
Էդմոն Մարուքյան. «Մեր մոտեցումը հետևյալն է` հակասահմանադրական պրոցեսում չպետք է լինի հակառակ ճամբար»
«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը պնդում է` Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեում իրենց քաղաքական ուժը ճամբարում չի լինելու:
Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Մարուքյանը:
«Մենք որևէ ճամբարում մեզ չենք տեսնում, մեր ունեցած գործիքակազմը ծայրից ծայր օգտագործելու ենք և պատրաստ ենք ՍԴ դիմել, եթե լինեն ստորագրություններ: Մյուս ուժերին էլ կոչ ենք անում չմտնել ատելության պատերազմի մեջ»,- ասաց Մարուքյանը:
Մարուքյանը նաև հայտարարեց` իր հասցեին հնչած կոնկրետ սպառնալիքների հարցով դիմել է գլխավոր դատախազին:
«Հայտնի նիստից հետո ես, նաև մեր այլ կուսակցականներ ստանում ենք նամակներ, խոսքը կոնկրետ սպառնալիքի մասին է: Դրա մասին ես հրապարակային գրառում եմ արել, սակայն որևէ իրավապահ մարմին չի կապվել հասկանալու համար, թե ինչ սպառնալիքի մասին է խոսքը: Պատկերացնում եք՝ քաղաքական գործիչը հայտարարում է սպառնալիքի մասին, ստանում զրո արձագանք իրավապահ մարմիններից»,- ասաց նա:
Մարուքյանը հավելեց` դիմել է գլխավոր դատախազին, ապա այդ սպառնալիքից մի հատված հնչեցրեց.
«Զգուշացնում եմ, այ գյադա, շուտով գնդակները որոտալու են, նայի` չդիպչի»,- ասաց Մարուքյանը` հավելելով, որ մնացածը հայհոյանք է: Մարուքյանի խոսքով` իր հասցեին նման սպառնալիք հնչեցրած օգտատերը ռեալ մարդ է, որի մասին ողջ տվյալները վերջինս տրամադրել է դատախազությանը:
Անդրադառնալով ՍԴ-ի շուրջ իրավիճակին՝ Մարուքյանն ասաց` միշտ են այն կարծիքին եղել, որ այս Սահմանադրությունը պետք է փոխվի, սակայն ճիշտ չէ մեկ հոդվածի փոփոխության համար հանրաքվե անցկացնել, մարդկանց տանել ընտրատեղամասեր և ծախսել շուրջ 3,5 միլիարդ դրամ:
«Իշխանությունը համակերպվել է և վայելում է Սերժ Սարգսյանի ժառանգած համակարգը, բայց համաձայն չէ, որ Հրայր Թովմասյանը մնա ՍԴ-ում»,- ասաց նա:
Ըստ Մարուքյանի` վերջին օրերին փորձ է արվում իրենց քաղաքական ուժը ներկայացնել որպես Հրայր Թովմասյանի պաշտպան, սակայն իրենք միայն բարձրաձայնում են այն մասին, որ այս պրոցեսն ամբողջությամբ հակասահմանադրական է: Մարուքյանի խոսքով` բարոյական տեսանկյունից Թովմասյանը հեղափոխությունից հետո պետք է հրաժարական ներկայացներ, քանի որ իր ողջ թիմը հեռացել էր, սակայն քաղաքական մեծամասնությունը չի կարող որպես իրավական հիմնավորում ներկայացնել «Թովմասյանի աֆերիստությունը»:
«Իշխանությունը սպասում է ճամբարներ լինեն, որի վրա «հրետանիով» գնան, էդ ճամբարներին ոչնչացնեն: Մեր մոտեցումը հետևյալն է` հակասահմանադրական պրոցեսում չպետք է լինի հակառակ ճամբար, պիտի լինի միայն «այո»-ի ճամբար, «ոչ» չպետք է լինի: Իշխանությանը օդի պես պետք է, որ «ոչ»-ի ճամբար լինի ու ասեն` դուք դրանով Սերժ Սարգսյանին եք պաշտպանում: Թող «այո»-ի ճամբար լինի, ժողովուրդը կորոշի` գնա մասնակցի, թե ոչ»,- եզրափակեց նա:
Հիշեցնենք, որ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի օրն արդեն նշանակված է ապրիլի հինգին:
Մեկնաբանել