Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ վարչական շրջանի դատական երկու կարգադրչներների ցուցմունքներով։ Դրանից հետո Սարգիս Օհանջանյանին ու Նարեկ Մութֆյանին դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորելու մեղադրանք է առաջւադրվել։ Հետագայում Դանիբեկյանը ցուցմունք է տվել և ենթադրություն արել մեղադրյալների կողմից արդարադատությանը խոչընդոտելու մասին, և նրանց արդարադատության իրականացմանը խոչընդոտելու մեղարդանք է առաջադրվել։

Վարդևանյանը որոշ հատված մեջբերեց դատավոր Աննա Դանիբեկյանի ցուցմունքից։;

«Խնդրեցի ներկայանալ, վերջինս ներկայացավ որպես բլոգեր Նարեկ Մութաֆյան: Ես հրաժարվեցի նրա հարցերին պատասխանել: Վերջինս հայտնեց, որ իրականացնում է հեռարձակում ուղիղ եթերով ու սկսեց հարցեր տալ՝ կապված իմ վարույթում գտնվող Ռոբերտ Քոչարյանի և մյուսների վերաբերյալ ԵԴ/0253/01/19 քրեական գործի հետ: Այդ ընթացքում հնչեցնում էր ինձ և դատական համակարգին վիրավորող արտահայտություններ, մասնավորապես դատավորների վնգստալու ու վերջիններիս գլխին փայտով հարվածելու վերաբերյալ, առաջարկում էր ցույց տալ իրեն իմ գլուխը և այն տեսանկարել, որ տեսներ, թե արդյոք գլխիս շրջանում փայտի հարվածի հետքեր կան, թե ոչ՝ կապված Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ իմ կողմից կայացված որոշման հետ»,- ասել է Աննա Դանիբեկյանը և հավելել, որ համացանցում տեղադրված է տեսագրության ոչ ամբողջական տարբերակը, դրանում որում բացակայում է վերը նշված հատվածը:

Վարդևանյանը, սակայն, հայտնեց, որ  տեսագրության ամբողջական տարբերակը առկա է Facebook.com սոցիալական կայքի «Ֆեմիդայի հրեշտակներ/Femida's angels» էջում, որի ուսումնասիրության արդյունքում պարզ է դառնում, որ սույն գործով մեղադրյալներ Սարգիս Օհանջանյանի կողմից նկարահանված տեսանյութում Նարեկ Մութաֆյանի կողմից առհասարակ չի հիշատակվել դատավոր Աննա Դանիբեկյանի վարույթում գտնվող Ռոբերտ Քոչարյանի և մյուսների մասին քրեական գործին առնչվող որևէ հանգամանք։

Նման իրավիճակում, ըստ Վարդևանյանի, բարձրանում է առաջադրված մեղադրանքի հիմքում դրված դատավոր Աննա Դանիբեկյանի կողմից տրված ցուցմունքի արժանահավատության և իրավաչափության հարցը։

Պաշտպանը նաև նշեց, որ գործի քննության ողջ ընթացքում վարույթ իրականացնող մարմիններն հիմնականում առաջնորդվել են զգացմունքային որոշումներ կայացնելով, ինչը պայմանավորված է եղել այն հանգամանքով, որ ամբաստանյալները մեղադրվում են հենց արդարադատության դեմ ուղղված հանցագործություն կատարելու մեջ, որի շրջանակներում տուժող է հանդիսանում դատական իշխանության ներկայացուցիչը։ Պաշտպանը նշեց, որ այս հարցին անդրադարձել է նաև Վերաքննիչ քրեական դատարանը՝ մեղադրյալներից մեկի խափանման միջոցի հարցի քննության ընթացքում։

«Վերաքննիչ դատարանը հարկ է համարում նաև ընդգծել, որ թեև իրավական համակարգում դատարանները հատկապես պետք է պաշտպանված լինեն որևէ ոչ իրավաչափ միջամտությունից կամ ազդեցությունից, այնուամենայնիվ նշվածը հիմք չի կարող հանդիսանալ արդարադատության դեմ ուղղված հանցագործության մեջ մեղադրվող անձանց նկատմամբ ավելի խիստ կամ տարբերակված մոտեցում ցուցաբերելու համար, և նշված դեպքում նույնպես դատարանները պետք է զերծ մնան զգացմունքային որոշումներ կայացնելուց և պարտավոր են ապահովել յուրաքանչյուրի արդար դատաքննության իրավունքը, ինչի բաղկացուցիչ մասն է կազմում նաև օրենքի առջև բոլորի հավասարության սկզբունքը»,- ասված է վերաքննիչ դատարանի դատավոր Վազգեն Ռշտունու դատական ակտում։

Այս հանգամանքները վկայակոչելով՝ Արամ Վարդևանյանը միջնորդեց Սարգիս Օհանջանյանի և Նարեկ Մութաֆյանի նկատմամբ դադարեցնել քրեական հետապնդումը։

Դատախազ Ասպուրակ Ավետիսյանը դիրքորոշում հայտնեց, որ միջնորդության քննությունը պետք է հետաձգել, քանի որ Վարդևանյանը միջնորդության մեջ հղում է կատարում դեռևս չհետազոտված ապացույցների։ Դատարանը որոշեց հետաձգել միջնորդության քննությունը։ Այսօրվա դատական նիստն ավարտվեց, իսկ հաջորդը նշանակվեց մարտի 26-ին։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter