HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Փորձագետ. «Այսօրվա Թուրքիան բավական անպատիժ պետություն է»

Հարցազրույց տարածաշրջանային փորձագետ, արեւելագետ Կարեն Վերանյանի հետ

-Պարոն Վերանյան, երեկ սոցիալական ցանցում նշել էիք, որ Լիբիան դառնում է Մերձավոր Արեւելքում եւ միջերկրածովյան ավազանում միջնորդավորված պատերազմի հերթական օջախը: Ինչո՞վ եք պայմանավորում սրված այս իրավիճակը, աշխարհաքաղաքական ի՞նչ հետաքրքրություններ են թաքնված:

-Վերջին տասնամյակում Մերձավոր Արեւելքում եւ միջերկրածովյան ավազանում տեղի են ունենում շահերի վերափոխման գործընթացներ, որոնց արդյունքում փաստացի կազմալուծվում են նախկին դաշինքները, ձեւավորվում նորերը: Փոխվել են նաեւ ԱՄՆ-ի մերձավորարեւելյան ռազմավարության շեշտադրումները: Միջերկրածովյան ավազանի իսրայելական ու Կիպրոսի ափամերձ շրջաններում բնական գազի խոշոր պաշարների հայտնաբերումից հետո մեծ նշանակություն է տրվում Իսրայել-Հունաստան-Կիպրոս էներգետիկ առանցքին: Արդյունքում փաստացի կազմալուծվում է Իսրայել-Թուրքիա դաշինքը: Նախատեսվում է կառուցել «Eastmed» գազատարը, որով գազ է մատակարարվելու Եվրոպա: Անկարան ձգտում է խոչընդոտել գազատարի կառուցման նախագծին՝ ակնկալելով Կիպրոսի թուրքական հանրապետության մասնակցությունը: Միաժամանակ Անկարան Տրիպոլիի հետ Միջերկրական ծովում ծովային սահմանների հստակեցման մասին պայմանագիր ստորագրեց, որով երկու երկրների բացառիկ տնտեսական գոտիները հատվեցին՝ դրանով իսկ խոչընդոտելով «Eastmed» գազատարի կառուցման երթուղին:

Բացի դրանից՝ լիբիական ճակատում միջնորդավորված պայքար է ընթանում, որտեղ, ի թիվս այլ երկրների, բախվում են Ռուսաստանի ու Թուրքիայի շահերը: Ավելին՝ այսօր լուրջ մրցակցություն է ընթանում Լիբիայի նավթի պաշարների ու դրանց մատակարարման ուղիների վերահսկման համար: Կարեւոր է հասկանալ, որ Լիբիայում եւ Հյուսիսային Աֆրիկայում Էրդողանը ձգտում է առաջ մղել իր նեոօսմանյան նկրտումները:

-Ասել էիք, որ Սիրիայի օրինակով լիբիական ճակատում խրվելու են Անկարան ու Մոսկվան, բայց ավելի խոցելի են Էրդողանի դիրքերը, ով լիբիական կառավարության տապալման դեպքում ստիպված է լինելու հաշտվել այդ երկրում թուրքական ազդեցության դուրսմղման հետ: Արդյոք ականատես ենք լինում ռուս-թուրքական ծպտված առճակատման:

-Էրդողանը աջակցում է Լիբիայի կառավարական ուժերին, Կրեմլը՝ հակառավարական շարժմանը՝ Խալիֆա Հաֆթարի գլխավորությամբ: Խնդիրն այն է, Հաֆթարը այսօր վերահսկում է Լիբիայի տարածքի ու նավթային հանքավայրերի զգալի հատվածը: Վերջերս Անկարան ռազմական համագործակցության պայմանագիր ստորագրեց Լիբիայի Ազգային համաձայնության կառավարության հետ, որով զորքեր ուղարկեց Լիբիա՝ ուղղակիորեն միջամտելով Լիբիայի ներքին գործերին: Արդյունքում խորանում է երկրի քաղաքացիական ճգնաժամը: Չնայած այսօր Ռուսաստանի ու Թուրքիայի շահերը համընկնում են տարածաշրջանային էներգետիկ ոլորտում, այդուհանդերձ, կողմերը մրցակցում են տարածաշրջանային ռազմաքաղաքական, անվտանգային տարբեր հարցերում, այդ թվում՝ սիրիական միջնորդավորված պատերազմում:

Երկկողմ առճակատման հերթական օջախը այս անգամ տեղափոխվեց Լիբիա: Կարծում եմ, որ երկկողմ հակասությունները անթաքույց են: Առավել խոցելի են Անկարայի դիրքերը: Լիբիայի ներքաղաքական իրավիճակը անկանխատեսելի է, եւ կառավարության տապալման դեպքում խաղասեղանին է դրվում Լիբիայից Թուրքիայի ազդեցության դուրսմղման հարցն առհասարակ: Առավել նպաստավոր է Վաշինգտոնի կեցվածքը, որն առավել ճկուն եւ անուղղակի, սակայն ակտիվ ներգրավվածություն ունի հակամարտությունում: Այլ է իրավիճակը Կրեմլի ու Անկարայի դեպքում, որոնք կարող են խրվել հակամարտությունում, ինչպես դա տեղի է ունենում Սիրիայում:

-Չնայած Սիրիայի հյուսիսում Ռուսաստանն ու Թուրքիան համագործակցում են, այս երկրում եւս նրանց շահերը տարբերվում են: Ըստ Ձեզ՝ ինչի՞ է ձգտում պաշտոնական Անկարան՝ տարածաշրջանային լիդեր դառնալո՞ւն:

-Սիրիական ճգնաժամում նույնպես Ռուսաստանի եւ Թուրքիայի շահերը խոշոր հաշվով հակադրվում են միմյանց: Կողմերը համագործակցում են Սիրիայում ու տարածաշրջանում ԱՄՆ-ի ազդեցության թուլացման հարցում: Այսօրվա Թուրքիան բավական անպատիժ պետություն է: Քանիցս խախտելով հարեւան երկրների տարածքային ամբողջականությունը՝ միջազգային հանրության կողմից այդպես էլ չի արժանանում որեւէ լուրջ իրավական պատասխանատվության: Սա թույլ է տալիս Էրդողանին լինել առավել ազատ նեոօսմանյան իր հավակնություններում:

Իրան. հայացք Պեկինից» հոդվածում անդրադարձել եք Չինաստանի տնտեսական հետաքրքրություններին մեր հարեւան երկրում: Նշել եք, որ Իրանը ռազմավարական նշանակություն ունի «Նոր մետաքսի ճանապարհ» չինական նախաձեռնությունում եւ Պեկին-Վաշինգտոն քաղաքական, տնտեսական մրցակցությունում: Իրանի եւ Չինաստանի հարաբերությունների սերտացումը ի՞նչ հնարավոր ազդեցություն է ունենալու տարածաշրջանում:

-Իրանի նկատմամբ ամերիկյան պատժամիջոցները զգալի բացասական ազդեցություն են թողնում այդ երկրի տնտեսության վրա: Սա իր հերթին կարող է մեծացնել երկրի ներսում հանրային դժգոհության ալիքը, թուլացնել իշխանությունների դիրքերը: Իրանի ղեկավարությունը ձգտում է դիվերսիֆիկացնել տնտեսական ուղիները, զարգացնել ասիական վեկտորը: Այդ համատեքստում զգալիորեն համընկնում են Պեկինի ու Թեհրանի շահերը: Չինաստանն այսօր տնտեսական պատերազմի մեջ է գտվում Վաշինգտոնի հետ, իսկ հակաամերիկյան ճամբարի զարգացման գործում Պեկինի համար Իրանը անփոխարինելի գործընկեր է:

Կարծում եմ, որ տարածաշրջանի կայունության պահպանման համար անչափ կարեւոր է կայունությունը հարեւան Իրանում: Ամերիկյան պատժամիջոցների հնարավոր հետեւանքները հավասարակշռելու տեսանկյունից Պեկին-Թեհրան տնտեսական գործակցությունը արդյունավետ պետք է համարել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter